Այդ մարդը հակասում է Արցախի հանձնման Փաշինյանի ուղեգծին եւ նրա մեջ Փաշինյանը տեսնում է վտանգ, մրցակից

Այդ մարդը հակասում է Արցախի հանձնման Փաշինյանի ուղեգծին եւ նրա մեջ Փաշինյանը տեսնում է վտանգ, մրցակից

«Հրապարակի» զրուցակիցն է ԵՊՀ դոցենտ, «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը:

-Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը ՀԱՊԿ-ի զորվարժություններին չմասնակցելու մասին՝ այն, որ Ադրբեջանը դա կարող է իր նկատմամբ սպառնալիք դիտարկել, հակառուսական քաղաքականության բաղադրի՞չ կարելի է դիտել:

-Հակառուսական բաղադրիչն այդ ասուլիսի առանցնքն էր կազմում: Այդ ասուլիսը Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանից հանելու, Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մեղելու նոր և ավելի վճռական փուլի տեղեկատվա-քարոզչական փուլի նախապատրաստությունն էր: Մենք դա կարող ենք փաստացիորեն պարզել, հաշվի առնելով, որ այս ամբողջ ընթացքում Փաշինյանը, նրա ազդեցության տակ գտնվող տարբեր մարդկանց կողմից ղեկավարվող լրատվամիջոցները, նրա սատելիտ գործիչները հանրության շրջանում հակառուսական գիծն են տարել: Շատ պարզ օրինակ ասեմ՝ Բևեռի պիկետը, Բևեռի գործողությունները Հանրային Հեռուստատեսությունը լուսաբանում է մանրամասնություններով, բայց, օրինակ, Ռուբեն Վարդանյանի տեսակամուրջին չի անդրադառնում, հստակ ցուցիչ է և մի քանի առանցքային արտահայտություններ ասուլիսի ժամանակ, որոնցից կարևորագույնը թերևս այն է, որ փաստացիորեն դուրս է գալիս, որ իբր թե՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում: Սա էր ասածի հիմնական մեխը, որը դեռ կշարունակեն մեկնաբանել, փաշինյանական շեշտադրումներով, իրենց շահերի տեսանկյունից՝ սատելիտ լրատվամիջոցներով: 

-Ինչո՞ւ է Փաշինյանը մտահոգ Ադրբեջանի շահերով կամ ինչո՞ւ է այդքան շեշտում ադրբեջանական դիրքորոշումները:

-Ադրբեջանի գլխավոր նպատակը, այդ խաղաղության համաձայնագիր կոչվածի ստորագրումն է, որով պաշտոնապես Լեռնային Ղարաբաղը կճանաչվի, կհամարվի Արդբեջանի մաս: Սա գլխավոր նպատակն է, դրան հասնելու համար Ադրբեջանը նաև ավելի հեռուն գնացող պահանջներ է առաջ քաշում, այսինքն մաքսիմալիստական կեցվածք է դրսևորում՝ էքստերիտորիալ սկզբունքներով միջանցք, Հայաստանի ապառազմականացում, սահմանադրության փոփոխություն և անընդհատ շարունակվող սպառնալիքներ՝ Հայաստանի տարբեր մարզերի, շրջանների վերաբերյալ: Այս մաքսիմալիզմը, որն ուղեկցվում է տարբեր պահանջներով և սպառնալիքներով, նպատակ ունի ֆոն ստեղծելու և քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ անընդհատ խոսում է այդ մասին, երկուստեք սինխրոն գործելով, կարծես թե հայ ժողովրդին ասում են՝ տեսեք, թե ինչքան ավելիին կարող են հասնել ադրբեջանցիները, դրա համար եկեք շուտ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, հարաբերությունները կարգավորենք, այդ 29800 կմ քառակուսու վրա երջանիկ ապրենք: Այդ է պատճառը փաստորեն, որ ադրբեջանական թեզերը Նիկոլ Փաշինյանի կողմից կրկնվում, ուռճացվում և քողարկված կերպով այդ սպառնալիքը փոխանցվում է ժողովրդին, որ տեսեք, եթե ես իմ պլանավորած, իմ ուզած ձևով չգնամ հարցի կարգավորմանը, որը ենթադրում է Արցախի հանձնում Ադրբեջանին, փաստորեն շատ ավելի վատ հետևանքներ կունենան՝ մենք Հայաստանից տարածքներ կկորցնենք և այդպես շարունակ:

-Լավ, կարող է խոսել խաղաղության պայմանագրից, սակայն ինչո՞ւ հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց:

-Գիտեք, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ քանի որ ՀԱՊԿ-ը սեպտեմբերին 13-14ին Արդբեջանի ագրեսիայի պայմաններում մեզ չպաշտպանեց, հետևաբար մենք էլ չենք մասնակցում այդ զորավարժությանը: Նախ խաղաղապահ զորավարժությունը շատ շուտ էր ծրագրվել և եթե ծրագրվել էր և Հայաստանը դրան տվել է իր համաձայնությունը, նախ պետք է չտար այդ համաձայնությունը, երկրորդ, եթե տվել է, հետո ինչ-ինչ վերապահումներ է ունեցել, ինչու ժամանակին չեն վերահասցեավորվել: Դիցուք, ենթադրենք, վստահություն չի եղել ՀԱՊԿ որոշ գործընկերների նկատմամբ, որոնք ավելի մոտ են Արդբեջանի, քան Հայաստանի հետ, որ վտանգ է եղել, որ նրանք ադրբեջանական կողմին կարող են ինչ-որ տեղեկություններ հաղորդել, եթե այդպիսի խնդիր կար, հենց այդ ժամանակ պետք էր այդ կասկածները, այդ մտայնությունները հաշվի առնելով՝ չեղարկվեր, բայց դա տեղի չի ունեցել, տեղի է ունենում հիմա, այս պահին, այս իրավիճակում: Դա Ռուսաստանին տարածաշրջանից հանելու նոր փուլի արտահայտչամիջոցներից մեկն է և սա առաջին հերթին ուղերձ է՝ ուղղված դեպի արևմուտք, որ տեսեք, ես կատարում եմ իմ հանձնարարությունը, իմ տնային աշխատանքը, ի լուր ողջ աշխարհի՝ ապտակում եմ ՀԱՊԿ-ին: Թե ինչ նշանակություն կունենա սա, ինչ հետևանք կունենա մեր անվտանգության վրա, կարելի է պատկերացնել:

-Ռուսաստանը թույլ կտա՞, որ Հայաստանի իշխանությունների միջոցով իրագործվի Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից վերջնական դուրսբերումը։ Չէ որ դա կնշանակի պատերազմական օջախների առաջացում Հյուսիսային Կովկասում:

-Ռուսաստանի թույլ տալը կամ թույլ չտալը կախված է նրա հնարավորություններից, ու ամբողջ իմաստն էլ հենց այն է, որ Ուկրաինայում մաքսիմալ հյուծվի Ռուսաստանը, մաքսիմալ նրա ռազմական ներուժը թուլացվի: Մենք փաստորեն տեսնում ենք Ուկրաինայում տեղի ունեցող համաշխարհային պատերազմ: Ուկրաինայում տեղի է ունենում աշխարհաքաղաքական բևեռների, ռազմական ուժի բախում՝ սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ամենամասշտաբային ռազմական գործողությունն է, սա մեծ պատերազմի դրսևորում է, որը տեղի է ունենում համաշխարհային նշանակալի դերակատարների միջև: Ուստի, որքան ռեսուրսատար է ուկրաինական ուղղությունը, այնքան ռեսուրսները և ազդեցությունը քչանում է Հարավային Կովկասի համար: Դժվար է հստակ գնահատականներ տալը, որովհետև մենք փոփոխակի հաջողություններ ենք տեսնում: Վերջին օրերին հաջողությունները կարծես թե ռուսական կողմի օգտին են խոսում, հատկապես Սոլեդարի ու Բախմուտի գրավումը ռուսական զորքերի կողմից, բայց չենք կարող ասել, ինչպես կաշարունակվի դինամիկան: Մեզ համար, իհարկե, վատագույն տարբերակն այն կլինի այս իրավիճակում, երբ որ Հայաստանը դեռևս չի բազմազանեցրել իր անվտանգության աղբյուրները, Ռուսաստանի ազդեցության թուլացման պարագայում այլ դաշնակիցների ձեռքբերման ուղղությամբ շոշափելի քայլեր չի կատարել և կարծես թե ապավինում է, որ Թուրքիայի ենթադաշնակիցը դառնա՝ քայլերը դրան են տանում Հայաստանի: Վատագույն սցենարը մեզ համար, կարող է լինել, որ Ռուսաստանը դուրս մղվի: Թույլ կտա, թե թույլ չի          տա՝ միգուցե իրենից կախված չի լինի: Բնականաբար Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական շահերի տարածաշրջան է և աշխարհի մյուս խաղաղացողները, մասնավորապես ԱՄՆ-ն երկար տարիներ դիտարկել են Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտի: Այժմ տեղի է ունենում դրա վիճարկման գործընթացը, բնականաբար Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի դա տեղի չունենա, բայց փաստացի Հայաստանի գործողությունները թիկունքից հարվածի էֆեկտ են ստեղծում դաշնակցի նկատմամբ:

-Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ի՞նչ կարող է անել Իրանը:

-Իրանի կողմից նկատվել է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու մտադրություն… Հյուպատոսության բացումը Կապանում այս ուղղությամբ կարևոր քայլ է, սակայն Հայաստանի կողմից չի նկատվում Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա դնելու ցանկություն: Փոխօգնության պայմանագիր կնքելով դա կարող է լինել, իրանական արտադրության զենքի ձեռքբերում դա կարող է լինել, այսինքն, որպեսզի առարկայական քայլեր իրականացնի Իրանը, պետք է նաև Հայաստանը շահագրգռություն ցուցաբերի: Եթե իրավիճակը պահանջում է, ապա ադրբեջանական ագրեսիայի դեպքում, հրավիրելով Իրանից զորակազմ այստեղ, որովհետև Իրանի շահը դա պահանջում է: Հետևապես, թե ինչու առարկայական քայլ չի ձեռնարկել, դա պետք է լինի Հայաստանի համաձյանությամբ, Հայաստանի կողմից համարժեք, ադեկվատ արձագանքելու պարագայում: Մինչդեռ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքականությունը տարածաշրջանում ոչ թե Թուրքիային և Ադրբեջանին բալանսավորելու մեջ է, այսինքն Ձեր ասած հակաքայլը կլիներ այն պարագայում, երբ Հայաստանի քաղաքականությունը տեղավորվեր թուրք-ադրբեջանական տանդեմին բալանսավորելու, հակակշռելու տրամաբանության մեջ: Մինչդեռ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը տանում է Թուրքիայի ստորադաշնակիցը դառնալու ուղով: Եվ դրանով է պայմանավորված, որ անվտանգային պոտենցիալը, որ առկա է հայ-իրականական հարաբերություններում փաստացի չի օգտագործվում, նաև նպատակադրված չի օգտագործվում: Այդ թվում երբեմն խոսում են ամերիկյան սանկցիաներին չենթարկվելու հետ կապված, բայց ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգները երբեք ու երբեք սանկցիա չի կիրառի Հայաստանի նկատմամբ, եթե տեսնի, որ Հայաստանը կենսական-անվտանգային նշանակություն ունի: Ինչի համար չի կիրառում, երբ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա: Իսկ այսօր Ռուսաստանը ԱՄՆ-ի թիվ մեկ հակառակորդն է իր բոլոր դրսևորումներով: 

-Մեկ ամսից ավելի Արցախում բլոկադա է, իրավիճակն ամեն օր ավելի է վատանում եւ հանկարծ արտահերթ ընտրությունների մասին հայտարարություն է հնչում: Բուն Արցախում կայացված որոշո՞ւմ էր, թե՞ դրսից թելադրված:

-Կարծում եմ, երկրորդ տարբերակն է: Արցախում, կարծում եմ, հասկանում են, որ այս բլոկադայի պայմաններում Ռուսաստանի թուլացած վիճակի պայմաններում, երբ որ արդբեջանական սադրանքների հավանականությունը բարձր է, արտահերթ ընտրությունների իրականացումը կարող է պրոբլեմների բերել: Տարբեր մարդիկ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ տվել են իրենց գնահատականը, կարելի է համաձայնել այդ գնահատականի հետ, որ Արցախում ընտրությունների անցկացումը կարող է զուգորդվել արդբեջանական սադրանքներով և ընտրությունները տեղի չունենան և Արցախը հայտնվի կոլապսային իրավիճակում, չունենա իշխանություն, ինչը որ Ադրբեջանի ցանկությունն է: Կա նաև կարծիք, որ այդ իրավիճակն այն է, ինչը ձեռնտու է և Ալիևին, և Նիկոլ Փաշինյանին, ինչը կարագացնի ադրբեջանանպաստ կարգավորումը Արցախի հարցի։ Դիցուք մեծ քանակությամբ հայերի դուրս գալով Արցախից: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ փաստորեն Ռուբեն Վարդանյանի գործողությունները, պայքարի, չհանձնվելու գործողությունները Նիկոլ Փաշինյանի համար բացասական սիգնալներ են հանդիսանում: Փաստորեն նրա ուղեգիծը, որ Արցախը պետք է հանձնվի ու չխանգարի Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Ռուբեն Վարդանյանի ուղեգիծը խանգարում է: Մնալ, պայքարել, զիջում չանել, զիջման համար հիմքեր չստեղծել՝ հակասում է այդ տրամաբանությանը, բացի այդ՝ ճիշտ պայքարող մարդու դեֆիցիտի պայմաններում Ռուբեն Վարդանյանի մեջ Նիկոլ Փաշինյանը փաստորեն իրական վտանգ է տեսնում: Որովհետև տրամաբանական չէր լինի ավելի հանգիստ ու փափուկ կյանքը թողած, գնում է և ներգրավվում է պրոբլեմատիկ իրավիճակների մեջ ու այդ մարդու նկատմամբ իշխանությունները սկսում են դաժան արշավ՝ սա այլ բացատրություն չունի: Մեկ՝ այս մարդը հակասում է Արցախի հանձնման Նիկոլ Փաշինյանի ուղեգծին, երկրորդ՝ ի դեմս այս մարդու Նիկոլ Փաշինյանը տեսնում է վտանգ, մրցակից և այս տրամաբանությամբ է հարցի պատասխանը:

-Արդյոք Փաշինյանի՝ Դավոս չմեկնելու մեջ քաղաքական ենթատեքստ կա՞:

-Դժվարանում եմ մեկնաբանել՝ ինֆորմացիայի սակավության խնդիր կա։ Գուցե հայկական կողմի համար այնտեղ գտնվելու օրակարգ չկար, ասելիք չկար: 

-Ո՞րն էր Վահագն Խաչատուրյանի՝ Էստոնիա այցի գլխավոր նպատակը:

-Վահագն Խաչատուրյանի վոյաժներն էլ հակառուսական ուղեգծի հերթական դրսևորումներն են, հերթական ու մի քիչ կոպիտ, գռեհիկ դրսևորումներն են, որովհետև, վերջիվերջո, հասկանալի է, որ կյանքը շարունակվում է, բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրության, պետության գլուխը, 120 հազար հայերի շրջափակված և հումանիտար աղետի ճիրաններում գտնվելու պարագայում, իրենց ինչ-որ հույս տալու փոխարեն դաշնամուրային զվարճալի վիճակներում է իրեն դրսևորում։ Իրեն արվեստագետ, բարձրաշխարհիկ մարդ ներկայացնելու, փիարվելու ճիշտ պահը չէր առնվազն: Եվ հենց Էստոնիայում էլ չի խուսափել Ռուսաստանի՝ պարտավորությունները չկատարելու վերաբերյալ գնահատականներ տալուց, ինչը հերթական դրսևորումն է նրա, որ Հայաստանը փաստորեն հեռանում է Ռուսաստանից և ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից։