Ինչ սպասել Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան երկրորդ հանդիպումից

Ինչ սպասել Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան երկրորդ հանդիպումից

Առաջիկա կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհանդիպեն Բրյուսելում։ Սա այլ բան չէ, քան հերթական փորձը՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, ինչպես ռուսական մեդիայում են ասում՝ «մեռյալ կետից» պոկելու եւ որոշակի տեղաշարժ ապահովելու համար։ Արդեն մեկ անգամ՝ ապրիլի 6-ին, Փաշինյան-Ալիեւ ֆորմատով հանդիպում Բրյուսելում եղել է, եւ կողմերը ԵԽ նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ» պայմանավորվել են՝ սկսել երկու երկրների սահմանային հարցերի հանձնաժողովի աշխատանքները։ Սակայն մինչեւ հիմա հանձնաժողովն  աշխատանքները չի սկսել։

Երեւանում կարծում են, որ Բաքուն փոխզիջումների գնալ չի ուզում։ Լավատեսությամբ առանձնապես տոգորված չեն նաեւ Ադրբեջանում։ Բաքվում կարծում են, որ ցանկացած առաջընթաց առոչինչ է դառնալու, հենց որ հայկական կողմից Ղարաբաղի հետ կապված հնչեն հայտարարություններ, որոնք Բաքվի համար «անընդունելի» են։ Այն, որ մայիսի 22-ին Փաշինյանն ու Ալիեւը Բրյուսելում, կրկին Շառլ Միշելի «քավորությամբ», հանդիպելու են, հայտնի դարձավ երեկ։

Կարելի է ասել, որ սպասվող այդ հանդիպման առանցքային հարցերից մեկը օրակարգում կլինի սահմանային դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի ու նաեւ այդ շրջանների անվտանգության ապահովման հարցը։ Զարմանալին այն է, որ թե՛ Երեւանը եւ թե՛ Բաքուն արդեն հայտարարել են, որ սահմանային հարցերով հանձնաժողովը ձեւավորված է իրենց մոտ, սակայն համատեղ անդրանիկ նիստը չի կայացել։ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով, համատեղ նիստ չի կայացել տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության բացակայության պատճառով։ Ի դեպ, նշենք, որ եթե ամեն բան բարեհաջող լիներ, ապա հանդիպումը պետք է կայանար Մոսկվայում՝ մայիսի 16-17-ին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ այդ հանդիպումը չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք պետք է համաձայնեցվեն կողմերի միջեւ։ Արարատ Միրզոյանը շատ ավելի լավատես է եղել այդ առնչությամբ արված իր հայտարարության մեջ՝ նշելով, որ հանդիպումն առաջիկա օրերին անպայման կկայանա։

Բաքվում հանդիպումը չկայանալու մեջ մեղադրում են Հայաստանին եւ այն էլ՝ ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հենց Հայաստանն է առաջարկել սահմանային հանձնաժողովի հանդիպումն անցկացնել, սակայն ապրիլի 29-ին ինքն էլ չեղարկել է հանդիպումը։ Ալիեւը նշել է, որ իրենք դրանից հիասթափվել են մեծապես։ Սակայն մայիսի 7-11-ին հույս են ունեցել, որ հնարավորություն կարող է լինել սահմանին հանդիպում անցկացնելու, ըստ նախապես արված առաջարկի, բայց դրանից էլ Հայաստանն է հրաժարվել, ինչն ավելի է խորացրել հիասթափությունը։

Ադրբեջանն այժմ, ըստ այդ երկրի նախագահի, սպասում է, որ Երեւանը նոր առաջարկ ներկայացնի՝ սահմանային հանձնաժողովի համատեղ աշխատանքների մեկնարկի հետ կապված։ Երեւանում, բնականաբար, հերքում են Ալիեւին եւ ԱԳ նախարարի խոսնակի մակարդակով հայտարարում, որ Հայաստանը չի չեղարկել հանդիպումները, եւ հավաստիացրել են, որ Հայաստանը հավատարիմ է Սոչիում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ու նաեւ, որ հայկական կողմը պատրաստ է սկսել սահմանային հանձնաժողովի աշխատանքները։
Գործընթացի այս հպանցիկ վերլուծությունն արդեն իսկ բավարար է, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե պրոցեսը որքան ծանր ու դժվարին է։

Ի վերջո, եթե անկեղծ լինենք, Բաքուն, որպես 44-օրյա պատերազմում հաջողության հասած կողմ, փորձելու է այդ հանձնաժողովը եւս օգտագործել իր հաջողությունը ռազմադաշտում՝ քաղաքական-դիվանագիտական առումով, կապիտալիզացնելու, հարկ եղած դեպքում Հայաստանին անհարմար դրության մեջ դնելու համար։ Թերեւս դրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանը նորից սկսել է արծարծել «անկլավների հարցը»։ Երեւանն այս ամենը հասկանում է, իհարկե, եւ փորձում է բանակցել, որպեսզի հասնի մի այնպիսի կոնսենսուսի, որը քիչ թե շատ ընդունելի կլինի իր համար։ Հատկապես, որ այդ կոնսենսուսը կարեւոր է հայաստանյան իշխանությունների համար՝ հաշվի առնելով ներքաղաքական ներկայիս լարվածությունը եւ ընդդիմության փողոցային պայքարի առկայությունը։ Մի բան, որը նաեւ Բաքուն է տեսնում, որքան էլ որ դրան կարեւորություն չտա։ Ու հիմա Բրյուսելում թերեւս կփորձեն մի այնպիսի իրավիճակի գալ, երբ ե՛ւ Փաշինյանը թեկուզ ներքին լսարանում «դեմքը պահելու» հնարավորություն ունենա, ե՛ւ Ալիեւը «ձեռնունայն չմնա», որովհետեւ նեգատիվ զարգացումներն իրենց երկրների ներսում ցանկալի չեն ոչ մեկին։