Վարակման դեպքեր կան, բայց վերահսկում են

Վարակման դեպքեր կան, բայց վերահսկում են

Արդեն մեկ ամիս է, ինչ հանրակրթական դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության կազմած ուղեցույցի համաձայն։ Վերջին օրերին, կորոնավիրուսի աճող թվերի ֆոնին, հանրակրթական դպրոցների հանդեպ ուշադրությունն էլ ավելի մեծացավ։ Իրականացված հարցախույզի միջոցով կարողացանք պարզել, որ իրավիճակը դպրոցներում, մեծ հաշվով, վերահսկելի է, թեպետ կան դպրոցներ, որ ունեն 3-5 մեկուսացած դասարան եւ 6-7 հիվանդ ուսուցիչ։ Քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցներից շատերի տնօրենները չցանկացան ոչ մի տվյալ փոխանցել՝ առանց վերադասի թույլտվության՝ նշելով, որ իրենք պարբերաբար տվյալները փոխանցում են քաղաքապետարան։ Իսկ քաղաքապետարանից էլ մեր հարցմանն ի պատասխան, թե մինչ այս պահը քանի դպրոցում է գրանցվել կորոնավիրուսով վարակման դեպք, դրանք հիմնականում աշակերտների՞ շրջանում են, թե՞ ուսուցչական կազմի, գրավոր հարցում ուզեցին, որի պատասխանը ստանալուն պես կներկայացնենք նաեւ ձեզ։

Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարակման դեպքեր չունեն, կոլեկտիվն անցել է թեստավորում, ավելին՝ կարծում է, որ հիմա ամենաապահով տեղը դպրոցներն են, որտեղ նորմալ հետեւում են բոլոր հակահամաճարակային կանոններին։ Ինչ վերաբերում է աշակերտներին, ունեն միայն 2 կոնտակտավոր, որոնց ընտանիքի անդամներն են վարակակիր։ «Հիմա նրանք մեկուսացված են, թեպետ իրենց թեստի պատասխանը բացասական է եկել»,- ասում է Մկրտչյանն ու հավելում, որ, ըստ նախնական հրահանգի, աշնանային արձակուրդները կլինեն նոյեմբերի 1-15-ը։   

«Անանիա Շիրակացի» ճեմարանի փոխտնօրեն Գագիկ Թոռչյանի կարծիքով էլ, թեպետ վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի հետ կապված կտրուկ աճ է նկատվում, բայց դա չպետք է կապել հանրակրթական դպրոցների աշխատանքի հետ, որը դպրոցների պարագայում այնքան էլ զգալի չէ, «որովհետեւ, եթե այդ թվերը՝ կապված դպրոցների աշխատանքի հետ, մեծանային, ապա դրանք պետք է բազմապատկվեին ու շատ անգամ։ Ու քանի որ վարակակիրների մեծ մասը երեխաներ չեն, բնականաբար, դպրոցների աշխատանքն այնքան մեծ ազդեցություն չի գործում այս դեպքում»։ Ճեմարանի փոխտնօրենը հավելում է, որ իրենց մոտ եւս ուշի-ուշով հետեւում են կանոններին եւ շուրջօրյա հսկողություն իրականացնում, նույնիսկ ղեկավար անձնակազմի հետ՝ առանձին խմբում, ամեն երեկո առցանց քննարկում են, թե որ դասարանում ինչ կոնտակտավոր կա, ինչ դեպքեր են եղել, եւ ըստ այդմ՝ հաջորդ օրվա համար որոշումներ կայացնում։

«Եթե դասարանում հանկարծ թեստի դրական պատասխանով երեխա է լինում, դասարանն ամբողջությամբ տեղափոխում ենք հեռավար ուսուցման։ Այս կարգավիճակով այժմ 3 խումբ ունենք, 2-ը՝ միջին դպրոցում, մեկը՝ կրտսեր։ Դա ընդանուր 60-ից ավելի խմբերի փոքր մասն է կազմում։ Երեխաներին ապահովագրելու նպատակով, եթե անգամ երեխան ուրբաթ դասի է եկել, իսկ շաբաթ-կիրակի ընտանիքում հիվանդ կամ կոնտակտավոր է հայտնվել, նույնիսկ այդ պարագայում մեկուսացնում ենք, որովհետեւ, եթե վտանգ կա, որ կարող է տարածվել, ավելի լավ է հեռավար անենք, որը համարյա լիարժեք փոխարինում է։

Բացի էմոցիոնալ կապից, որն անհրաժեշտ է ուսուցչի եւ երեխայի համար, մնացած ամեն ինչը գործնականում ապահովվում է։ Իսկ եթե կան երեխաներ, որ դրական պատասխան չունեն, բայց կոնտակտավոր են թեկուզ 2-3-րդ անձի միջոցով, նրանք եւս դասի չեն գալիս, նրանց համար նույնպես դասը կազմակերպվում է համաժամանակյա, եւ երեխան դասին մասնակցում է տնից։ Չնայած մեր համայնքը մեծաթիվ է՝ հազարից ավելի երեխա ունենք, բայց, փառք Աստծո, կարողանում ենք վիճակը ստաբիլ պահել։ Այս պահին ընդհանուր կոնտակտավոր երեխաների թիվը մոտավորապես 45-ն է, ինչն ընդհանուր ճեմարանականների 4 տոկոսն է կազմում։ Իրավիճակը վերահսկելի է, իսկ թվերի աճը դպրոցների դեպքում չեմ կարող համեմատության մեջ դնել եւ որեւէ այլ ամսի հետ համեմատել, քանի որ սա առաջին ամսին էր»։  

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա նրանք եւս փոքր իսկ կասկածի դեպքում չեն հաճախում աշխատանքի․ «Եղել է 2-3 դեպք, որ կա՛մ կոնտակտավոր են եղել, կա՛մ ունեցել են թեստի դրական պատասխան, դասերը հեռավար են վարել, մինչեւ որ կարանտինի ժամանակն անցնի»։