Սրանք վաղուց հերքված փաստեր են

Սրանք վաղուց հերքված փաստեր են

Մենք այսօր հրապարակել էինք քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

«ՄԵԾԵՐԻ՞ ՄԱՍԻՆ
• Թումանյանը լավ մարդ էր, անգերազանցելի պոետ ու քաղաքական երեխա, որ կարծում էր, թե հայ-և-թուրք թշնամանքը զուտ «մի կաթիլ մեղր» է։
• Չարենցը մոնումենտալ պոետ էր, վատ մարդ և քաղաքական կիսաթուրք, լևոնավանոյական հող հանձնող, ում համար ազգային հողահավաքն անիրական ու ծաղրելի նյութ էր, իսկ Բաշ Ապարանի հերոս Դրոն (կարդա՛ գեներալ Մանվելը)՝ բանդիտաց բանդիտ։
• Ընդհանրապես եթե մենք ուզում ենք իրակա՛ն ազգային ոգեփոխություն, ապա անցյալի ամեն ինչ վերաիմաստավորելու անխուսափելի հեղափոխական հրամայականը պետք է գիշեր ու զօր հանգիստ չտա մեզ, որպեսզի կարողանանք թացը չորից զատել ու նոր ընթացք տալ քաղաքական հայության հավերժական ճանապարհին։
• Չկան հավերժական ու անառարկելի մեծություններ, անառարկելի միակ մեծությունը հավերժականՀայաստան'ն է և հանուն վերջինիս՝ իրենց կյանքն ի սպաս դնող խոնարհ հերոսները։
Հ․Գ․ Գրիգոր Զոհրապի մասին խոսելն ավելորդ է․ քաղաքական թուրք, որ, Թալեաթի հետ նարդի գլորելով, ինքն իրեն ու իր ժողովրդին տարավ ողջակիզման»։

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը վրդովված է Էլբակյանի այս գրառումից եւ կարծում է, որ սրանք արդեն վաղուց հերքված փաստեր են․

«Սրանք Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի և Գրիգոր Զոհրապի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներ են, որոնք վաղուց հերքվել են մեր գրականագիտության և պատմագիտության կողմից։ Յուրաքանչյուր երևույթ, առավել ևս եթե այն վերաբերում է հայոց մեծերին, պետք է դիտել և փորձել հասկանալ ժամանակի պատմական միջավայրում: Նման մոտեցում պետք է ցուցաբերի առավել ևս իրեն քաղաքագետ համարող մեկը»։