Սերժ Սարգսյանի պես հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է պատժվում իր ագահության համար

Սերժ Սարգսյանի պես հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է պատժվում իր ագահության համար

Կորոնավիրուսի պանդեմիան Հայաստանի իշխանություններին կանգնեցրել է լրջագույն մարտահրավերի առջև։ Սա փորձություն է, որի միջոցով անցնում ենք մենք՝ բոլորս, բայց նախևառաջ ՀՀ նորաթուխ իշխանությունները, որոնք չէին հասցրել դեռ լիարժեք վայելել իշխանության բարիքներն ու հանկարծ նման համաճարակ է պայթում իրենց գլխին։ Չի բացառվում՝ այս համաճարակը նաև բախտորոշ լինի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետագա գոյության հարցում։ Համաճարակի՝ նման տեմպերով տարածումը երկրում կարող է որպես պատիժ հանդիսանալ Փաշինյանի կատարած որոշ քայլերին։ Նման դեպքերում մարդիկ հաճախ սկսում են մտածել վերերկրային ուժերի, նախախնամության և ճակատագրի մասին՝ հավատալով, որ սա գուցե Աստծո պատիժն է մարդկությանը իր գործած մեղքերի, իր ագահության, իր անզուսպ պահվածքի համար։

Այսօր ապրիլի 2-ն էր՝ ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցը։ Երկրի նախկին ու ներկա ղեկավարները՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն առանձին-առանձին այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու քառօրյայում զոհված հերոսների հիշատակին։ Սերժ Սարգսյանն այն ղեկավարն էր, որը երրորդ անգամ իշխանության եկավ հենց քառօրյայի առաջին տարելիցի օրը՝ 2017-ի ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տանելով։ Այդ օրերին բոլորը քննադատում էին նրան, որ ճիշտ չէ, բարոյական չէ ապրիլյան պատերազմի տարելիցի օրը նշանակել ընտրություններ։ Այդ օրը պետք է նվիրել հերոսներին, ոչ թե ընտրություններին։ Բարոյականից բացի իրավաբանները նաև իրավական խնդիրներ էին մատնանշում՝ պնդելով, որ Սահմանադրության խախտում է թույլ տալիս ՀՀԿ-ն՝ ընտրության օրը նշանակելով ապրիլի 2-ին։ Այստեղ հին ու նոր Սահմանադրությունների խնդիր կար, և առաջարկում էին ապրիլի 9-ին անցկացնել ընտրությունները, սակայն Սերժ Սարգսյանին ապրիլի 2-ն էր ձեռնտու, որով հետագայում կապահովագրեր թե՛ իր թիմի հաղթանակը, թե՛ մեկ տարի անց երկրի ղեկը երրորդ անգամ ստանձնելու հեռանկարը։ Այդպես էլ արեցին ՀՀԿ-ականները՝ թքած ունենալով թե՛ Սահմանադրության, թե՛ բարոյականության ու քառօրյայի հերոսների հիշատակի վրա։ Մեկ տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը, այս անգամ էլ խախտելով իր տված խոստումը, որ մտադիր չէ երրորդ անգամ նստել երկրի ղեկին, ընտրվեց վարչապետ։ Եվ այդ ագահությունը նրան չներվեց։ Նա ընդամենը մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության արդյունքում հրաժարական տվեց՝ կորցնելով իշխանությունը։ Սա եղավ պատիժ Սերժ Սարգսյանի ահագության դիմաց։ Չի բացառվում, եթե նա մեկ տարի առաջ չխախտեր Սահմանադրությունն ու գտնվեր ավելի բարոյական քառորյայի հերոսների հանդեպ, հետո էլ չդրժեր իր խոստումն ու չառաջադրվեր վարչապետի պաշտոնում, նա այսօր իշխանությունը կորցրած չլիներ։

Հիմա մոտավորապես նույն կերպ է վարվում Նիկոլ Փաշինյանը, ինչ ժամանակին Սերժ Սարգսյանը։ Նա էլ, խախտելով Սահմանադրությունը, անտեսելով քննադատություններն ու ոտնահարելով մի շարք օրենքներ՝ ապրիլի 5-ին նշանակեց սահմանադրական հանրաքվե, որպեսզի ամեն գնով ազատվի Հրայր Թովմասյանից ու նրա ղեկավարած ՍԴ կազմից։ Փաշինյանն իր նպատակին հասնելու համար կանգ չառավ ոչ մի բանի առջև, նա անգամ անտեսեց կորոնավիրուսի պանդեմիան ու արդեն Հայաստան ներթափանցման դեպքերը և դուրս եկավ քարոզարշավի։ Հայաստանում արդեն հաստատված դեպքեր կային, իսկ Փաշինյանը Սյունիքում քարոզարշավ էր անում, ծաղրում կորոնավիրուս, թե դա ում շունն է, որ մեզ համար խնդիրներ առաջացնի, Հրայր Թովմասյանին ու նախկիններին փռում ասֆալտին, ծեփում պատերին։ Եվ միայն տեմպերի ահագնանալուց հետո Փաշինյանը սթափվեց ու դադարեցրեց քարոզարշավը, հետաձգեց հանրաքվեն, բայց արդեն ուշ էր։ Սա էլ կարծես թե Նիկոլ Փաշինյանի ագահության պատիժն է։ Եթե Փաշինյանը չխախտեր Սահմանադրությունն ու մոլեռանդորեն չտրվեր անձնական ամբիցիաները բավարարելու հաճույքին, գուցե այսօր նա և մենք՝ բոլորս, այս ծանր իրավիճակում չհայտնվեինք։ Նման դեպքերում է, որ մտածում ենք՝ վերևում իսկապես Աստված կա, որն ընդունակ է պատժել մեզ մեր ագահության ու մեղքերի համար։