Ո՞ր փիլիսոփայական հարցին, որ գնում եմ էնտեղ, տեսնում եմ` մա՞րդ ա վնգստում. ԲԴԽ անդամի թեկնածուն`վնգստացողների մասին

Ո՞ր փիլիսոփայական հարցին, որ գնում եմ էնտեղ, տեսնում եմ` մա՞րդ ա վնգստում. ԲԴԽ անդամի թեկնածուն`վնգստացողների մասին

Իշխանության կողմից ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Դավիթ Խաչատուրյանը, ով նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատուրյանի եղբայրն է, այսօր անհարմար վիճակում հայտնվեց, երբ նրանից հետաքրքրվեցինք` դատական համակարգում պատերի տակ վնգստացող դատավորներ կա՞ն արդյոք, ինչի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

«Էդ հարցը դուք տվել եք, չէ՞, ու ասվել ա, որ կոնկրետ համատեքստում արված հայտարարություն ա, ես հիմա չեմ ուզում դրան պատասխանել»,- ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն, բայց այդքանով նա լրագրողների ձեռքից չազատվեց:

Hraparak.am-ը խնդրեց`  հենց այն համատեքստում էլ, որում ասել է Փաշինյանը, թող մեկնաբանի նրա ասածը` դատավորը կարո՞ղ է վնգստալ, թե՞ չի կարող:

«Մի վայրկյան` մի հատ բան ասեմ, ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել, ես հավակնում եմ մասնագիտական աշխատանքի»,-ասաց  նա:

Նորից հիշեցրինք, որ ինքը գնում է մի համակարգ, որի ներկայացուցիչների հասցեին իրեն առաջադրած քաղաքական թիմի ղեկավարը հայտարարել է, որ այդ համակարգում պատերի տակ վնգստացող դատավորներ կան, ԲԴԽ նախագահն էլ, մեղմ ասած, ոչ դրական է արձագանքել այդ հայտարարությանը: Ուստի հարցրինք, ինքն այս փիլիսոփայական հարցին ինչպե՞ս է մոտենում, Խաչատուրյանն արձագանքեց. «Ո՞ր փիլիսոփայական հարցին, որ գնում եմ էնտեղ, տեսնում եմ` մա՞րդ ա վնգստում: Ձեր հարցը ո՞րն ա, ես չեմ հասկանում»:

Բացատրեցինք, որ ինքը գնալու է մի համակարգ, որի նախագահը` Ռուբեն Վարդազարյանը, դեմ է նման ձևակերպումներին, մինչդեռ իրեն առաջադրած քաղաքական թիմի ղեկավարը համարում է, որ կան վնգստացող դատավորներ: 

«Թիմը, նկատի ունեք` ֆրակցիան, չէ՞, որն առաջադրել է, առաջադրվում է մարդը ոչ թե նրա համար, որ ինքը կարծում է` վնգստացողներ կան, թե չկան, այլ մասնագիտական գիտելիքների և հմտությունների հիման վրա»,-փորձեց տակից այսպես դուրս գալ Խաչատուրյանը:

Բայց մենք նորից պնդեցինք մեր հարցը` նորմա՞լ է համարում, որ երկրի ղեկավարը նման բառապաշարով է հանդես գալիս դատական իշխանության հասցեին, Խաչատուրյանը Փաշինյանի հայտարարությունը գրեթե արդարացնող պատասխան տվեց. «Եթե ասել ա, ենթադրում եմ, որ ինչ-որ հիմքեր ունեցել ա»: 

Հարցին` արդարացնո՞ւմ է, այսինքն, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, և իր բարեկրթությունը թույլ կտա՞ր իշխանության որևէ ճյուղի հասցեին նման արտահայտություններ անել, ԲԴԽ անդամի թեկնածուն ասաց. «Ես իրավունք չունեմ քաղաքական հայտարարությունները մեկնաբանել»:

Մանրամասները՝ տեսանյութում