Արմեն Սարգսյանը ՍԴ դիմելու հնարավորություն չի՞ ունեցել

Արմեն Սարգսյանը ՍԴ դիմելու հնարավորություն չի՞ ունեցել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվե անցկացնելու մասին ԱԺ ընդունած որոշումը ու հերթական անգամ ընկավ քննադատության ալիքի տակ։ Հատկապես նրան նախագահ դարձրած ՀՀԿ-ականները հիասթափության հերթական պահն ապրեցին, թե Արմեն Սարգսյանը վերջնականապես կորցրել է անկախությունն ու լրիվ մտել Նիկոլ Փաշինյանի տիրապետության տակ։ Մինչդեռ Արմեն Սարգսյանի խորհրդական Թեւան Պողոսյանը կարծում է, որ նախագահն իր լիազորությունների շրջանակում այլ բան չէր կարող անել, քան ստորագրել հանրաքվեի մասին որոշումը, քանի որ Սահմանադրությամբ այլ բան նախատեսված չէ։

«Աշխատակազմը մեկնաբանել է դա, որ Սահմանադրության կոնկրետ այդ մի կետում միայն նշված է, որ նախագահը հանրաքվեի օր է նշանակում, այսինքն՝ այլ գործողություն նշված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը՝ նկատելով, որ հանրաքվեի դեպքում նշված չէ, որ կարող էր այն ուղարկել ՍԴ՝ վիճարկման։

Մինչդեռ, ըստ Պողոսյանի, օրենքների դեպքում նշված է, որ նախագահը կարող է ստորագրել այն, չստորագրել՝ ուղարկելով Սահմանադրական դատարան եւ որեւէ բան չանել։ Իսկ այս դեպքում նշված է միայն, որ ստորագրում է հանրաքվեի մասին որոշումը՝ նշանակելով դրա անցկացման օրը։
«Այստեղ են առաջանում խնդիրները, որ շատ ժամանակ մարդիկ փորձում են այլ մեկնաբանություններով մի քիչ պարզեցնել, պրիմիտիվացնել կամ իրար նմանեցնել, որովհետեւ սա օրենքի նախագիծ չէ, սա ընդամենը ԱԺ որոշում է»,- ասաց Պողոսյանը։

Նա նաեւ հիշեցրեց Արմեն Սարգսյանի բացատրությունը, որտեղ նա խնդրում է այս քայլը չդիտարկել որպես կարծիք կամ դիրքորոշում հանրաքվեի մասով։ Այսինքն՝ այդ ստորագրությունը չի արտահայտում՝ ինքը կո՞ղմ է հանրաքվեով առաջադրված հարցի փոփոխությանը, թե՞ դեմ։

- Բայց նախագահն իր վերջին հարցազրույցում կարծես թե հայտնել է դիրքորոշում, որ ինքը կողմ է, որ ժողովրդի կարծիքը հարցնեն հանրաքվեի միջոցով։

- Այո, ինքը հայտնել է, որ շատ կարեւոր կլինի, որ երբ տան սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթը, այդ ժամանակ ժողովուրդն անպայման իր կարծիքը հայտնի այդ ձեւով հարցեր լուծելուն։ Բայց դա չի նշանակում, որ «խնդրում եմ՝ ինչ ձեւով ուզում եք, հարցեր բերեք»։ Էստեղ խնդիրն Ազգային ժողովում է գտնվում, որն ասում է, որ մեր կանոնակարգ-օրենքի կոնկրետ կետերի խախտումներով է որոշումն ընդունվել։ Դա այլ խնդիր է։ Երբ որ քեզ հարցնում են՝ ո՞նց ես դու վերաբերվում այդ երեւույթին, երբ որ պետք է հանրաքվեով որոշել ինչ-որ կարեւոր հարց, նախագահն ասում է՝ համաձայն եմ։ Բայց ինքը չի ասում, որ գիտե՞ք, դա արեք ոչ լեգալ ճանապարհով։

