Փոխնախարարը նորմալ աշխատելու փոխարեն ընդդիմությանն է մեղադրում

Փոխնախարարը նորմալ աշխատելու փոխարեն ընդդիմությանն է մեղադրում

Երեկ՝ հունիսի 9-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում, ՀՀ արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար, Արմեն Փամբուխչյանը հայտարարեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր պրոադրբեջանական քարոզչություն են անում: Սրանից առաջ վերլուծաբաններն էին հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը շատ հարցերում համակարծիք են:

Արմեն Փամբուխչյանը վստահ է, որ ընդդիմությունն է օգնում Ադրբեջանին: Որոշեցի ուսումնասիրել քարոզչության նրբերանգները տարբերող պաշտոնյանի կենսագրությունը եւ, առնվազն, զարմացա: Նա իրավաբան է, աշխատել է վարկային կազմակերպություններում, բանկում, եղել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ: Հիշեցի, որ նույն ճանապարհն է անցել նաեւ ԱԻՆ-ում՝ նախ նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ: Ոչ մի խոսք քարոզչություն, հանրային իրազեկում, տեղեկատվություն եւ նման ոլորտներում մասնագիտական գիտելիքներ ունենալու մասին:

Լավ, ենթադրենք Արմեն Փամբուխչյանը հրաշամանուկ է եւ կարողացել է վարկերի հայտերը կարդալու արանքում ինքնակրթվել ու տարբերում է քարոզչության նրբությունները: Ու հենց այս պատճառով էլ նրան է վստահվել ԱԻ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գործունեությունը համակարգելու գործը: Արմեն Փամբուխչյանը չի համակարգում…համակարգում-թողում է ու դեռ փորձում ապացուցել թե տարբերում է լուրը քարոզչությունից կամ կարծիքը փաստից:

Երեք օրինակ բերեմ. Գեղարքունիքի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ մայիսի 21-ին Սեւանի թերակղզում գտնվող հանրային լողափում անցկացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում» թեմայով փրկարարական վարժանք, որին ներկա է եղել ԱԻ նախարարը: Արմեն Փամբուխչյանը ներկա չի եղել ու ԱԻՆ կայքում վարժանքի մասին ոչ մի հիշատակում չկա:
Երկրորդ օրինակը: ԱԻՆ կայքում հունիսի 9-ին լուր է տեղադրվել, որ Լոռու մարզում անցկացվել է քաղաքային որոնողափրկարարական թիմի 32-ժամյա վարժանք, որին ներկա են եղել ոչ միայն ԱԻ նախարարը, այլ նաեւ՝ Ճապոնիայի դեսպանը: Արմեն Փամբուխչյանը ներկա չի եղել: Լուրում չի նշվում վարժանքի անցկացման օրը: Լոռու մարզի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ վարժանքն անցկացվել է մարզկենտրոն Վանաձորում՝ երկու շաբաթ առաջ՝ մայիսի վերջին: Արմեն Փամբուխչյանի համակարգման արդյունքում միջոցառումը լուսաբանվել է երկու շաբաթ ուշացումով եւ թերի. չի նշվում միջոցառման անցկացման վայրը, ժամկետը եւ այլն:

Երրորդ օրինակը: ԱԻՆ կայքում Արմեն Փամբուխչյանի կենսագրությունն ավարտվում է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ վայր է դրել ԱԺ պատգամավորի մանդատը: Վերջ: Երբ է նշանակվել փոխնախարար, երբ՝ առաջին փոխնախարար՝ չի ասվում: Լրատվական կայքերից գիտենք, իհարկե, երբ:

Չէի ուզենա, որ այս հրապարակումից հետո Արմեն Փամբուխչյանը պնդեր, որ գիտի ինչ է քարոզչությունը, հանրային իրազեկումը կամ ասեր, որ պատշաճ կատարում է իր աշխատանքն ու իզուր չի վատնում մեր՝ հարկատուներիս փողերը: Հետո՝ մի քիչ գոռգոռար ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատողների վրա: Ինքն է համակարգում, թող ուշադիր լինի: Տեղի ունեցածի մեղքը ենթակաների վրա բարդելը պատասխանատվությունից խուսափելու դասական դրսեւորում է: Չնայած սա հատուկ է քայլոներին, բայց չէի ուզենա, որ հերթական անգամ լիներ: 

Մեր գործը որեւէ մեկին դատափետելը չէ: Մենք խնդիրն է ցույց տալ թերությունն ու բացը եւ լուծումներ առաջարկել: Դա էլ անում ենք. Արմեն Փամբուխչյան, ընտրապայքարի այս թեժ օրերին մի շտապեք շոյել ձեր կուսակցական շեֆի ականջն ու քլնգել ընդդիմությանը, խոսելով մի հարցից, որից հեռու եք կիլոմետրերով: Ընդամենը նորմալ կատարեք ձեր աշխատանքը: