Ռուս-ուկրաինական պատերազմը ներխուժել է սպորտ․  ՀՀ մարզական ֆեդերացիաները տագնապած են

Ռուս-ուկրաինական պատերազմը ներխուժել է սպորտ․  ՀՀ մարզական ֆեդերացիաները տագնապած են

Օրերս ԿԳՄՍ նախարարությունն իր հարկի տակ էր ընդունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին եւ ռուսական կողմի պատվիրակությանը։

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել ու պատրաստակամություն է հայտնել՝ խորացնել հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունները․ «Վստահ ենք՝ մեր թիմերի համատեղ մարզումներն ու ուսումնամարզական հավաքները կնպաստեն երկուստեք մասնագիտական որակների բարելավմանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում անցկացվող մրցաշարերին, ապա Հայաստանը մշտապես կլինի դրանց ակտիվ մասնակիցը՝ ձգտելով գրանցել լավագույն արդյունքներ»: ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինն էլ իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի՝ ռուս մարզիկներին ցուցաբերած աջակցությունը՝ մասնավորապես Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն ընձեռելու հարցում:

Սակայն այս հանդիպումը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները մի շարք մտավախություններ են առաջացրել հայկական կողմում, մասնավորապես՝ ֆեդերացիաները տագնապի մեջ են, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ռուսական կողմի հետ հարաբերությունների սերտացումը կարող է փակել հայկական սպորտի դռները դեպի Եվրոպա եւ աշխարհ՝ զրկելով նաեւ այնտեղից եկող ֆինանսական հոսքերից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սակայն, մեզ վստահեցրեց, որ ինքը նման բան թույլ չի տա, եւ այս խնդիրը հայկական սպորտի վրա որեւէ ձեւով չի անդրադառնա․ «Ես ձեզ վստահեցնում եմ՝ որեւէ անդրադարձ չի ունենա մեր սպորտի վրա։ Ես ո՞նց կարող է վտանգի տակ դնեմ հայկական սպորտի թարթիչը, աչքն էլ չէ, անգամ՝ թարթիչը։ Բոլորից շատ ես եմ մտածում դրա մասին ու ավելի շատ եմ գիտակցում, թե ինչ է կատարվելու։ Որեւէ պաշտոնական մրցման իրենք, բնականաբար, չեն մասնակցելու։ Հիմա էլ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, եւ ռուսները չեն եկել։ Իսկ մարզումներ ոչ մեկը ոչ մեկին չի արգելել։ Եթե մենք որեւէ ազդակ տեսնենք դրսից, որ չի կարելի, բնականաբար, մենք կզրուցենք միջազգային մարզական հեղինակավոր կառույցների հետ՝ միջազգային օլիմպիական կոմիտե, տվյալ մարզաձեւի ֆեդերացիաներ եւ այլն, բայց մարզում ոչ ոք ոչ ոքի չի արգելել, եւ այստեղ ոչ մի կրիմինալ չկա․․․ հիմա ի՞նչ անենք՝ հակագա՞զ հագնենք, որ ռուս տեսնենք»։

Հաղորդագրության մեջ նշված է նաեւ համատեղ մարզումների, մրցաշարերի մասին։ «Մենք մյուս տարի ունենք ԱՊՀ խաղեր, այդ ֆորմատն անցյալ տարվանից է դրվել, եթե որեւէ բան չփոխվի կամ եթե ինչ-որ բան փոխվի, ու մեզ ասեն՝ մի մասնակցեք, մենք էլի չենք մասնակցի, բայց առայժմ որեւէ խնդիր այդ մասով չունենք եւ մեր ձեռքը միջազգային կազմակերպությունների զարկերակին ենք պահում, որպեսզի հանկարծ վնաս չտանք մեր սպորտին»,- ասում է Գիլոյանն ու նկատում, որ ոչ միայն տեղյակ է հայկական կողմի այս մտավախություններից, այլեւ ինքն անձնապես այնպես պետք է անի, որ հանկարծ նման խնդրի չբախվենք։

Ինչ վերաբերում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը, ապա ռուսների մասնակցությունն առաջնությանը կասեցրել է հենց տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան․ «Մենք միայն դիմավորող կողմն ենք, եթե միջազգային ֆեդերացիան թույլ է տալիս՝ ոչ մի խնդիր։ Այսինքն՝ խնդիրը միջազգային ֆեդերացիաների դաշտում է»։

Հետաքրքրվեցինք՝ կա՞ն մարզաձեւեր, որտեղ միջազգային կառույցներն արգելք չեն դրել ռուսական կողմի մասնակցության վրա, թե՞ տոտալ բնույթ է դա կրում։ «Կան ֆեդերացիաներ, որ արգելք չեն դրել։ Հետո՝ հիմնականում եվրոպական ֆեդերացիաներն են դրել, իսկ, օրինակ, ասիական ֆեդերացիաներն արգելք չեն դրել, եւ ռուսներնը ասիական մրցումներին մասնակցելու են»։  
Կ․ Գիլոյանը կարծում է՝ քանի դեռ ռուս-ուկրաինական հակամարտությունն ակտիվ փուլում է, սպորտային այս խնդիրն էլ առայժմ չի հարթվի․ «Տա Աստված՝ շուտ ավարտվի այդ ամեն ինչը, խաղաղություն լինի, ու այդ խաղաղության արդյունքում սպորտային բոլոր խնդիրներն էլ կհարթվեն»։