Հայաստանում անմեղսունակները սկսել են հակապատվաստանյութային արշավ

Հայաստանում անմեղսունակները սկսել են հակապատվաստանյութային արշավ

ԳԱՎԻ-ի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսին կրկին անդրադարձավ պատվաստումներին, որի մասին կառավարությունը արդեն մեկ շաբաթ է՝ սկսել է խոսել։ Նախարար Թորոսյանը հայտարարեց, թե Հայաստանում սկսվել  է հակապատվաստանյութային արշավ՝  անմեղսունակների կողմից։
Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ։

«Կոնսենսուսային մի իրավիճակ կա, որն արդեն հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ, ամեն դեպքում, պատվաստանյութ լինելու է։Այս համոզումը շատ կարևոր է, քանի որ այդ համոզումը եկել է ժամանակի ընթացքում։ Սկզբում այդ համոզումը չկար, և ավելի մեծ անորոշության մեջ էինք ապրում։ Այս համոզմանը զուգընթաց երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը։ Եվ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը դրանցից մեկն է՝ ամենահավանական վերջնական պրոդուկտներից մեկը, բայց միակը չէ» ։

Հիշեցնենք, որ սա Նուբար Աֆեյանին առնչվող ընկերություն է։ Արսեն Թորոսյանը իրավիճակը այնպես էր ներկայացնում, որ աշխարհում սառը պատերազմի մրցավազքի նման մի բան է սկսվել ապագա պրոդուկտների վաճառքի խմբաքանակները գնելու հարցում։ Տարբեր երկրներ էլ ի սկզբանե գնում են դեռ չարտադրված կամ արտադրված, բայց չհաստատված պատվաստանյութ, ինչպես Մեծ Բրիտանիան, որը անգլիական պարբերականի հաղորդմամբ՝ գնել է ապագա պատվաստանյութի 60 մլն․ դոզա։ Իսկ այլ պետություններն էլ ուշացել են և այդ հնարավորությունից զրկված են։ 

«Իhարկե, այս բանակցությունների մեծ մասը գաղտնիության քողի տակ է, սակայն մենք որոշել ենք առնվազն սկսել էդպիսի խոսակցություններ»,-հայտարարեց Արսեն Թորոսյանը։

Իսկ անմեղսունակները, Թորոսյանի գնահատմամբ՝ այն մարդիկ են, նաև բժիշկներ, որոնք հայտարարում են, որ պատվաստանյութը փոխում է շտամմերը մի կողմից, այսինքն՝ անիմաստ գործողություն է, և մյուս կողմից նշում, որ վերջին 20 տարիներին Հայաստանը եղել է անորակ պատվաստանյութերի համար փորձադաշտ։