Ի՞նչ են ասում հեղինակավոր գիտնականները Covid-19-ի պատվաստանյութի մասին

Ի՞նչ են ասում հեղինակավոր գիտնականները Covid-19-ի պատվաստանյութի մասին

Ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի իմունոլոգիայի եւ մոլեկուլյար կենսաբժշկության կենտրոնի տնօրեն Միխայիլ Պալցեւը Парламентская Газета պարբերականին ասել է, որ նորմալ պատվաստանյութի ստեղծման համար կարող է 1,5-2 տարի պահանջվել: Նա նշել է գիտնականների առաջ ծառացած հիմնական պատճառը, որը COVID-19-ի՝ ագրեսիվ մուտացիաներ ստեղծելու առանձնահատուկ մեխանիզմով է պայմանավորված: Մուտացիայի ենթարկվում է վիրուսի սպիտակուցային ընդունիչը (ռեցեպտորը), ոչ թե ՌՆԿ-ն (ռիբոնուկլեինաթթուն): «Ես շեշտը չէի դնի պատվաստումների վրա: Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդեց, որ աշխարհում 35 թեկնածուական վակցինաներ են մշակում: Եթե վակցինաները պատրաստում են սպիտակուցային ռեցեպտորների գծով, ապա հենց որ դրանք փոփոխվեն, նյութը կդադարի ազդել: Ահա ինչու ես հաշվարկ կանեի բնակչության կոլեկտիվ իմունիտետի վրա: Երկրորդ ալիքը լինելու է, քանի որ ցանկացած համաճարակ, առավել եւս՝ պանդեմիան, տեւում է 1-3 տարի»,- ասել է պրոֆեսոր Պալցեւը:  

Նրա իտալացի կոլեգան՝ Միլանի համալսարանի պրոռեկտոր Մասսիմո Կլեմենտին, այն կարծիքին է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի կլինիկական պատկերը փոխվում է, որ այն թուլանում է, ինչպես թուլացավ, ասենք, «Խոզի գրիպ» ասվածը. «Շատ հնարավոր է, որ այս գործընթացը կբերի վիրուսի պաթոգեն ներուժի ու նրա վիրուլենտության նվազման, գնալով վիրուսը նվազ ագրեսիվ է դառնում ու թուլանում է»: Կլեմենտին մի արտահայտություն էր արել, որը ցիտում է համաշխարհային մամուլը. «Վիրուսի նպատակը տիրոջը սպանելը չէ, նա հարմարվում է տիրոջ օրգանիզմին»: Միլանցի պրոֆեսորի հայտարարությունները գիտական սկանդալ են հրահրել: Հայտնվեցին գիտնականներ նույն Իտալիայում, որոնք հայտարարեցին, որ նոր կորոնավիրուսն արդեն վերացել է, ու նաեւ այնպիսիք, որոնք հերքեցին պրոֆեսորին, ասելով, թե վիրուսը ոչ թե թուլացել է, այլ շփումների նվազման ֆոնին այն ավելի քիչ է տարածվում:

Այնուամենայնիվ, հայտնի վիրուսոլոգը համոզված է, որ կորոնավիրուսի վակցինայի բանաձեւի արագ որոնումները չպետք է կատարվեն ի վնաս հետազոտությունների ճշգրտության եւ անվտանգության: «Վակցինայի մշակման ընթացքում չկան քայլեր, որոնք կարելի է բաց թողնել, քանի որ նրա հաջողությունը կապված է ողջ շղթայի ճիշտ եւ աստիճանական կատարման հետ»,- բացատրել է Կլեմենտին: 

Բելգիացի բժիշկ, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր Գվիդո Վանհամը, որը զբաղվել է սպիդի եւ տուբերկուլյոզի խնդիրներով, դեռեւս մարտին, երբ Չինաստանում վարակը գագաթնակետին էր հասել, կանխատեսում էր, որ վակցինան արագ ստեղծել հնարավոր չի լինելու: «ՎԻՉ-ից վակցինա չկա, բայց մենք աշխատում ենք դրա ստեղծման վրա արդեն 30 տարի»: Մարտին նա կանխատեսում էր, որ մոտ կես տարի կտեւի վակցինայի ստեղծումը, որովհետեւ նոր վիրուսը, այնուամենայնիվ, այնքան բարդ չէ, ինչպես սպիդը, եւ 95 տոկոսով նման է SARS-ին: «Լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ SARS-ի հակամարմինները նեյտրալիզանում են նաեւ COVID-19։ Բայց պետք է հաշվի առնել ռիսկերը: Կենդանական աշխարհում կան նման կորոնավիրուսներ, որոնց դեպքում արդեն ապացուցված է, որ վակցինացիան վտանգավոր է: Պատվաստանյութ ստանալով, կենդանին վարակվում էր ու մահանում բարդություններից»: