Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել

Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ  հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա, հղիության հենց սկզբից այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն՝ տնօրեն Անդրանիկ Պողոսյանի մոտ: Բժիշկը վստահեցրել էր, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հղիությունը պահպանվի և հասնի բարեհաջող ավարտին: Նախ  կատարվել են անհրաժեշտ բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, գնահատվել են բոլոր ռիսկերը, նեղ մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է հղիության հետագա վարման մարտավարությունը:

Երիկամային խնդիրները կանխարգելելու նպատակով հղին մշտական կապի մեջ է եղել փոխպատվաստումն իրականացրած բուժհաստատության՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկների և «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեֆրոլոգ Կարինե Իսրայելյանի հետ: Համատեղ աշխատանքի, մասնագիտական մեծ ներուժի շնորհիվ հնարավոր է եղել հղիությունը հասցնել մինչև 30 շաբաթական, որից հետո որոշվել է կատարել կեսարյան հատում: Որքան ռիսկային էր հղիության ընթացքը, նույնքան ռիսկային էր նաև վիրահատությունը: Այն իրականացրել են ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Խաչատրյանը, անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարինե Պետրոսյանը: Ծնվել է 1կգ 650 գրամ քաշով, 40 սմ հասակով աղջիկ:  Հաշվի առնելով, որ փոքրիկը ծնվել է ժամանակից շուտ, փոքր քաշով՝ տեղափոխվել է նորածնային բաժանմունք, որտեղ  հսկողությունն իրականացրել է բաժանմունքի նեոնատոլոգ Արուսյակ Այվազյանը:  Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր  Պավել Մազմանյանի գլխավորությամբ իրականացվել են նորածնի կյանքի և առողջության պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջամտությունները: 

Այս դեպքը եզակի է իր տեսակով, քանի որ հաճախ երիկամային խնդիրների, հատկապես  փոխպատվաստման դեպքում հղիությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ընդհուպ՝ կյանքի սպառնալիք դառնալ:

Սակայն  բժիշկների ճիշտ կողմնորոշման, գրագետ թիմային աշխատանքի, բժշկական կենտրոնի լուրջ հնարավորությունների շնորհիվ հղիությունը ցանկալի ավարտին է հասցվել: Մայրիկը և բալիկը ողջ և առողջ տուն են գնացել: