Փաշինյանը չհանդիպեց հայ համայնքին, հավանաբար նեղված էր, որ Զարեհ Սինանյանին չի հաջողվել ունենալ փայլուն այց Ֆրանսիայի մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական պատվիրակության հետ մարտի 8-ին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրասիա, որտեղ բացի Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ հանդիպումներից նաեւ մասնակցել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Մենք զրուցել ենք CCAF հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ և հետաքրքրվել ենք, թե իր կարծիքով՝ ինչ կտա այդ ֆորումը երկու երկրների հարաբերություններին։ Ի դեպ, CCAF-ից համաժողովին մասնակցել է մյուս համանախագահը՝ Արա Թորանյանը, սակայն ֆրանսահայ հեղինակավոր շրջանակները չեն մասնակցել այդ համաժողովին, իսկ համաժողովից հետո չի կայացել հանդիպում ՀՀ վարչապետի եւ ֆրանսահայ համայնքի հետ։
«Սփյուռքը շատ հետաքրքրված է Հայաստանի զարգացման հարցով, մանավանդ այս վտանգավոր մթնոլորտի մեջ։ Ֆրանսահայությունը լավ ձևով գնահատեց Հայաստան-Ֆրանսիա տնտեսական ֆորումի կազմակերպումը։ Մենք ևս Ֆրանսիայի կառավարության հետ մասնակցել ենք ֆորումի միջոցառմանը։ Ճիշտ է, ես գտնվում էի Հայաստանում, բայց Արա Թորանյանը CCAF-ի անունից հանդես է եկել բացման խոսքով։ Գիտեք, որ մենք ունենք լավ հարաբերություններ բոլոր բարձր դասերի ուժերի հետ Ֆրանսիայում, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին բոլոր նախագահների հետ։ Հիշեցնեմ, որ Ժակ Շիրակը շատ լավ հարաբերություններ ուներ Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլա Սարկոզին՝ Սերժ Սարգսյանի, և այժմ էլ Էմանուել Մակրոնը՝ ունի լավ հարաբերություններ Նիկոլ Փաշինյանի հետ»։
Մուրադ Փափազյանն ընդգծեց՝ այն, որ Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ պետություններ են, դա նաեւ ֆրանսահայության կատարած աշխատանքի և կապերի շնորհիվ է։ Նրա խոսքով, պատերազմից հետո Ֆրանսիան առաջարկեց զորացնել տնտեսական կապերը Հայաստանի հետ։
«Բնականաբար մեզ համար սա դրական քայլ է, որովհետև կարևոր է և պետք վերակառուցել երկիրը, շունչ տալ ու զարգացնել նրա տնտեսական պոտենցիալը, որպեսզի ժողովուրդը զարգանա և իր կյանքը ապրի։ Պետության բոլոր օղակները պետք է շարունակեն այս տնտեսական հարաբերությունները պահպանել՝ սկսած վարչապետից մինչև նախարար, և այլ պաշտոնատար անձիք։ Պետք է աշխատեն բոլորը, որպեսզի ֆրանսիական ընկերությունները հաստատվեն Հայաստանի մեջ և կապ հաստատվի հայաստանյան և ֆրանսիական ընկերությունների միջև։ Պետք է քաջալերել Սփյուռքին, որպեսզի Սփյուռքն էլ իր ներդրումն ունենա, ոչ թե փորձել թուլացնել, ինչին ձգտում են հասնել այսօրվա իշխանությունները։ Պետք է նոր թափ տրվի, նոր մակարդակ ու շունչ դրվի երկու երկրների հարաբերությունների միջև։ Ֆրանսիան ուզում է հաստատել ավելի աշխույժ տնտեսական հարաբերություններ Հայաստանի հետ, և մենք կաջակցենք իրեն այդ հարցում»,-ասաց զրուցակիցս։ Իսկ կարո՞ղ է զուգահեռներ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և Զարեհ Սինանյանի՝ Ֆրանսիա կատարած այցերի միջև, Մուրադ Փափազյանն ասաց, որ Եթե Զարեհ Սինանյանը եկել էր Ֆրանսիա՝ հայ համայնքը թուլացնելու համար, ապա Նիկոլ Փաշինյանի այցը կապված չէր հայ համայնքի հետ։
«Փաշինյանը չի հանդիպել հայ համայնքին և որևիցե կապ չունի նրանց հետ։ Նա չուզեց հանդիպել համայնքին։ Այստեղից, մենք կարող ենք հասկանալ, որ Փաշինյանը նեղված էր, որովհետև Զարեհ Սինանյանին չի հաջողվել ունենալ փայլուն այց Ֆրանսիայի մեջ, ուստի հասկանում է, որ նա լավագույն ներկայացուցիչը չէ այսօր Սփյուռքում»,- ասաց Փափազյանը։
Մեր այն հարցին, որքանով կազդի այս այցը Մակրոնի օգտին՝ հայ համայնքի քվեարկության վրա, Փափազյանն ասաց, որ Մակրոնի և հայ համայնքի միջև հարաբերությունները բավականին լավ են։ «Մակրոնն ու իր թիմն ամեն տարի ներկա են լինում ապրիլի 24-ի միջոցառմանը կամ CCAF-ի կազմակերպած ընթրիքին։ Նա քանի անգամ հանդիպել է և լսել մեզ։ Ասեմ, որ հաշվեկշիռը բավական դրական է։ Համայնքն այսօր իր ազատությունն ունի, անշուշտ, ընտրությունների առիթով»,- զրույցը եզրափակեց CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Կարծիքներ