Երբեք ժողովուրդն այսքան մեկուսացված չի եղել երկրի կառավարումից, ինչքան այսօր

Երբեք ժողովուրդն այսքան մեկուսացված չի եղել երկրի կառավարումից, ինչքան այսօր

Պարադոքսալ ժամանակների ու ամենաանհավանական պարադոքսների ժամանակներում ենք ապրում։ Բոլոր այն լոզունգներն ու սկզբունքները, որոնք գործածության մեջ են եղել վերջին տարիներին, պարզվեց՝ իրականում չեն գործում։ Ավելին՝ կարելի է որեւէ սկզբունք, ծրագիր, կարգախոս, գաղափար առաջ քաշել եւ անել ճիշտ հակառակը։

Ասենք՝ հայտարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների գլխավոր անելիքն է եւ 2018-ին իշխանության գալով մենք «վերացրել ենք» կոռուպցիան։ Սակայն հետո պարզվի, որ ոչ նախկին կոռուպցիոներներին են կարողանում բացահայտել, ոչ էլ կոռուպցիան են երկրում վերացրել։ Ավելին՝ ժամանակին լատենտ, քողարկված կոռուպցիային փոխարինել է իրական համակարգային կոռուպցիան՝ երբ պետական բյուջեից, անթաքույց գողանում են եւ կոռուպցիան ծաղկում է բոլոր իմաստներով, ասենք՝ ազգուտակերով պաշտոններ են զբաղեցնում, մեկ անձից գնումներ անում՝ առանց մրցույթների, մի քանի օր առաջ բացված կազմակերպությունները տենդերներ են շահում եւ այլն։ Իսկ քրեական գործեր հարուցվում են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ յուրայիններին թույլատրված է ամեն ինչ անել եւ անպատիժ։ 
Կարելի է, ասենք, հայտարարել, որ չի հանձնվելու ոչ Արցախը, ոչ ազատագրված տարածքները, հայհոյել նախկին բանակցողներին, որոնք բանակցել են միայն «հողը հանձնելու» շուրջ, ապա ամեն ինչ անել, որ հողի հանձնման պրոցեսն իրականություն դառնա։ Ավելին՝ հողերը հանձնել ոչ թե գոնե ղարաբաղյան հարցի կարգավորման պատմության ընթացքում մշակված վատագույն բանաձեւով, ասենք՝ Լավրովի պլանով, այլ բուն Արցախի տարածքը, որի շուրջ երբեւէ խոսակցություն չի գնացել եւ որը երբեւէ բանակցային սեղանին չի եղել։ 

Կարելի է ողջ օրը խոսել ժողովրդի իշխանությունից, ձեւացնել, թե ժողովուրդն է ամեն ինչ որոշում, որ Հայաստանում այլեւս երբեք ժողովրդի քվեն չի գողացվելու եւ ոչ մի հարց այլեւս առանց ժողովրդի չի լուծվելու՝ հանրաքվեներ եմ անելու, հատ-հատ ձեր կարծիքն եմ հարցնելու՝ նոր ինչ- որ լուծում եմ տալու, ապա գաղտագողի, մի քանի ժամվա մեջ՝ անգամ առանց իշխանական վերնախավի եւ Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցելու, փաստաթուղթ ստորագրել եւ ամեն ինչ հանձնել։ 

Կարելի է ողջ օրը հոխորտալ, թե՝ չկասկածեք իմ Գերագույն հրամանատարի որակների վրա, ասֆալտին եմ փռելու, պատերին եմ ծեփելու, ամեն օր կրկնել հորդորնը՝ ուղղված ժողովրդին՝ «դուխով», խոսել 2050 թվականի ծրագրերից, աշխարհը գրավելու եւ անգամ օլիմպիական չեմպիոններ ու 5 միլիոնանոց Հայաստան ունենալու պլաններ կազմել, իսկ երբ գա վճռական պահը՝ դառնալ կատու օտարների առաջ եւ չնչին դուխ անգամ չդրսեւորել՝ համաձայնելով ամենաստորացուցիչ համաձայնություններին ու պարտադրանքներին։ Մեր ամենավատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ այսքան կոտրված ու ընկճված մարդ կկանգնի երբեւէ պետության գլխին, որը ոչ միայն իր անելիքը չի իմանա ու երկիրը կտանի կործանման, այլեւ տարրական արժանապատիվ կեցվածք չի կարողանա դրսեւորել օտար նախագահների մոտ եւ կխայտառակի մեր ազգը։ Առհասարակ՝ մարդու ամենամերժելի տեսակը թույլերի մոտ՝ կատու ճղող, ուժեղների մոտ՝ կատու դարձած տեսակն է։ Այն մարդու, որն իրենից ներքեւ կանգնածին կարող է ստորացնել, իսկ իրենից վերեւ կանգնածի մոտ դառնում է համեստ ու խոնարհ՝ նրա ամեն ասածը կատարելուն պատրաստ։ Սա ամենավտանգավոր տեսակն է, որին չի կարելի մոտ թողնել իշխանությանը, պատասխանատվություն ենթադրող պաշտոններին։ Սա այն կոշիկ լիզող տեսակն է, որի դեմ ատելությունից աղավաղված դեմքով ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը, չենթադրելով, որ մի օր հենց ինքն է հայտնվելու այդ վիճակում եւ շատ ավելի նսեմացած, քան նրանք, ում քննադատում էր ժամանակին։

Բայց ամենամեծ մեղքն ու հանցանքը սուտն է, որը պարուրել է մեր կյանքի վերջին մի քանի տարին՝ երբ մարդու խոսքն ու գործն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Երբեք Հայաստանի հասարակությունը, ՀՀ քաղաքացիներն այսքան օտարված չեն եղել իշխանությունից, այսքան անօգնական եւ անմասնակից չեն եղել երկրի կառավարմանն, ինչքան այսօր։ Գումարած՝ երբեք մարդիկ այսքան նվազ տեղեկացված չեն եղել, թե ինչ քայլ է պատրաստվում անել առաջիկայում իշխանությունը, ինչ բախտորոշ որոշում է պատրաստվում կայացնել՝ առանց իր հետ խորհրդակցելու։ Ժողովուրդը մեր երկրում, փաստորեն, վերածվել է մի սովորական պտուտակի, որը լրատվամիջոցներից է իմանում իր գլխին գալիքը կամ՝ հետին թվով։ Այսինքն, այն վարչապետը, որն ամեն օր սեր էր բացատրում, խոնարհվում ու հպարտանում ժողովրդով, ամեն օր համոզում էր մեզ, որ մեր երկրում ժողովուրդն է այլեւս որոշում ամեն ինչ, որն ընդդիմության պահանջները չէր կատարում՝ հայտարարելով, որ՝ չեք կարող այլեւս ժողովրդից խլել նրա կամքը եւ այլն, իրականում խաբում է եւ արհամարհում է ժողովրդի կամքն ու կարծիքը։ Իրականում ժողովուրդը նրա համար գոյություն չունի եւ եթե մի փոքր խելացի լիներ, վաղուց հասկացած կլիներ, որ այս իշխանությունն ամենաէլիտար իշխանությունն է Հայաստանի պատմության մեջ եւ երբեք իշխանական լծակներն այսքան կենտրոնացած չեն եղել որեւէ նախագահի կամ վարչապետի ձեռքում եւ երբեք ժողովուրդն ու նրա շահերն այսքան արհամարհված չեն եղել, որքան այսօր։

Սվետա Մարտիրոսյան