Բանավեճից խրտնողների տրագիկոմեդիան

Բանավեճից խրտնողների տրագիկոմեդիան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին դուր չեկավ կրթության չափորոշիչների շուրջ ստեղծված «աղմուկը», դրա առնչությամբ առաջացած «բանավեճի» մակարդակն ու որակը: Ռահվիրան իր բարձունքից այն բնորոշեց որպես «ազգային խայտառակություն, որը ամենեւին վայել չէ փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդին»: Դդումներին էլ այսպիսի մի բան էր պետք, որ Հայաստանում ու Արցախում աղմկեն այն մասին, որ ահա, իրենք «լուրջ» չափորոշիչներ են մշակել, բայց հայ մտավորականությունն այնքան հեռու է «լուրջ» բաներից, որ չի կարողանում նույնիսկ բանավեճ առաջացնել: «ԿԳՄՍՆ առաջ բերած չափորոշիչների շուրջ բանավեճ որպես այդպիսին չկա, կա ընդամենը պաթետիկ տոնայնության մեջ ընկղմված քննադատություն կամ հայհոյանք, որին ընդդիմախոսություն ասելն էլ բավականին բարդ է»,- այսպես են Տեր-Պետրոսյանին արձագանքում առանձին լրատվամիջոցներ Հայաստանում, իսկ ահա արցախյան ծագման մի գրագետ էլ, վատացած, որ կրթության չափորոշիչների դեմ բողոքը հասել է Արցախ, գրում է. «Ցավոք, որոշ մանկավարժներ տուրք են տվել «հայրենասիրական» գայթակղությանը եւ սկզբունքային քննարկումներն իջեցրել իրենց մասնագիտական «պատրաստվածության» մակարդակին»:  Այս փոքրիկ համեմատությունը ցույց է տալիս, որ թավիշը նաև Աֆրիկայում է թավիշ և ռեալ վտանգ կա, որ հայ ժողովրդին «կռտելու» լևոնա-նիկոլական չափորոշիչները կարող են տարածվել նաև Արցախի վրա ու մունդռել հայկական երկրորդ հանրապետության գիտա-կրթական համակարգերը:

Դե որ բանավեճի բացակայությունից եք բողոքում, ես էլ հետևյալն ասեմ, որ լսել եմ մի շատ խելացի, իմ կողմից անչափ հարգված մարդուց. «Ապուշության շուրջ բանավիճելն ինքնին ապուշություն է»: Երանի թե մեր գիտական շրջանակներն ու մանկավարժները հետևեին այս ճշմարտությանն ու որևէ կերպ չարձագանքեին Արայիկ Հարությունյանի հիմնարկի կրթական ապուշություններին: Ավաղ, չլռեցին, և, սկզբում առանձին անհատներ, իսկ հետո նաև համալսարաններն ու ակադեմիական ինստիտուտները բառիս բուն իմաստով մոխրակույտի վերածեցին կրթության ոլորտում ի հայտ եկած այս ազգային խայտառակությունը: Իսկ թե ինչպիսի հանրային պարսավանքի արժանացան «չափորոշիչների» վրա տքնած հանձնախմբերն ու դրանց ղեկավարները, թույլ տվեք նորից չպատմել: Ըստ էության պարզ դարձավ, որ գործ ունենք հայ ժողովրդի դեմ ՀՀ իշխանությունների հերթական հանցավոր գործողության հետ, որով, փաստորնեն, մեր կրթական համակարգից դուրս է մղվում այն ամենը, ինչ կապված է հայկականության հետ: Դա են վկայում նաև «չափորոշիչներ» կոչված աղտեղության մեջ սփռված լեզվական անգրագիտություններն ու անգամ հայերեն մտածելու անկարողականության դրսևորումները: Արձանագրենք, որ այդ ամենը մանրակրկիտ ձևով նկարագրվել և քննադատության է արժանացել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, եկեղեցու պատմության մեր լավագույն մասնագետների,  կողմից, որոնց համեմատությամբ արևելագիտության մեջ մասնագիտացած Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանն ընդամենը աչքի ընկնող գաճաճներ են: Չեմ խոսում արդեն արցախցի առանձին գրագետների մասին, որ թևավորվել են այս հարցին ՀՀ առաջին նախագահի միջամտությունից ու այպանում են արցախցի մանկավարժներին՝ «քննարկումներն իրենց մասնագիտական պատրաստվածության մակարդակին» իջեցնելու համար:

