Վրաստանում նախագահ են ընտրում՝ նոր ընտրակարգով․ ինչ տրամադրություններ կան 

Վրաստանում նախագահ են ընտրում՝ նոր ընտրակարգով․ ինչ տրամադրություններ կան 

Վրաստանում ընտրական մարաթոնը մոտենում է ավարտին։ Դեկտեմբերի 14-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ։ ԽՍՀՄ փլուզումից եւ անկախացումից հետո իններորդ անգամ Վրաստանը կընտրի նախագահ։ Սակայն այս ընտրությունները յուրահատուկ են ոչ միայն նրանով, որ երկրում քաղաքական հակասությունների սրացման փուլում են իրականացվում, այլ նաեւ այն, որ եթե մինչ այս նախագահին ընտրում էր ժողովուրդը, ապա հիմա արդեն պետք է նախագահ ընտրի հատուկ ընտրիչների կոլեգիան։ 

Ինչպես նկատում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծականում, Սալոմե Զուրաբիշվիլին պատմության մեջ կմնա նաեւ որպես վերջին նախագահ, ով ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ։ Ֆրանսիայի քաղաքացի Զուրաբիշվիլին սակայն կարծես թե առանձնապես չի շտապում վայր դնել իր լիազորությունները։ Նախագահ դառնալով «Վրացական երազանքի» աջակցությամբ, «Ազգային միասնական շարժման» հետ կոշտ մրցակցության պայմաններում, Սալոմե Զուրաբիշվիլին, որ, ըստ ամենայնի, սիրում է իշխանությունը, թեկուզ եւ ներկայացուցչական ֆունկցիաներով, հետագայում հեռացել է «Վրացական երազանքի» ուղեծրից եւ հարել ընդդիմությանը՝ բողոքի ցույցերի կոչ անելով վրացիներին։ Նա վրացական քաղաքական երկնակամարում, ինչպես նաեւ որոշ արեւմտյան երկրների կողմից դիտարկվում է որպես իշխող կուսակցության քաղաքականության հետ լուրջ անհամաձայնություններ ունեցողների խորհրդանիշ։ 

Ընդդիմությունը դեկտեմբերի 14-ի նախագահական ընտրությունները համարում են անօրինական, քանի որ պառլամենտական ընտրություններն էլ են համարում ոչ լեգիտիմ, ինչպես մեկնաբանում է հենց Զուրաբիշվիլին։ Իշխանությունները, սակայն, այլ կերպ են մտածում։ Նրանք նախագահի ընտրություններով համարում են, որ ընտրական ցիկլը փակվում է, ենթադրելով, որ դրանից հետո երկրում ներքաղաքական ճգնաժամը կավարտվի։ Կառավարությունը հույս ունի, որ նոր նախագահի ընտրությամբ քաղաքային բողոքի ցույցերը կսկսեն մարել։ Բացի այդ, առաջիկայում Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոնական օրերն են, մարդիկ էլ հոգնել են միտինգներից ու բողոքի ակցիաներից։ Վրացական հատուկ ծառայությունները պաշտոնապես հայտարարում են, որ ընդդիմադիրներն օգտվելու են նախագահական ընտրությունների հանգամանքից, որպեսզի փորձեն իշխանություն զավթել։ Սակայն նշում են նաեւ, որ ընդդիմադիրները հիմնականում չեզոքացված են։ 

Հնարավոր է, որ նոր նախագահ դառնալու պատրաստվող Միխայիլ Կավելաշվիլին, ով կայուն եւ հավասարակշռված մարդու համարում ունի, ստիպված լինի առերեսվել ընդդիմադիրների նախագահի հետ եւ այդ առումով նախագահական ինստիտուտում երկփեղկում լինի քաղաքական իմաստով։ Շատ բան, ըստ Մարկեդոնովի, կախված կլինի վրացական իրավապահների գործողություններից ու մասսայական բողոքի գործողություններ կազմակերպողներից։