Բա քեզ պետք ա՞

Բա քեզ պետք ա՞

Հայ ժողովրդի ողբերգությունը նաեւ նրանում է, որ նրա զավակները՝ լինեն քաղաքական-հասարակական գործիչներ, թե մտավորականներ, երկարատեւ պայքարի հակված չեն՝ փոքր շնչառություն ունեն, արագորեն հաջողությունների հասնելու մեծ ցանկություն։ Նրանք չեն ուզում երկարատեւ ու ծանր զրկանքներ կրել, ոչ հարմարավետ պայմաններում ապրել՝ բանտ նստել, քաղցած մնալ, շատ հոգնել, հայհոյանքների արժանանալ ֆեյսբուքներում, առհասարակ՝ չեն ուզում երկար ժամանակ ընդդիմություն լինել։ Դա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը մի փոքրիկ «զեփյուռից» արագ քանդվում են, ընդդիմադիր գործիչները փոքրիկ գայթակղություններին չեն դիմանում, եւ մեկ էլ տեսնում ես՝ հայտնի գործիչը Կանադայում կամ ԱՄՆ-ում ապաստան է ստացել եւ շարքային քաղաքացու կյանքով է ապրում՝ բավարարվելով կուշտ ուտելու, լավ հագնվելու եւ այլ սպառողական հաճույքներ ունենալու փաստից։ Կամ էլ ողջ կյանքում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձն անսպասելիորեն հրաժարվում է իր սկզբունքներից, համաձայնում իր համար ատելի, մերժելի իշխանությունների առաջարկին՝ միջին կալիբրի մի պաշտոն ստանում կամ շենք սարքելու տենդեր շահում եւ թաքցնելով «պատերազմի կացինը»՝ սկսում է համագործակցել հակառակ ճամբարի հետ։ Շարքային մարդիկ էլ պատրաստ չեն երկարատեւ պայքարի։

Հասարակությունը նրանց մղում է գործարքների գնալու, այսրոպեական շահը գերադասելու, սկզբունքները մի կողմ դնելու եւ հակառակորդների հետ համաձայնություններ կնքելու։

«Բա քեզ պետք ա՞», «մի կյանք ենք ապրում»՝ ասում են շրջապատից բոլորը, եւ պայքարող մարդու կամքը կոտրվում է։ Կարո՞ղ ենք արդյոք մեղադրել տիկին Գայանեին եւ զոհվածների ծնողներին՝ պայքարը դադարեցնելու համար, եթե մենք՝ բոլորս հակված չենք հրաժարվելու մեր փոքրիկ կոմֆորտից։ Կարծում եմ՝ ոչ։