Արդյո՞ք սա եւս չի դառնա գործիք՝ «ոչ արժանի» ռեկտորներին զսպելու համար

Արդյո՞ք սա եւս չի դառնա գործիք՝ «ոչ արժանի» ռեկտորներին զսպելու համար

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը նախօրեին ներկայացրել է ոլորտի բարեփոխումներն ու անդրադարձել աստիճանաշնորհման կարգի, գրագողության դեպքերի կանխման, գիտության միջազգայնացման, այլ երկրների հետ համագործակցության եւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ գիտական կոչումների կարգի վերաբերյալ մի շարք հարցերի: 
Մեր ուշադրությունը գրավեցին հատկապես գիտական կոչումների կարգի հետ կապված՝ Կարեն Քեռյանի գնահատականները։ Ինչպես հայտնի է, կառավարության կողմից այս տարվա սկզբին հաստատվեց գիտական կոչումների կարգը, որում, ըստ Քեռյանի, երկիմաստ դրույթները հանվել են։ Նրա խոսքով՝ եթե «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքն ընդունվի, կոչումները մի քանի տարուց այլեւս չեն տրվի։ «Դրա համար այդտեղ ֆունդամենտալ փոփոխություններ չենք արել, բայց բոլոր բացթողումները հնարավորինս փորձել ենք վերացնել»,- նշել է նա։

Գիտական կոչումների կարգի մեջ թե մասնավորապես ինչն են փոփոխել, Քեռյանը մի քանի օրինակ է բերել․ «Գիտական կոչում ստանալու համար մանկավարժական ծանրաբեռնվածությունը հստակ դրված չէր, մինչդեռ ենթադրվում է, որ գոնե 0,25 ծանրաբեռնվածություն պետք է լինի։ Հիմա հստակ ամրագրվել է, որ 150 ժամ տարեկան ծանրաբեռնվածություն պետք է լինի։ Նաեւ շատ սողանցքներ կային, օրինակ` պրոֆեսորի կոչման կարող էին արժանանալ մի դեպքում շատ մեծ գիտամանկավարժական ստաժ ունեցողները, մեկ այլ դեպքում 30 տարվա ստաժն անհրաժեշտ չէր, եւ ոչ մի սահմանափակում չկար։ Հիմա ամրագրված է, որ 25 տարվա գիտամանկավարժական ստաժ պետք է ունենա թեկնածուն։ Մի խոսքով, պահանջները խստացվել են, եւ դրա հետեւանքով կարող է նույնիսկ որոշ բուհերի ռեկտորներ նախկինում ստացած կոչումն այս պահին չստանային, եթե կարգերն ավելի շուտ փոխված լինեին»։

Թե ինչ արդյունքների կամ հետեւանքների կարող են հանգեցնել այս փոփոխությունները, Կարեն Քեռյանը նշել է, որ բոլոր փոփոխություններն արվել են ժամանակավոր, գալիք երկու տարվա համար՝ ընդամենը երկիմաստ որոշումներից խուսափելու եւ սողանցքները փակելու նպատակով։ «Եվ եթե հանկարծ այնպես պատահի, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքը որոշ ժամանակով էլի հետաձգվի, այն ժամանակ հարկ կլինի որակական փոփոխություններ էլ կատարել գիտական կոչումների կարգում»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։ 
Կրթության փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի հիմնադիր տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի կարծիքով՝ այն, որ գիտական կոչումների եւ գիտական աստիճանների շնորհման կարգերը վերանայման կարիք ունեն, տեսանելի է ու անհրաժեշտություն:

ԲՈԿ-ի կողմից մշակված եւ ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 17-ի N 177-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի եւ դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» կարգը, ըստ նրա, վկայում է հենց դրա մասին․ «Պիտի համաձայնել ԲՈԿ-ի նախագահի այն դիտարկմանը, որ այն հիմնարար եւ արմատական փաստաթուղթ չէ եւ հիմնականում կրում է խմբագրական բնույթ: Բառամթերքի առումով խմբագրումը կատարված է ըստ ճաշակի եւ հայեցողաբար: Բովանդակային առումով առաջին տպավորությունն այն է, որ միտում կա՝ գիտնական-մանկավարժին առավել կապել իր հիմնական բուհին (կազմակերպությանը): Եթե դա իրականում այդպես է, անշուշտ, նաեւ խրախուսելի է, քանզի վաղ թե ուշ այս գործառույթն ամբողջությամբ պետք է վերապահվի բուհին (կազմակերպությանը): Այս առումով խրախուսելի է նաեւ բուհի կամ կազմակերպության գիտական խորհուրդների դերակատարման կարեւորումը, ինչպես նաեւ տվյալ հաստատություններում անընդմեջ աշխատելու պահանջի ժամկետային ձեւակերպումը: Որպես ձեռքբերում՝ նշվում է նաեւ 150 ակադեմիական ժամի պահանջը: Պնդում է կատարվում, թե 30 տարվա ստաժի պահանջը 25 տարվա ստաժով փոխարինելը փակում է «շատ մեծ գիտական ստաժ ունեցողների» անորոշ պահանջի սողանցքը, ինչպես պարոն Քեռյանն է ձեւակերպել, սակայն նախկին կարգում ես չեմ գտնում այս՝ «շատ մեծ գիտական ստաժ ունեցողներ» արտահայտությունը»:

Վ․ Մարտիրոսյանն ընդգծում է, որ որոշ դեպքերում նոր պահանջները ձեւական բնույթ են կրում: Այսպես, օրինակ․ «Կարգի 6-րդ կետի 5) ենթակետի` սպորտի բնագավառում պրոֆեսորի կոչում շնորհելու պահանջները խստացվել են, անհրաժեշտ է առնվազն երկու պահանջի բավարարում: Նախկին կարգում մեկ կետի տակ շարադրված էր հետեւյալ պահանջը. «Միջազգային մրցումների հաղթողներ են, պատրաստել են սաներ, որոնք օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մեդալակիրներ են»: Նոր կարգում սա կիսվել է երկու մասի եւ դարձել երկու պահանջ բավարարող կետ: Ակնկալիքներն այս առումով չեն կարող մեծ լինել, մամուլի ասուլիսից առավել հուսադրողը գրագողության կանխման նպատակով կատարվելիք աշխատանքների ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին հայտարարություններն են»,- ասում է փորձագետը: Հիշեցնենք, որ ԲՈԿ-ի կողմից առաջիկայում կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր, նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում գործարկել ԲՈԿ-ի ներսում, իսկ արդեն 2023-ից հասանելի դարձնել պարբերականների եւ մասնագիտական խորհուրդների համար:

«Իրոք, ձեւական, խմբագրական փոփոխություններ են, չենք կարող չհամաձայնել ԲՈԿ-ի նախագահի հետ: Սակայն, կարծում եմ, շան գլուխն այլ տեղ է թաղված: Ինչո՞ւ է ԲՈԿ-ի նախագահը մամուլի ասուլիսում հնչեցնում հետեւյալ դատապարտող միտքը՝ «կարող է որոշ ռեկտորներ նախկինում ստացած կոչումն այս պահին չստանային»: Արդյո՞ք սա եւս իր հերթին չի դառնա որոշակի գործիք, այսպես կոչված, բուհերի միավորման գործընթացն իրենց ուղղությամբ տանելու եւ որոշ «ոչ արժանի» ռեկտորների եւ պրոֆեսորադասախոսական կազմի զսպելու առումով»,- ասում է Վ․ Մարտիրոսյանն ու նկատում, որ մեզ մնում է միայն սպասել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքին եւ տեսնել, թե այս կարգը կամ կարգի նոր փոփոխությունն ինչ խնդիրներ կառաջացնի կամ ինչ դռներ կբացի գիտության եւ կրթության համար։