Ովքե՞ր են Lragir.am-ի անվան նմանությամբ մեդիադաշտ մտել

Ովքե՞ր են Lragir.am-ի անվան նմանությամբ մեդիադաշտ մտել

Lragir.am կայքի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը հայտնել է, որ հայտնվել է նոր «սունկ» կայք, որի հիմնադիրներն անբարեխղճորեն վերցրել են Lragir անվանումը։ Տեղեկացրել է նաև, որ  Lragir-ը որևէ կապ չունի մեդիադաշտում հայտնված lragir.info կայքի հետ: Հրապարակի» հարցին, թե պատրաստվո՞ւմ են մտնել դատարան՝ իրենց անունը վերցնելու հայցով, Հայկազն Ղահրիյանը ասաց․

«Չգիտեմ՝ օրենսդրությունը պետք է նայել, մերոնք՝ մեր իրավաբանները նայում են»։

Ամեն դեպքում, Ղահրիյանը իրենց անունը կամ բրենդը գողանալու միտում տեսնո՞ւմ է։ Նա ասաց․«Գիտեք՝ երբ օգտագործվում են «լրագիր» ,կամ «հրապարակ», կամ «ժողովուրդ» բառեր, որոնք ցանցում այսպես ասեմ՝ պոպուլյար բառեր չեն, սա, իհարկե, զարմանալի է, որովհետև սովորաբար միջազգային բաներ են բացում՝ times, news, թվեր։ Բայց միանշանակ չեմ կարող ասել, որովհետև շատ էլ չեմ հետաքրքրվել»։

Թեև կայքում նշված չէր հեռախոսահամար, այն ուներ ֆեյսբուքյան էջ, որին պատասխանած երիտասարդը նախ առաջարկեց հարցերի համար դիմել ոմն Սոնայի, որպեսզի նա տա այդ հարցի հետ կապված պատասխանը։ Շատ երիտասարդ և բարակ ձայնով աղջիկը բացատրեց, որ որևէ մեկի անունը չեն վերցրել՝ ստուգաբանելով․«Մենք ոչ թե կայքի, այլ  «լրագիր» իմաստով ենք վերցրել, այսինքն՝ լրատվություն։ Եվ հետո, մերը lragir.info է, իսկ ինքն արդեն եվրոպական տիրույթում է գործում, իսկ am-ը միայն հայկական տիրույթների համար է։ Ու լոգոյի տարբերություն կա, մեր լոգոն բավական տարբերվում է, ընդհանրապես նման չէ»։

Աղջկան հարցրեցինք, թե ի՞նքն է կայքի գլխավոր խմբագիրը։ Պարզվեց, որ չունեն գլխավոր խմբագիր, ինքն էլ «աշխատակցում է»։ Ապա քիչ անց հետ զանգահարեց առաջին երիտասարդը, որ փոխանցել էր լրագրողի համարը, և, ներկայանալով որպես հիմնադիր Հովհաննես Եգորյան, պարզաբանեց, որ ինքն է որոշել կայքի անունը։ «Իրենք հեղինակային իրավունք գրանցել են Lragir.am -ը, իսկ մենք՝Lragir.info, իսկ դա հեղինակային իրավունքի խախտում չէ, քանի որ մեկ կետի փոփոխությունը արդեն հեղինակային խախտում չէ»,-մեկնաբանեց նա։ Նա անգամ խնդրեց Հայկազն Ղահրիյանի համարը, որպեսզի զանգահարի և նրան ևս ասի։
 
Պարզեցինք նաև, որ կայքը գրանցվել է հունիսի կեսերին։ Բովանդակային առումով՝ հիմնականում՝ միջազգային լրահոս, կորոնավիրուս,պաշտոնական հաղորդագրություններ՝ Նիկոլ Փաշինյանի նշանակումներ, պաշտպանության, առողջապահության նախարարների ելույթներից պաշտոնական հաղորդագրությունններ և այլն։
 
Ունեն նաև մի ինտիմ՝ «Երկուսով» խորագիր, որում «Ինչ անել, երբ խանդը կրծում է հոգիդ», «1,5 ամսական հղի եմ, բայց ուզում եմ ամուսնալուծվել» և այլ վերնագրերով հոդվածներ կան։

Հովհաննես Եգորյանին հարցրեցինք՝ ի՞նչ ուղղվածության է լրատվամիջոցը՝ իշխանամե՞տ են, ընդդիմադի՞ր, ինչին ի պատասխան՝ ասաց․«Մենք ոչ մի քաղաքական ուժի չենք պատկանում, ճիշտն ասած, մենք անհատ լրատվական կայք ենք»։