Բլոտում այսպիսի արտահայտություն կա՝ չունես ոչինչ՝ խաղա քյարփիչ: Դե եթե ՀՀ իշխանությունները գիտության ու կրթության ասպարեզում որևէ լավ բան անել չեն կարողանում, բնական է, որ պետք է «խաղան քյարփիչ», այսինքն՝ հարցը տեղափոխեն մեկ այլ հարթություն, որտեղ իրենք շատ թե քիչ մրցունակ են: Այս դեպքում նրանց պետք է խուսափել խայտառակությունից: Կհաջողվի՞ դա անել, չեմ կարող ասել, բայց որ խնդիրը քաղաքականացնում են, անզեն աչքով էլ նկատելի է:

Իսկ այժմ՝ ուշադրություն: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը կրթության չափորոշիչների մասին իրենց հայտարարություններն արել են նույն օրը՝ մի քանի րոպեի տարբերությամբ: Տեր-Պետրոսյանի՝ ազգային խայտառակություն որակված հայտարարությանը մենք արդեն ծանոթ ենք, իսկ ահա Փաշինյանը բարեհաճեց իր ոճով խոսել: Նա հայտնեց, որ չափորոշիչներն ընդունվելու են, և իրենց ոչ ոք չի կարող շեղել ընտրած ուղուց: Ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը՝ «ոչ ոք» ասելով: Միայն թե չասեք հայ բանասերներին, պատմաբաններին, կրոնագետներին, մանկավարժներին, ԵՊՀ-ին, ՀՀ ԳԱԱ պատմության, գրականության և լեզվի ինստիտուտներին: Փաշինյանը ոչինչ չունի հակադրելու այն բազմաթիվ հոդվածներին ու ելույթներին, որոնցով մեր կրթության ոլորտի սերմնացանները մերկացրին իր կառավարության՝ «առաջընթացի» քողի տակ խորամանկությամբ ներդրվող ապազգային աղտեղությունը:

Եվ այստեղ Փաշինյանին դարձյալ օգնության է գալիս անանուն չարքը՝ «ոչ ոք»-ը, որ, պետք է ենթադրել, տեսանելի է միայն իրեն, և հենց այդ չարքն է ուղղորդում իր «դեմ ելած» մտավորականներին: Այս ամենն այլևս ծիծաղելի է, պարոն Փաշինյան, ինչպես ծիծաղելի են նաև այս ջրից Տեր-Պետրոսյանին չոր դուրս բերելու խղճուկ փորձերը, որ անում են իշխանական լրատվամիջոցները: Ըմբոշխնեք մի հատված այդ տվայտանքից, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են փորձում քաղաքականացնել առաջին նախագահի՝ Հայոց պատմությունը վերաշարադրելու մասին  «շինիչ» հերյուրանքը. «ԿԳՄՍ նախաձեռնությունը քննադատողները կամ ավելի շուտ հայհոյողները շատ հաճախ են հիշում նաեւ Առաջին նախագահին, նրան որակելով իբրեւ ազգայինի «թշնամի», հղում անելով օրինակ նրա հայտնի հայտարարությանը, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է… Միով բանիվ, չափորոշիչների շուրջ աղմուկի մեջ Տեր-Պետրոսյանին հիշում են հաճախ, ու նա էլ հանկարծ անդրադառնում է դրանց, փաստացի «յուղ լցնելով» հիշողների կրակին, որոնք դեռեւս թավշյա հեղափոխությունից սկսած են ամեն առիթով հայտարարում, թե Փաշինյանը տեր-պետրոսյանական «նախագիծ» է, որի միջոցով նա իրացնելու է իր «ապազգային» նպատակները: Ինչու՞ է Առաջին նախագահը որոշել չափորոշիչների առիթով «յուղ լցնել» այդ կրակին»: Ընդամենը մի փոքրիկ ակնարկ՝ այս կապակցությամբ: Շատ հեշտ ապացուցելի է, որ մինչև դդումների և հայ գիտնականների «բանավեճին» միջամտելը, ոչ ոք չէր էլ հիշում Լևոն Տեր-Պետրոսյանին: Նա լռում էր պարզապես: Իսկ այն, որ Փաշինյանը «մայր ծառի տակ ընկած պտուղ» է, թույլ տվեք չքննարկել, որովհետև սեղանին են դրա բոլոր ապացույցները, ի մասնավորի նաև կրթության այս խայտառակ չափորոշիչների հարցում Տեր-Պետրոսյանի հետ նրա համերաշխ քայլերը: Իսկ ինչ վերաբերում է հռետորական հարցին, թե ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը յուղ լցնում իր էությունը հիշողների կրակին, ապա ամեն ինչ պարզ է՝ մարդը չի ուզում, որ իրեն մոռանան:

Կրթության չափորոշիչների հետ կապված բողոքը շտապում են քաղաքականացնել նաև արցախցի գրագետները:Նրանց գործը մի փոքր ավելի հեշտ է այն առումով, որ չափորոշիչների հետ կապված տեղական ԿԳՄ-ին է դիմել «Արդարություն» կուսակցությունը՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ և բացատրություն այն մասին, թե ինչ է մտածում այդ չափորոշիչների մասին ԱՀ ԿԳՄ-ն: ԱՀ ԿԳՄ-ն, իսկ սա արդեն զավեշտալի է, որդեգրել է նույն պահվածքը, ինչ ՀՀ ԿԳՄՍ-ն, այսինքն՝ խուսափում է ներկայանալ հանդիպման՝ պատճառաբանելով, որ քաղաքական ուժը չի կարող «այդ տոնով» հանդիպում պահանջել: Արցախցի գրագետը «Արդարություն» կուսակցությանը, որպես խորհրդարանական ուժի, խորհուրդ է տալիս նամակով դիմել ԿԳՄ և սպասել նամակի պատասխանին. «ԿԳՄ նախարարը պարտավոր չէ անհապաղ ընդունել «Արդարություն» կուսակցության հետ հանդիպման առաջարկը: Մանավանդ որ հիշյալ կուսակցությունը որեւէ սկզբունքային գաղափար չի ներկայացրել կրթության համակարգի բարեփոխումների շուրջ, այլ միայն ենթատեքստային հարցադրումներ է արել այն իմաստով, թե Արցախի ԿԳՄ-ն տեղյա՞կ է բարեփոխումների հայեցակարգից, համաձա՞յն է դրան: Սա արդեն մտահոգություն չէ, այլ քաղաքական վերաբերմունք»: Ես որ մեկ-մեկ ասում եմ էշի խրտնածը ձիուց վտանգավոր է, արցախցի բարեկամներս ինձնից նեղանում են: Ի՞նչ ասեմ, ձեր աչքով տեսեք, գրում է՝  փորձ է արվում Արցախում ձեւավորել «ազգային դիմադրական շարժում»՝ իր արևին ծաղրելով ընդդիմադիր քաղաքական ուժին: Այսքանից հետո մնում է մեկ բան՝ մի տրանսգենդերի բարձրացնել ԱՀ ԱԺ ամբիոն, որ արցախցի «թերուս» ուսուցիչներին բացատրի, թե չափորոշիչների մեջ որը որից հետո է: