Իշխանությունն ու ընդդիմությունը տեղերով փոխվել են, դա է մարդու իրավունքների հարցում հետընթացի պատճառներից մեկը

Իշխանությունն ու ընդդիմությունը տեղերով փոխվել են, դա է մարդու իրավունքների հարցում հետընթացի պատճառներից մեկը

Այսօր աշխարհը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանում ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Դրանից երկու տարի անց՝ 1950 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 10-ը հռչակեց Մարդու իրավունքների օր: Թեմայի մասին «Հրապարակ»-ը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ:

- 2018 թվականին իշխանության եկավ մի ուժ, որը թվում էր, թե պետք է ամենաշատը կարևորեր մարդու իրավունքները, սակայն այսօր խոցելի շերտերը` կրոնական կազմակերպություններ, սեռական փոքրամասնություններ, անապահովներ, երեխաներ ավելի շատ են թիրախավորվել, իսկ պատճառը` օրվա իշխանության կեղծ լիբերալ հայացքներն են: Բայց այս ամենին զուգահեռ նաև մեր երկրում այլ խավերի իրավունքներ էլ են սկսվել ոտնահարվել, իսկ իրավապաշտպաններից շատերը ֆիքսվում են կոնկրետ խավերի վրա, անտեսելով այլ խոցելի շերտերին, որոնց իրավունքները պարբերաբար ոտնահարվում են: Առհասարակ առաջնահերթություններ կա՞ն իրավապաշտպանների համար` մարդու իրավունքների պաշտպանության առումով:

- Մարդու իրավունքների համապարփակ մոտեցման տեսանկյունից` մարդիկ ունեն հավասար իրավունքներ` անկախ սեռից, ռասայից, խավից, ազգությունից, սեռական և գենդերային ինքնությունից: Բայց երբ խոսում ենք իրավապաշտպանի աշխատանքի մասին, ապա պետք է նշենք, որ կան նեղ մասնագիտացումներ, և շատ նորմալ է, որ մարդիկ վերցնում են մեկ-երկու խոցելի խմբեր և այնտեղ ավելի խորն են մասնագիտանում: Այնպես, ինչպես բժշկական ծառայություններն ունեն նեղ մասնագիտացումներ, այդպես էլ իրավապաշտպանությունը: Իրավաբանության մեջ էլ կան նեղ մասնագիտացումներ. մեկը քրեական իրավունքներով է զբաղվում, մյուսը քաղաքացիական և այլն: Կան իրավապաշտպաններ, որոնք, օրինակ, զբաղվում են զինվորների իրավունքներով, ուստի այդ ոլորտին պետք է ավելի լավ տիրապետեն, քան, օրինակ, կանանց իրավունքներին, ես ոչ մեկին չեմ ստիպում մտնել իմ դաշտ, բայց երբ պետության ներսում մասսայաբար խախտվում են մարդկանց իրավունքները` սեփականության իրավունքից սկսած, բանակի խնդիրներով վերջացրած, պետք է արձանագրել այդ բոլոր խնդիրները: ԼԳԲՏ անձանց իրավունքներն են հաճախ խախտվում, մասսայաբար կարող են ծեծի ենթարկել նման մարդկանց, իսկ հասարակությունը դա արդարացնի: Գլոբալ, ցցուն դեպքերի պարագայում, երբ խախտվում են մարդու իրավունքները, առաջանում է իրավապաշտպանի արժեհամակարգային խնդիր և անկախ այն բանից, թե որ խմբերի իրավունքներն ես պաշտպանում, չես կարող աչք փակել ցցուն օրինակների պարագայում: Արցախցիների բռնի տեղահանության հարցը շատ կարևոր է, սա խնդիր է, որի մասին պետք է բոլորը խոսեն: Նրանց իրավունքներին պետք է անդրադառնալ նաև Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Սրանք արժեհամակարգային խնդիրներ են, որոնք պետք է հստակ ձևակերպումներ ունենան` անկախ նեղ մասնագիտացումներից:

