Ինչու է ուշանում Կենդանաբանական այգու տնօրենի մրցույթը

Ինչու է ուշանում Կենդանաբանական այգու տնօրենի մրցույթը

Կենդանաբանական այգու շուրջ ստեղծված երկար խմորումներից հետո՝ 2019-ի նոյեմբերին, քաղաքապետարանն այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Վլադիրմիր Սիմոնյանին, ով մինչ օրս շարունակում է պաշտոնավարել որպես ԺՊ, քանի որ պաշտոնապես դեռ մրցույթ չի հայտարարվել, թեպետ արդեն 8 ամիս է անցել։ Ի դեպ, Սիմոնյանի նշանակվելուց ի վեր այգու աշխատակիցները կա՛մ հեռացվում են աշխատանքից, կա՛մ սեփական դիմումի համաձայն՝ հեռանում, ինչի մասին բազմիցս է գրվել մամուլում։ 

Հաշվի առնելով չհայտարարված մրցույթը՝ հարցում ուղարկեցինք Երեւանի քաղաքապետարան,  խնդրելով պարզաբանել, թե ինչ պատճառներով է ձգձգվում ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը, երբ այն կհայտարարվի, ինչ ձեւաչափով։ Ինչին ի պատասխան՝ քաղաքապետարանը նշել է, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ է եղել կասեցնել հայտարարագրված գործընթացը եւ ժամանակավորապես չհայտարարել նոր մրցույթներ։ «Միաժամանակ հայտնում ենք, որ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի ՀՀ-ում արտակարգ դրության ավարտից հետո»,- նշված է պատասխանում։ 

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՈԱԿ-ի տնօրենը պետք է համապատասխանի մի շարք պայմանների, այդ թվում՝ ունենա բուհի ավարտական բարձրագույն բակալավրիատի, մագիստրատուրայի դիպլոմ,  քաղաքապետարանին խնդրեցինք՝ այդ մասով եւս տրամադրել տեղեկություն, որը կփաստի այդ պաշտոնին Վ․ Սիմոնյանի համապատասխանելու հանգամանքը, քանի որ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ներկայացված դիպլոմները կեղծ են։  

Երեւանի քաղաքապետարանը մեր հարցմանն ի պատասխան նշել էր, որ Վլադիմիր Սիմոնյանը 1999-2000թթ․ սովորել է Ամստերդամի միջազգային ավագ դպրոցում, սակայն նշված չէր դպրոցի լիարժեք անվանումը, որը հնարավորություն չի տալիս ստուգելու՝ արդյոք նման դպրոց գոյություն ունի՞ Ամստերդամում, թե՞ ոչ: Նույնը վերաբերում է 2000-2002թթ. ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանում ուսանելուն, ու դարձյալ պարզ չէ՝ դա Ռուսաստանում գոյություն ունեցող համալսարա՞ն է, թե՞ Հայաստանում գրանցված մասնաճյուղ: Վերջապես, եթե համալսարան է, ինչո՞ւ  է Վ․ Սիմոնյանը սովորել ընդամենը 2 տարի, այլ ոչ լիարժեք՝ 4, որով լիիրավ կհամարվեր բակալավրի կուրս անցած շրջանավարտ: Ավելին, այդ ժամանակահատվածում՝ 2000թ.-ին, Սիմոնյանը պետք է հաշվառման կանգնած լիներ ՀՀ զինված ուժերում՝ ծառայելու (ծնվ. 1984թ.), սակայն նա, ինչպես կարողացանք պարզել, այդ ընթացքում նույնիսկ ՀՀ-ում չի գտնվել, մինչդեռ այս մասին քաղաքապետարանն առհասարակ գերադասել է չանդրադառնալ՝ թաքցնելով Վ․ Սիմոնյանի՝ հայրենիքին մատուցած ծառայության բացակայության մասին տվյալները։

Է՛լ ավելի հետաքրքրական է Վ․ Սիմոնյանի «միջազգային» կրթությունը: Քաղաքապետարանը նշում է, որ Վլադիմիր Սիմոնյանը 2002-2004թթ․ սովորել է Մեծ Բրիտանիայի Շիլերի միջազգային համալսարանում, որտեղ առկա են մի քանի անհամընկնումներ: Մասնավորապես, Շիլերի միջազգային համալսարանի վեբկայքում նշված են այս մասնավոր համալսարանի մասնաճյուղերը, այն է՝ Մադրիդ, Հայդելբերգ (Գերմանիա), Փարիզ, Թեմբա Բեյ (Ֆլորիդա, ԱՄՆ) եւ առցանց կուրսեր, ու ոչ մի հիշատակում Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի մասին: Մի փոքր ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ Շիլերի միջազգային համալսարանն առհասարակ մասնաճյուղ չունի Մեծ Բրիտանիայում. վերջինս փակվել է (ի դեպ, Վիկիպեդիայում եւ մամուլում այդ մասով տարբեր տարեթվեր են նշված)։ 

Հաջորդիվ նշվում է, որ 2004-2006թթ․ Վլադիմիր Սիմոնյանը սովորել է Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդում, ուր դարձյալ, բացակայում է մասնավորեցումը․ արդյոք Օքսֆորդ ասելով՝ նկատի ունեն հեղինակավոր համալսարա՞նը, թե՞ քոլեջը: Դատելով սովորելու տարեթվերից՝ խոսք չի կարող լինել Օքսֆորդի համալսարանի մասին, սակայն, եթե ենթադրենք, որ սովորել է քոլեջում  ապա ստացվում է, որ Վ․ Սիմոնյանն ունի միջին մասնագիտական, սակայն ոչ բարձրագույն կրթություն, ինչը կարեւոր նախապայման է ՊՈԱԿ-ի կառավարումը ստանձնելու համար: Ավելին, ի պատասխան մեր գրությանը՝ քաղաքապետարանը շրջանցել է նաեւ Վ. Սիմոնյանի աշխատանքային փորձառությունը, թե նախկինում որտեղ է աշխատել, ինչ պաշտոններում, ինչ հիմնարկներում՝ նշելով միայն, որ 2007 թվականից ի վեր ունի աշխատանքային փորձ կառավարման ոլորտում:   

Թեպետ քաղաքապետարանից վստահեցնում են, որ Վլադիմիր Սիմոնյանի՝ կառավարման ոլորտում ունեցած կրթությունը հանդիսանում է բավարար հիմք՝ ՀՈԱԿ-ի կառավարումն իրականացնելու համար, բայց նրա կրթությանն առնչվող վերոնշյալ տվյալները վկայում են այն մասին, որ քաղաքապետարանը չի ստուգել այս տվյալները կամ էլ աչք է փակել ներկայիս տնօրենի ԺՊ-ի կոմպետենտության վրա, ինչը մի կողմից խոհեմ չէ, մյուս կողմից էլ՝ պարզ չէ, թե ում է ձեռնտու, եւ ինչու է ուշանում Կենդանաբանական այգու տնօրենի մրցույթը։