Սկանդալ Թուրքիայում, որի մեջ ներքաշված է նաեւ Բարդուղիմեոս պատրիարքը

Թուրքական ընդդիմադիր «ԱԹԱ» կուսակցության փոխնախագահ Էմին Ֆաքիր Գյուրը ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ հանդես է եկել Կոստանդնուպոլսի հույն պատրիարք Բարդուղիմեոսին թուրքական քաղաքացիությունից զրկելու նախաձեռնությամբ, եթե վերջինս շարունակի իր հակաթուրքական գործունեությունը։ Նույն գործընթացը նա առաջարկել է իրականացնել նաեւ ծնունդով ստամբուլցի արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսի հանդեպ, ով 2019 թվականից գլխավորում է Կոստանդնուպոլսի պատրիարքության ենթակայության ներքո գտնվող Ամերիկայի հույն ուղղափառ թեմը։
Թուրք քաղաքական գործիչը կարծում է, որ անընդունելի է, որ Բարդուղիմեոսն ու Էլպիդոֆորոսը, որոնք չեն կարող արտասահման մեկնել առանց Ստամբուլի Ֆաթիհ շրջանի պրեֆեկտուրայի թույլտվության, միջազգային հարթակներում հանդես են գալիս հակաթուրքական հայտարարություններով։ Նա ասել է` ակնկալում է, որ թուրքական իշխող կուսակցությունը եւ նախագահ Թայիփ Էրդողանը քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։ Էմին Գյուրն ասել է, որ նախ պետք է հիշեցնել այդ անձանց, որ իրենք կրոնավորներ են, եւ պետք է անել ամեն բան՝ հեռու պահելու նրանց հակաթուրքական գործողություններից։ Ու եթե հարկ է, ապա պետք է նրանց զրկել նաեւ թուրքական քաղաքացիությունից, իսկ հատկապես Բարդուղիմեոսին հեռացնել պատրիարքական պաշտոնից։
Ինչու են Թուրքիայում սկսել նման կրքեր եռալ քաղաքական կյանքում, այսպես կոչված, «տիեզերական պատրիարքության» դեմ։ Բանն այն է, որ այս տարվա հունիսին Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի Բյուրգենշտոկ բնակավայրում տեղի ունեցած, այսպես ասած, խաղաղության կոնֆերանսին մասնակցել է նաեւ Բարդուղիմեոս պատրիարքը։ Վերջինս ստորագրել է նաեւ այդ կոնֆերանսի ամփոփիչ հուշագիրը։ Ու այդտեղ նա ներկայացվել է որպես «տիեզերական պատրիարք»։ Հենց դա էլ դժգոհության առիթ է տվել Թուրքիայում, որտեղ հիշեցրել են, որ թուրքական պետության մեջ նա ընդամենը Ֆանարի (այստեղ է գտնվում Կոստանդնուպոլսի պատրիարքությունը) վարձակալն է եւ ավելին չէ, քան Ստամբուլի հուն պատրիարքը։
Թուրքական եւս մեկ ընդդիմադիր՝ «Լավ կուսակցության» ներկայացուցիչ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Քուրշադ Զորլուն էլ հայտարարել է, որ Բարդուղիմեոսը չի կարող օգտագործել մի տիտղոս, որը ճանաչված է գոյություն ունեցող օրենքներով, եւ թույլ տրված սխալները վնասում են Թուրքիայի ինքնիշխանությանն ու պատմական ձեռքբերումներին։ Պատգամավոր Զորլուն կոչ է արել Թուրքիայի ԱԳ նախարարությանը՝ հրապարակել հատուկ հաղորդագրություն այս առնչությամբ, եւ ասել է նաեւ, որ հարցը ներառվելու է նաեւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին գործերի կոմիտեի օրակարգում։
Այս սկանդալից մի քանի օր անց Բարդուղիմեոս պատրիարքի ստորագրությունը հանվում է հուշագիրն ստորագրողների ցանկից։ Սակայն ինտրիգը շարունակում է պահպանվել։ Հուշագիրը ստորագրել է նաեւ Էլպիդոֆորոս արքեպիսկոպոսը։ Վերջինս, շատ վերլուծաբանների եւ փորձագետների կարծիքով, համարվում է Բարդուղիմեոս պատրիարքի իրավահաջորդը պատրիարքական աթոռին։ Էլպիդոֆորոսի դեմ էլ Թուրքիայում արշավ են սկսել թերեւս այն պատճառով, որ վերջինս մասնակցել է այս տարի Կիպրոսում կայացած կրոնավորների եւ աշխարհականների Կոնգրեսին, որտեղ խիստ դատապարտել է Կիպրոսի տարածքի մեկ երրորդի անօրինական զավթումը թուրքական ուժերի կողմից։ Թուրքական մամուլում այս հայտարարությունից եւ դրան Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարի հակադարձումից հետո հայտնվեցին հրապարակումներ, որոնք Էլպիդոֆորոսի՝ Ամերիկայի հույն ուղղափառ թեմի առաջնորդի պաշտոնում նշանակման լեգիտիմությունը դրեցին հարցականի տակ։ Չնայած այս ամենին, անցյած շաբաթ վերջինս պատարագ է մատուցել եւ քարոզի ընթացքում կրկնել իր հակաթուրքական հայտարարությունները՝ ցույց տալով, որ աներեր է իր տեսակետներում։
Կարծիքներ