Սխալ` սխալի հետեւից

Սխալ` սխալի հետեւից

Մի կողմից, ՀՀ իշխանությունը լարախաղացի նման արդեն 6-7 տարի բարձր պարանի վրա` առանց ամրագոտու ճոճվում է, փորձելով պահպանել հավասարակշռությունը` աշխարհաքաղաքական վայրիվերումներում, մյուս կողմից` ոչ մի իրավիճակում ճիշտ չի կողմնորոշվում` կարեւոր հարցից մինչեւ ամենաանկարեւոր: Երբ պետք էր բանակցել, սրանք պատերազմ էին տենչում, մերժում էին բանակցություններն ու ցանկացած կոմպրոմիս: Իսկ երբ անիմաստ է բանակցելը, պետք է մի քիչ կոշտ պահվածք ու անվախ կեցվածք, բանակցություններ են մուրում ու պատրաստ են ցանկացած զիջման:

Այս իշխանության ամեն օրը կորսված հնարավորությունների մասին է, երբ անփորձությունն ու տգետի մեծամտությունը ոչ թե իրենց, այլ մեր երկրին են ահռելի վնասներ հասցնում: Երբ իրենց գիտելիքների ու փորձի պակասը լրացնում են Հայաստանը որպես փորձադաշտ օգտագործելով եւ իրենց սխալներից անգամ դասեր չքաղելով: Երկու տարի` 2018 եւ 2019 թվականները, երբ երկրի ղեկավարը լեգիտիմության այնպիսի բարձր ռեսուրս ուներ, որ ցանկացած ոչ պոպուլյար որոշում ու գործընթաց կարող էր հասցնել ավարտին ու ամենաշահեկան տարբերակով լուծել Արցախի հարցը, զբաղված էր Շուշիում տրնգի պարելով եւ ագրեսիվ ու ոչմիթիզական ճառեր ասելով:

Երբ Ռուսաստանն ուժեղ էր եւ կարող էր մեզ օգտակար լինել, ատամ էր ցույց տալիս, ինքնիշխանություն բեմադրում` մեզնից վանելով մեր ռազմավարական դաշնակցին ու սլանալով դեպի թուլացող ու հազարավոր խնդիրներ ունեցող Եվրոպա, որը չի կարող մեզ սատար կանգնել կամ մեր անվտանգությունը երաշխավորել: Երբ ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի հրաժարվել իր հայասպան քաղաքականությունից եւ պարտված ղեկավարի «ատամներն է հաշվել», նա մտադիր չէ հրաժարական տալ` որեւէ մեկին երկիրը փրկելու շանս ընձեռելով: