Վարակը կհաղթահարենք, իսկ գործազրկությո՞ւնը

Վարակը կհաղթահարենք, իսկ գործազրկությո՞ւնը

Մինչ աշխարհը նոր կորոնավիրուսի տարածման հանգամանքով պայմանավորված տնտեսական լուրջ խնդիրներ է կանխատեսում, փորձում միջոցառումներ ձեռնարկել, Հայաստանում նույնիսկ այս փաստն են հասցնում պոպուլիզմի մակարդակի՝ կոծկելով իրականությունը, որը սակայն շատ կարճ ժամանակահատվածում զգացնել կտա, հատկապես՝ ամենախոցելի խավի շրջանում:
Առաջին պտուղներն արդեն զգացնել են տալիս Սյունիքում, անհանգստության ալիքը Քաջարանում գլուխ է բարձրացնում, հազարավոր աշխատակիցների զբաղվածության խնդիրն անորոշ է: Ի՞նչ է իրականում կատարվում և ինչի՞ մասին են լռում իշխանությունները: Վերջին մեկ ամսում պղնձի գները անկում են գրանցում միջազգային շուկայում՝ Չինաստանում դրա պահանջարկի կտրուկ անկման ֆոնին։ Ինչը մեր տնտեսության, մասնավորապես՝ պղնձի արտահանման վրա, արդեն իսկ բացասական ազդեցություն է թողնելու։

Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ պղինձը ներկայում Հայաստանի արտահանման կազմում առաջին տեղում է՝ ըստ մաքսային արժեքի։ Հետևաբար, գնային տատանումներն իրենց զգալի ազդեցությունն են թողնելու արտահանումից ստացվող եկամուտների և պետբյուջե վճարվող հարկերի վրա։ Պղնձի արտահանումից ստացվում են զգալի արտարժութային ռեսուրսներ: Գների նվազման հետևանքով կկրճատվի արտարժույթի ներհոսքը, որն էլ նպաստելու է դրամի արժեզրկմանը: Հայաստանում առանց այն էլ վերջին տարիներին զգալի կրճատվել են օտարերկրյա ներդրումները, ուստի մեր տնտեսության համար արտարժույթի ներհոսք ապահովող ընկերությունները այժմ առավել քան կարևոր շարժիչ ուժ են: Փորձը ցույց է տվել, սովորաբար, մետաղների միջազգային գների անկումը անմիջապես բացասաբար է անդրադառնում մեր տնտեսության վրա: Առաջին հետևանքը մետաղների գների կտրուկ իջեցման արդյունքում կլինի այն, որ արտահանման ծավալները կնվազեն: Երկրորդը՝ դոլարի և ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը, որն արդեն իսկ տեղի է ունեցել:

Եթե այս պրոցեսները շարունակվեն, բնականաբար, դրանք կարող են հանգեցնել ներկրվող ապրանքների գնաճի, եթե արժույթի արժեզրկում ունենանք: Իսկ թե ստեղծված իրավիճակում ինչ քաղաքականություն են վարելու խոշոր հանքարդյուաբերողները դժվար չէ կռահել, արդյոք շարունակելո՞ւ են վնասով աշխատել, արդյոք մշակվա՞ծ է պետական քաղաքականություն՝ առանց այն էլ տնտեսության դիվերսիֆիկացման խնդիր ունեցող երկրի համար, որ ինքնահոսի չթողնվեն Հայաստանի տնտեսության համար էական դերակատարում ունեցող խոշոր ընկերությունները, ինչպե՞ս է լուծվելու այդ ընկերությունների հազարավոր աշխատակիցների հետագա զբաղվածության հարցը: Բազմաթիվ կարևոր հարցերի մասին իշխանությունները համառորեն լռում են՝ չունենալով խնդրի հաղթահարման որևէ գործնական քայլ կամ առաջարկ։ Փոխարենը առայժմ միակ փորձն է արվում խոշոր գործատուներին օրենքով ստիպել վճարելու աշխատակիցներին, սակայն ո՞րն է լինելու իշխանության հաջորդ պոպուլիստական քայլը, երբ վնասով աշխատող խոշոր ընկերությունները դադարեցնեն իրենց գործունեությունը՝ չունենալով պետության աջակցություն:

Նարեկ Դաջունց
Կապան