- Իսկ նախագահը տեսնո՞ւմ է, որ դա արվում է ոչ լեգալ ճանապարհով, օրենքների մի շարք խախտումներով։ 

- Ինչպես ինքն է ասում, ինքը ստացել է նամակները, բոլորի կարծիքները, քննարկելու է, եւ միայն քննարկված, հարցը մանրամասն ուսումնասիրված դիտարկելով է որոշում կայացնելու։ Եթե ինքը չունենար այդ մոտեցումը, ապա նախագահի ինստիտուտը հանդես չէր էլ գա այդ բացատրություններով։ Այդ բացատրությունները նրա համար են, որ մենք ունենք գործընթացներ, որ անում ենք։ 

- Դուք՝ որպես նախագահի խորհրդական, նրան այս հարցով ի՞նչ խորհուրդ եք տվել։

- Մասնակցել եմ քննարկումներին, բայց դա չի նշանակում, որ միայն ես եմ․ նախագահը լայն շրջանակի հետ է քննարկումներ անում, խոսում, եւ այդ լայն շրջանակի հետ քննարկելիս ինքն ավելի ճիշտ որոշումներ կկայացնի, թե ինչ գործողություններ անի։

- Դուք կոնկրետ խորհուրդ տվե՞լ եք նրան, որ հանրաքվեն ճիշտ ճանապարհ է այս հարցում։

- Իմ խորհուրդը ես շաբաթ օրն ասել եմ, որ ես՝ ինքս, քաղաքական իմաստով ուրախ եմ, որ կարեւոր հարցերում մենք այդ մշակույթը ձեւավորենք հանրությանը հասցնելու մեխանիզմներով, կլինի դա հանրաքվեի, կլինի դա պլեբիսցիտի տեսքով, բայց ինձ համար նույն կերպ շատ կարեւոր է, որ այդ լեգիտիմ հարցի պատասխանը ստանալու ճանապարհը լինի լեգալ։

- Ընդդիմադիր դաշտի իրավաբանները նախազգուշացնում են, որ եթե վաղն ինչ-որ իրավիճակ փոխվի, ապա հնարավոր է խախտումներով հանրաքվեի որոշում կայացրածները կանգնեն պատասխանատվության առջեւ, եւ չի բացառվում՝ Արմեն Սարգսյանն էլ՝ որպես այդ որոշումը ստորագրած ու վավերացրած անձ, օրենքի հետ խնդիր ունենա։

- Ես այդ տեսակետն այնքանով չեմ կիսում այն իմաստով, որ նախագահը չի մասնակցել ԱԺ որոշման քննարկումներին եւ քվեարկություններին, այդպիսի խնդիր չունի, եւ, բացի դրանից, ինքը կատարել է այն, ինչ որ Սահմանադրությամբ իրենից պահանջում են։ Բայց, նորից եմ ասում, նույն Սահմանադրությունը, բացի այդ մի կետից, նաեւ այլ լիազորություններ է թույլ տալիս, որոնք դեռ մինչեւ հանրաքվեի օրը ով գիտի՝ ինչ է կատարվելու։ Դրա համար դեռ քննարկումներ են ընթանում։

- Եթե հանրաքվեն կայանա, նախագահն ու անձամբ նաեւ Դուք կմասնակցե՞ք հանրաքվեին։

- Այդ հարցը պետք է նախագահին տալ, երբ որ պրոցեսը լինի։ Իսկ իմ մասով՝ ոչ միայն ես, այլեւ ամբողջ հանրապետությունն է մասնակցելու հանրաքվեին՝ ունենալով երեք տարբերակ․ կա՛մ չգնալ ու չմասնակցել, կա՛մ գնալ եւ «այո» քվեարկել, կա՛մ գնալ եւ «ոչ» քվեարկել։ Այսինքն՝ չմասնակցությունն էլ է մասնակցություն։ Բայց դրա համար տրված է 50-60 օր ժամանակ, որ բոլոր կողմերին լսենք, հասկանանք եւ գիտակցված որոշում կայացնենք։