Միավորման արդյունքում ինչ է շահում եւ ինչ է կորցնում Մանկավարժականը

Միավորման արդյունքում ինչ է շահում եւ ինչ է կորցնում Մանկավարժականը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը երեկ գիտխորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել` ընդլայնված կազմով քննարկելու կառավարության կողմից շրջանառվող նախագիծը, որով նախատեսվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը միավորել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ 

Քննարկմանը ներկա էին թե՛ բուհի դասախոսները, ուսանողները, թե՛ ԿԳՄՍ փոխնախարարներ Կարեն Թռչունյանն ու Ժաննա Անդրեասյանը, ով, ի դեպ, Մանկավարժական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ Բրյուսովի անվան համալսարանում էլ` հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչն ակնհայտորեն շահերի բախում է ենթադրում: 

Ըստ փոխնախարար Ժ. Անդրեասյանի՝ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։ Իսկ կրթության զարգացման պետական ծրագրի նախագծում, որն առաջիկա ամսում 2-րդ եւ ամբողջական ընթերցում կանցնի ԱԺ-ում, մի կարեւոր դրույթ կա, ըստ որի՝ նախատեսվում է նաեւ ֆինանսավորման ձեւաչափի փոփոխություն, ընդհուպ մինչեւ պետության կողմից ամբողջական ֆինանսավորում: 

Հաջորդիվ, գիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները փոխնախարարներին ուղղեցին բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։ 

Համաշխարհային պատմության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը հետաքրքրվեց` միավորման դեպքում ի՞նչ է սպասվելու նույնատիպ ամբիոններին, դիցուք՝ բոլոր 3 բուհում էլ կա պատմության ամբիոն, ի՞նչ սկզբունքով են դրանք միավորվելու:

«Այս պահի դրությամբ, երբ ստեղծվի նոր բուհը, կլինի այնպես, ինչպես կա, իսկ մոտակա ժամանակներում, կառուցվածքի փոփոխությունների դեպքում, կսահմանվեն, թե ինչ ամբիոններ են պետք, ինչ ուղղվածության եւ, համապատասխանաբար, ինչ քանակի ուսանողների համար: Ցանկացած դեպքում, ամեն ինչ դեռեւս կմնա իր տեղում, այդ թվում` շենքերը, ուսանողները կգնան դասերի իրենց տեղում եւ կավարտեն այն շենքերում, որտեղ իրենք սովորում են»,- հարցին այսպես արձագանքեց Կ. Թռչունյանը` հավելելով, որ հետագա քննարկումների արդյունքում կորոշվի նաեւ, թե որտեղ պետք է լինեն ոչ մանկավարժական ուղղվածության կրթական ծրագրերը` մանկավարժական հենքի վրա ստեղծված նոր բուհից դուրս մնալու պարագայում:

Պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ նկատեց՝ կարեւոր էր, որ բուհերի միավորման պատճառաբանությունը լիներ ավելի հիմնավոր, եւ պետք է հստակ ընդգծվեր պետության մոտեցումը մանկավարժական կրթության եւ նորաստեղծ բուհի նկատմամբ, մասնավորապես այն, որ բոլոր տեսակի մանկավարժական ծառայություններ, գործառույթներ իրականացնող ուղղությունները` այլ համալսարաններից, պետք է կենտրոնացվեին այդ մեծ կոնգլոմերատ համալսարանի մեջ:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը փոխնախարարներից հետաքրքրվեց․ եթե քննարկումների արդյունքը լինի ոչ ամբողջական եւ ոչ նպատակային, հնարավո՞ր է, որ համալսարանները պահպանվեն այնպես, ինչպես որ կան: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է,- նկատեց Թռչունյանը,- բայց գործնականորեն պետք է ունենանք ընդհանուր լուծումներ: Կա պետական նախագիծ, եւ բուհերն էլ պետական են, ու պետք է փորձենք քննարկումների արդյունքում գալ ընդհանուր տեսակետի»: Լպուտյանը շարունակեց` կրթական համակարգում ամեն քայլ կատարելուց առաջ պետք է լուրջ վերլուծություն լինի՝ չսխալվելու համար, քանի որ ամեն նոր սխալ առաջ է բերելու բարդություններ: Այդ որոշումը կայացնելուց առաջ եղե՞լ է լուրջ վերլուծություն, որը ցանկալի կլիներ, որ հասանելի լիներ նաեւ հասարակությանը։ Այս առնչությամբ Թռչունյանը նկատեց, որ կան որոշակի վերլուծություներ, եւ ոչ միայն այս 3 բուհերի, այլեւ ընդհանուր բուհական համակարգի հետ կապված վերլուծություն են արել:

Մանկավարժության ամբիոնի վարիչ, կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Աիդա Թոփուզյանին պարզ չէր, թե այս միավորման արդյունքում մանկավարժականն ինչ է շահում եւ ինչ է կորցնում. «Այն, ինչ պետք է լինի, ի՞նչ է իրենից ներկայացնում, որովհետեւ սա շատ դժվար պրոցես է ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ բովանդակային, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ ժամանակի առումով, հատկապես որ հարցը դրված է այնպես, որ այս միավորումը պետք է բարձրացնի բարձրագույն կրթության որակը: Այսինքն՝ դուք հաշվի առեք, որ մենք 2-3 տարի որակի մասին չենք էլ խոսելու, հազիվ մենք այս բոլոր հարցերը կարողանանք կարգի բերել»:

Ինչ վերաբերում է միավորված համալսարանի անվանը, որն է՝ Կրթական գիտությունների ինստիտուտ եւ կրելու է Խ․ Աբովյանի անունը, ապա. «Ի՞նչ է նշանակում Կրթական գիտությունների ինստիտուտ` անարյուն, անմարմին ինչ-որ բան, արվել է բառացի թարգմանություն անգլերենից, որը եթե հայերեն թարգմանենք, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի՝ Դասվանդվող կամ ուսուցանվող գիտությունների համալսարան։ Համենայնդեպս, բառացի չի կարելի թարգմանել, որովհետեւ չի հասկացվում, թե ինչ է կրթական գիտությունը»: 

Թոփուզյանն ընդգծեց, որ բարեփոխումը հանուն բարեփոխության չի ընդունում. «Ի՞նչ ասել է, թե այդ 2 համալսարանները միանում են Մանկավարժական համալսարանին: Ի՞նչ գործ ունեն որոշ մասնագիտություններ, որ պետք է միանան Մանկավարժական համալսարանին, եւ 2 տարի հետո մեկը գնա պետական համալսարան, մեկը` Ժողտնտեսության ինստիտուտ։ Ինչո՞ւ ենք նման բաներ անում, այսպիսի միացման դեպքում ես դեմ եմ, որովհետեւ մեխանիկորեն միացումը մեզ շատ է խանգարելու, ուրիշ բան, որ միանան այն մասնագիտությունները, որոնք մանկավարժ են պատրաստում, եւ նպատակները նույնն են: Այնպես չլինի, որ հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ հանենք»:   

Նիստից հետո ռեկտոր Սրբուհի Գեւորգյանից կարծիք խնդրեցինք շրջանառվող նախագծի շուրջ, ունի՞ առարկություններ: Ռեկտորը նշեց, որ 2 օր առաջ են ստացել փաթեթը, եւ հիմնական մտահոգությունները հնչեցին գիտխորհրդի նիստում. «Դա վերաբերում էր մասնագիտական կրթական ծրագրերի ոչ սինխրոնիզացված լինելուն, առանձին դեպքերում ոչ մանկավարժական ուղղվածության մասնագիտություններին` նույն սերվիսը, տուրիզմը, հանրային կառավարում մասնագիտությունները մեր հարթակում տեսնելուն, նաեւ ուսանողական համակազմի որոշակի խնդիրներին, դա անվանման հետ կապված մոտեցումներն էին, որոնք շատ սկզբունքային նշանակություն ունեն մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար...»:
Արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ միավորված բուհերի ռեկտոր ինքն է լինելու եւ հենց ինքն է իշխանությունների թեկնածուն։ «Թողնում եմ առանց մեկնաբանության, որովհետեւ ոչ մի նման երկխոսություն կամ քննարկում չի եղել, ավելին` այդ բուհերի ռեկտորների հետ միասին միակ հանդիպում-քննարկումը եղել է օգոստոսին, որին ես ներկա եմ եղել, եւ ասեմ, որ շատ ավելի ուշ եմ ստացել այդ փաթեթը, քան Բրյուսովը, եւ թե ինչ իրադարձություններ են զարգացել Բրյուսովի համալսարանում, մեկնաբանել չեմ կարող։ Դրա համար անհրաժեշտ էր, որ ունենայինք հստակ փաթեթ, որի շուրջ կարող էինք կարծիք արտահայտել, առավել եւս՝ մասնագիտական քննարկում զարգացնել»:

Իրեն պա՞րզ է` ի վերջո, ի՞նչ ժամկետներում է իրականացվելու այս միավորումը։ «Գուցե այդ 2 ամիսը զուտ քննարկումների համար էր առաջարկված, որովհետեւ այսօրվա քննարկումը Մանկավարժական համալսարանում բերեց այն տրամաբանական զարգացմանը, որ սա ուղղակի քննարկումների փուլ էր, որի ընթացքում պետք է հստակեցվեին հենց այդ կազմակերպչական, բովանդակային, ընթացակարգային, մասնագիտական հարցադրումները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է հստակ պատկերացում՝ գործընթացը զարգացնելու առումով»: 

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, օրերս բուհում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով փոխնախարարի այն գնահատականին, թե Մանկավարժական համալսարանն իր գործունեությամբ մի քանի անգամ առաջատար է Բրյուսովի անվան համալսարանից, ասել էր․ «Եթե այդքան լավ համալսարան է, ինչո՞ւ է այդքան մեռած, ինչո՞ւ է 15 մասնագիտությունների գծով զրո ընդունելություն ունենում...»։

«Կարծում եմ` անհրաժեշտություն չկա հուզական դաշտ մտնելու, ես կարող եմ խոսել միայն Մանկավարժական համալսարանի ու մեր ցուցիչների մասին»,- ասաց մանկավարժականի ռեկտորն ու ուղղեց` ոչ թե 15, այլ 5 մասնագիտությունների գծով ունեն զրո ընդունելություն, իսկ ընդունելության բոլոր ձեւերով Մանկավարժական համալսարանն այս տարի ունեցել է 1167 ուսանող, որտեղ ներառված են առկա բակալավրիատը, առկա եւ հեռակա մագիստրատուրան, շարունակական կրթությունը եւ սփյուռքը: Իսկ դիմորդների դիմելիության առումով իրենք 2-րդ տեղում են` Տնտեսագիտական համալսարանից հետո: