Կրեմլը կկարողանա՞ արդյոք փրկել «դեմքը» 

Կրեմլը կկարողանա՞ արդյոք փրկել «դեմքը» 

Արդեն հայտնի է, որ նոյեմբերի 22-ին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Նախագահ Պուտինը Երեւանում մասնակցելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Հայաստան են ժամանելու նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը վերջին անգամ Հայաստանում եղել է 2019 թվականին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցել է նաեւ Իրանի այն ժամանակվա նախագահ Հասան Ռոհանին։ «Հրապարակն» արդեն գրել է, որ Հայաստանի հակառուսական շրջանակները, մասնավորապես՝ ԱԺԲ-ն, նախատեսում են Պուտինի այցի ընթացքում բողոքի ակցիաներ իրականացնել։ Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ սպասվող ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովի ժամանակ է հստակեցվելու, թե ինչ օգնություն է կառույցը տրամադրելու Հայաստանին։

Փաստորեն, կարելի է ֆիքսել, որ, ամենայն հավանականությամբ, հայանպաստ որոշակի քայլեր կարվեն՝ նախ որպեսզի Պուտինի այցն ինչ-որ կերպ արժեւորվի, երկրորդ՝ որպեսզի, ամեն դեպքում, ՀԱՊԿ հեղինակությունը փրկվի, եւ երրորդ՝ որպեսզի Հայաստանում բավականին ակտիվացած հակառուսական տրամադրությունները մեղմվեն։ Եթե, օրինակ, Պուտինի երեւանյան այցից ու ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո էլ ոչ մի բան չփոխվի այն «ցավոտ հարցերի» հետ կապված, որը բարձրացրել է Երեւանը ՀԱՊԿ-ում, ապա կարելի կլինի հստակորեն ասել, որ Հայաստանում հակառուսական կամ հակապուտինյան տրամադրությունները լիովին արդարացված են, իսկ Պուտինի հեղինակությունն էլ, կարելի է ասել, կլինի «փչացված», ինչը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման (այս համատեքստում` նաեւ ղարաբաղյան հարցի) հետագա ընթացքի վրա։ Պուտինի այցը Երեւան, արդեն զուտ ռուսական ընկալմամբ դիտած, նաեւ այլ ենթատեքստ ունի, որն էլի որոշակի պարտավորվածություն է ստեղծում Կրեմլի համար։

Ըստ էության, Պուտինը գալու է «վելիկոռուսական ընկալումներով»՝ իր «հարավկովկասյան վոտչինա», որտեղ Արեւմուտքը վերջին շրջանում փորձում էր ակտիվանալ։ Այսինքն՝ ըստ էության, ցուցադրվում է, որ «ցարը դեռեւս հզոր է» եւ «հարց լուծող»՝ պատմականորեն իրեն պատկանող «վոտչինաներում», այդ թվում՝ նաեւ մեր տարածաշրջանում։ Ուստի հնարավոր է, որ Մոսկվա-Բաքու՝ որոշակի ստվերային պայմանավորվածության արդյունքում փորձ արվի Երեւանի սիրտը շահել, որպեսզի իրավիճակը մնա կառավարելիության շրջանակում։ Թե ինչպես է դա արվելու, դժվար է ասել, սակայն Երեւանում հատկապես իշխանությունները փորձում են այս այցը ներկայացնել որպես վկայություն այն բանի, որ հայաստանյան նորօրյա էլիտաները եւ ռուսական էլիտաներն իրար հետ առնվազն համախոհության մեջ են, ու երկկողմ հարաբերությունների հետ կապված՝ խնդիրներ չկան։