Պետությունն ունի լծակներ` սահմանափակելու մարդու իրավունքները, ինչո՞ւ, որովհետև պետությունն ունի ուժ կիրառելու արտոնություն` ոստիկանության միջոցով, հարկերի հավաքագրման արտոնություն ունի, անկախ այն բանից, թե մարդն ի վիճակի՞ է դիմակայել դրան, թե՞ ոչ: Մենք, որպես իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք, պետք է համակարգերից պաշտպանենք մարդուն: Ուժեղ է այն պետությունը, որտեղ կա առաջադիմական ընդդիմություն: Երբ երկրի ընդդիմությունը իշխանությունից հետադիմական է` մարդու իրավունքների հարցերում, ունի առավել պահպանողական մոտեցումներ, մոտեցումներ, որոնք տարբերակված են, ունենալու ենք նաև իշխանության կարծրացում: Ինչո՞ւ, որովհետև իշխանությունը մշտապես ցանկանում է այնպիսի վարք դրսևորել, որպեսզի քննադատության մինիմալ ենթակվի: Եթե իշխանությանը առաջադիմական հարցերում քննադատում է քաղաքական ուժերի բանակ, այդ իշխանությունն ակամայից դառնում է հետադիմական, որպեսզի իրեն չքննադատեն, կամ քննադատեն քիչ:

Այդ քննադատություններն ազդում են քվեների վրա և սա մտահոգում է իշխանություններին: Հայաստանին անհրաժեշտ է առաջադեմ հայացքներով ընդդիմություն, ընդդիմություն, որը մարդու իրավունքների և ժողովրդավարության առանցքի վրա է ձևավորված, ընդդիմություն, որը երբևէ չի գեներացնի ատելության խոսք և բռնություն, այլ հակառակը` իշխանությանը կստիպի գործել մարդասիրության դաշտում: Ինչու 2018-ին հեղափոխություն եղավ, որովհետև Հայաստանում ընդդիմությունն իր հայացքներով իշխանությունից շատ ավելի առաջադեմ է եղել; Հիմա տեղերով փոխվել են և դա մեր երկրում մարդու իրավունքների հարցում հետընթացների հիմնական պատճառներից մեկն է:

- Իշխանական կայքերը նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի անձնական նամակներն են հրապարակում, ծաղրում են վերջինիս, տարածում, որ նա միասեռական է: Ընդդիմությունը նման քայլերի գոնե դեռևս չի դիմել: Այս առումով կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանության առաջադիմությունը կեղծ է, քանի որ ակնհայտ երկակի ստանդարտներով են առաջնորդվում:

- Մարդու անձնական կյանքը, պետք է լինի ամենապաշտպանվածը, եթե չկա բռնության վերաբերյալ հաղորդում: Անձեռնմխելիությունը համար մեկ էթիկական խնդիրն է, որը պետք է լինի ամենապաշտպանվածը: Ընդդիմության բառապաշարն ու իշխանության գործողություններն այժմ նույնականացվել են: Հանրությունը դեռևս մարդու իրավունքների նկատմամբ ունի ոչ առաջադեմ պատկերացումներ, իսկ դա իշխանությունը դարձնում է գործիք իր ձեռքին: Մեկին պետք է շարքից հանել` այս իշխանությունը կարող է գնալ այնպիսի քայլերի, որոնք խիստ անընդունելի են մարդու իրավունքների առումով:

- Տարիների կտրվածքով` չե՞ն փոխվել այն խնդիրները, որոնք կապված են մարդու իրավունքների խախտումների հետ: Եթե առաջ միայն սեռական փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների իրավունքներն էին խախտվում, ապա այսօր թիրախում են արցախցիները, նրանց շատ հաճախ թիրախավորվում են իրենց ինքնության համար:

- Համընդհանուր գնահատականներ տալը բարդ է, կան խմբեր, որոնք որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն մի բան է թղթի վրա ինչ-որ օրենքներ տեսնելը, մեկ այլ բան է այն պրակտիկայում տեսնելը: Մարդու իրավունքների խախտումներն ու թիրախավորումները մնում են որպես լրջագույն խնդիր մեզ համար: Հասարակության սեգմենտավորումը այսօր ամենամեծ խնդիրն է, ինչը մարդկանց իրար դեմ է հանում: Սա իշխանական դիսկուրս է, բաժանիր, որ տիրես…