Հայկական պանելը հուսալի ձեռքերում է
Երեկ Փաշինյանին ու էլի մի քանի հոգու հանել էին պանել: Քննարկվում էին ժողովրդավարության հայկական մոդելը, դրա լավ ու վատ կողմերը, մարտահրավերները, ինչպես նաեւ այսպիսի մի հարց՝ կարո՞ղ է, արդյոք, ժողովրդավարությունը պատերազմներ կանխել: Մինչ այս պանելային քննարկման առանձին դետալներին անդրադառնալը, կուզենայի մի քանի դիտարկում անել «ժողովրդավարություն» եւ «պանել» հասկացությունների եւ այդ հասկացությունների համադրությունից ծնվող երկու խիստ իրարամերժ զգացողությունների մասին: Երբ մարդ գնում է պանելային քննարկման, նույն է, թե մարդը գնում է պանել բարձրանալու: Պանելն ամենասովորական մայթն է, որով քայլում են հետիոտները: Կարելի է ասել՝ բոլոր հետիոտներն էլ պանելի վրա են, եւ դրանում ոչ մի դատապարտելի բան չկա: Ավելին՝ հետիոտնը միշտ պետք է քայլի պանելի վրայով, որպեսզի պատահաբար ավտոյի տակ չընկնի: Սա չի նշանակում, սակայն, որ պանելի վրայի բոլոր հետիոտները սովորական հետիոտներ են: Նրանք տարբեր են եւ պանելի վրայով գնում ու գալիս են միանգամայն տարբեր մտադրություններով: Այն էլ ասեմ, որ հետիոտնի վարքը պանելի վրա մեծապես պայմանավորված է նրա առաջին մասնագիտությամբ: Հասկացա՞նք, ուրեմն, ինչ է պանելը… Դե գնանք առաջ:
Ինչպես արդեն ասացի, երեկ Փաշինյանին ու էլի մի քանի հոգու հանել էին պանել՝ քննարկելու «Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը` ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» հարցը: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այդ ամենին հետեւում էր մի փոքր ցածրից, կարելի է ասել՝ պարտերից, իսկ, ահա, միջոցառումը կազմակերպել էր Դանիել Իոաննիսյանի Իրազեկ քաղաքացիների միավորումը՝ ոչ անհայտ Freedom House-ի աջակցությամբ: Թե ով էր փողը տվել, որ Փաշինյանին հանեին պանել, այդպես էլ չիմացանք, բայց այդ իրադարձությանն ականատես լինել ցանկացողների պակաս չկար: Վահագն Խաչատուրյանի մասին արդեն ասացի: Այնտեղ էին նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ՄԻՊ-ը, նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ: Դե, իսկ պանելի վրա գտնվողներն էլ իրենց առաջին մասնագիտության համեմատ պետք է քննարկեին հարցը: Նաեւ խնդիր էր դրվել՝ հարցը քննարկել ժողովրդավարության հայկական մոդելի եւ այդ մոդելի արդյունավետության գնահատման սահմաններում: Վերջին նախադասությունից բան հասկացա՞ք: Ճիշտն ասած՝ ես էլ լավ չեմ հասկանում, թե ինչ է ժողովրդավարության ազգային մոդելը, բայց, ամեն դեպքում, պանելի վրա հայտնված ամենակարեւոր հետիոտնը հենց դրա մասին էր խոսում՝ հայկական ժողովրդավարությունն անշրջելի է եւ այլն, եւ այլն: Ի վերջո, կենտրոնացան գլխավոր հարցի վրա՝ կարո՞ղ է, արդյոք, ժողովրդավարությունը պատերազմներ կանխել: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հավատում է հայկական ժողովրդավարության ուժին:
Այն գուցե կանխեր 44-օրյա պատերազմը, եթե դա չլիներ 2016թ. քառօրյա պատերազմի շարունակությունը: Ապա շարունակեց՝ Սերժ Սարգսյան, պատերազմի անոնս, հակադեմոկրատիան՝ ընդդեմ հայկական նորածին դեմոկրատիայի, դժվարություններ, փշոտ ճանապարհ… Եվ ինձ մոտ անսպասելի հարց առաջացավ՝ իսկ ինչո՞ւ ուկրաինական ազգային դեմոկրատիան չկանխեց ռուս-ուկրաինական պատերազմը՝ ո՛չ Մայդանից անմիջապես հետո եւ ո՛չ էլ Մայդանից տարիներ անց՝ մեր օրերում: Համաշխարհային դեմոկրատիան ինչ ունի-չունի, տվել է Ուկրաինայի ազգային դեմոկրատիային, իսկ պատերազմը դեռ շարունակվում է:
Ահա եւ եկավ պահը՝ մտորելու, թե ինչ է դեմոկրատիան՝ իր ազգային դրսեւորումներով հանդերձ: Պանելը, ինչպես տեսանք, Դանիել Իոաննիսյանի շնորհիվ օբյեկտիվորեն արդեն կար: Մեզ մնում է դրան ավելացնել մի փոքր երեւակայություն: Օրինակ, իմ կարծիքով, դեմոկրատիան փող աշխատելու մինչ այժմ չգերազանցված գործիք է, որի օգնությանն են դիմում գրեթե բոլորը: Ո՞վ չի ուզում փող աշխատել, այնպես չէ՞: Մերոնք այս անգամ կպցրել էին Freedom House-ից եւ, դատելով մասնակիցների կազմից, վատ չէին կպցրել: Թե այդ փողից որքան կհասնի պանելի ընտրյալ հետիոտներին, կդժվարանամ ասել: Երեւի պետք է Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվել: Մեր ժամանակ տոկոսադրույքը 10-ը՝ 90-ի էր: Խորհրդային Հայաստանում ո՞վ կհամարձակվեր պանելից դեմոկրատիա վերցնել: Մեծ պահանջարկ չկար: Հետո էլ՝ կխայտառակեին: Նորանկախ Հայաստանում, սակայն, դեմոկրատիան մեծ տարածում գտավ եւ այսօր արդեն դեմոկրատիան բացահայտ ճեմում է պանելին:
Եվ վերջում մի հետաքրքիր համընկնումի մասին: Ամբողջ աշխարհում «պրաստիտուցիան» վերահսկվում է ոստիկանության կողմից: Կարճ ասած՝ ոստիկանության մենաշնորհն է դա: Ի դեմս այս պանելային քննարկման՝ մենք տեսանք, որ ՀՀ ոստիկանությունը կամ նրա դրսեւորումներից մեկը՝ պարեկային ծառայությունը (Դանիել Իոաննիսյանի կազմակերպած), ստանձնել է պանելային դեմոկրատիայի զարգացման մեկենասությունը: Կարող ենք ասել՝ հայկական պանելը հուսալի ձեռքերում է:
Կարծիքներ