Կա՛մ դատավոր ես, կա՛մ Նիկոլի կադրավիկ

Հայաստանում ազնիվ, իրենց կոչմանը հավատարիմ դատավորներ եղել են, կան եւ կլինեն: Սա նորմալ է: Մյուս կողմից էլ նորմալ է, որ նրանց կողքին կան այնպիսիք, որոնց համար ո՛չ կոչումը, ո՛չ պարտքը, ո՛չ բարոյականությունը, ո՛չ էլ նույնիսկ օրենքը գրոշի արժեք չունեն: Սրանք էլ են հին օրերից գալիս, եւ դա նորմալ է, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի արդարադատություն կար ԽՍՀՄ-ում: Նորանկախ Հայաստանի առաջին տասնամյակներին շատ բան չկարողացանք փոխել այս կարգի «դատավորների» վարքագծում, բայց, առնվազն, ստեղծեցինք մեր օրենսդրությունը եւ առաջին քայլերն արինք մեր արդարադատության համակարգն ունենալու ուղղությամբ:
Պրոցեսը շատ նման էր Կարմիր բանակից Հայոց բանակի տարանջատման պրոցեսին: Առաջ էր գնում դանդաղ, երբեմն՝ կանգնելով, երբեմն՝ հետ նայելով, երբեմն էլ՝ ժողովրդավարական առաջավոր երկրների փորձն ընդօրինակելով: Այդ ընթացքում մենք տեսանք, կարելի է ասել, ամեն ինչ՝ թե՛ վերեւների հրահանգով դատավճիռներ, թե՛ աղմկոտ դատավարություններ, թե՛ օրինախախտումներ, թե՛ բողոքարկումներ մինչեւ Եվրադատարան: Հայաստանի ոչ մի իշխանություն, սակայն, չփորձեց գոնե մեկ անգամ հասարակական պարսավանքի ենթարկել որեւէ դատավորի: Ինչո՞ւ… Որովհետեւ դատավոր ասելով՝ նկատի էր առնվում մի ամբողջ համակարգ, ընդ որում՝ քաղաքական իշխանությունից անկախ, իշխանության երկու թեւերը հավասարակշռող, լավ, թե վատ երրորդ իշխանություն: Խայտառակել դատավորին՝ նշանակում էր, անկախ ամեն ինչից, խայտառակել Հայոց պետականության ատրիբուտիկայի ներքո եւ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռներ կայացնող մարդուն: Մինչդեռ դատավորի անսխալականության հանդեպ հանրության ակնածանքն առաջին հերթին ակնածանք էր հենց պետության եւ իշխանությունների հանդեպ:
Ի՞նչ ունեցանք 2018 թվականից հետո: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նոր-նոր իշխանություն ոտք դրած մեկը հայտարարեց. «Ընչի Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի…»: Այս հայտարարությունը նորմալ երկրներում շոկ կառաջացներ, բայց մենք, ավաղ, այլեւս նորմալ երկիր չէինք: Մեր աչքի առաջ այդ հայտարարությամբ ծնվում էր մի եզակի պետություն, որ հետո իր «զարգացման» օրինաչափ փուլերը պետք է ունենար՝ «Հայաստանի Էյֆորիկ Հանրապետությունից» մինչեւ «Իրական Հայաստանի Հանրապետություն»:
Վարչապետ մի ասա, մի ասլան ասա, բայց չգիտեր ինչից սկսել: Նախ՝ ադեկվատ չէր ու չէր պատկերացնում, թե ուր է ընկել, եւ ապա՝ չէր կարողանում կողմնորոշվել բարեկամների եւ թշնամիների միջեւ: Ու ո՛չ դես, ո՛չ դեն՝ սկսեց դատարաններից ու դատավորներից, թե բա՝ վեթինգ եմ անելու: Այդ բառը ես առաջին անգամ իրենից էի լսում ու կարգին չէի էլ հասկանում, թե ինչ է պատրաստվում անել դատավորներին: Ավելի ուշ, իհարկե, պարզվեց, որ նրան այդ խորհուրդը 2018թ. էյֆորիկ ընտրությունների արդյունքով ԱԺ-ում հայտնված տխրահռչակ Արման Բաբաջանյանն էր տվել, ասելով՝ Նիկոլ, թե մի օր փորձանք գա գլխիդ, դատավորներից կգա: Նիկոլն էլ հավատաց սրան, ու պրոցեսը գնաց՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի կազմի աղավաղում, ԲԴԽ-ն ծաղրի առարկա դարձնել, այլասերված իրավապաշտպաններից սրտի դատավորներ կերտել, եւ այսպես շարունակ: Եվ այս ամենը, իհարկե, մի չքնաղ վերնագրի ներքո. «Դատական համակարգի բարեփոխումներ»:
Որեւէ մասնագիտություն չունեցող մարդը «բարեփոխում» էր մի ոլորտ, մի ամբողջ համակարգ, որից դույզն-ինչ պատկերացում չուներ: Նույն բանն է կատարվում այսօր «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում: Կարող եք համեմատել՝ «կրթություն» հասկացությունից դարերով հեռու Նիկոլն ու Աննան սերունդ են կրթում՝ չունենալով դրա ո՛չ իրավունքը, ո՛չ էլ համապատասխան ատեստացիա անցած լինելու մասին վկայագիր: Ու շատ բնական է, որ այս ամենին կողքից հետեւող մարդը մտածի․ «բարեփոխում» ասելով՝ սրանք հասկանում են, մի կողմից, դատական համակարգի, իսկ մյուս կողմից՝ հանրության եւ սերունդների գիտակցության հարմարեցում իրենց շահերին: Այլ խոսքով՝ իրականացնում են «այս երկրում չի լինելու ո՛չ իրենց դատող դատավոր, ո՛չ էլ իրենցից հաշիվ պահանջող հանրություն» կոնցեպտը:
Իսկ հիմա՝ գլխավոր հարցը․ ինչպիսի՞ն կարող է լինել դատավորը, որն այդ պաշտոնին է հայտնվել Նիկոլի իշխանությունը պահելու եւ նրան հետագա անախորժություններից զերծ պահելու համար: Եթե նայենք «բարեփոխումների» տեսանկյունից, դա պետք է լինի Նիկոլի նշանակած մի ազնվագույն մարդ: Բայց, մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ պետք է այդ դատավորը չոր ռոճիկի հույսին նստի մինչեւ Նիկոլին «դատել-չդատելը»: Կգա ժամանակը՝ Նիկոլի լավության տակից դուրս կգա՝ կարդարացնի նրան կամ մեղմ պատիժ կտա: Եվ, ուրեմն, ինչո՞ւ ժամանակ կորցնել, ինչո՞ւ կաշառք չվերցնել ուրիշներից, ինչո՞ւ չբարգավաճել Նիկոլի հետ պայմանագիր ունեցող մյուս պաշտոնյաների պես: Ընդդիմադի՞ր ես՝ կալանք, փախած փողատե՞ր ես՝ փող տուր… Կարելի է շատ չհաբրգել եւ հանգիստ վայելել Նիկոլի սրտի դատավորի փափուկ աթոռը, բայց մի քանի օր առաջ պարզվեց, որ առանձին դատավորների համար սա էլ է անլուծելի խնդիր:
Կարծիքներ