Չարենցավանում ցանկանում են հիմնել 1000 աշխատատեղով արտադրություն․ դիմել են կառավարությանը

Չարենցավանում ցանկանում են հիմնել 1000 աշխատատեղով արտադրություն․ դիմել են կառավարությանը

Շինարարական աշխատանքներով զբաղվող «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ հիմնադիր (2016) Գևորգ Պրազյանը և իր գործընկերները ցանկանում են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հիմնել թղթի, դեսպեի, լամինատի, մանրաթելային նրբատախտակի արտադրություն։ 


Նրանց աշխատանքային թիմը 1000 աշխատատեղ (մասնագետներով հագեցած, որից մոտ 700-ը լինելու է տարբեր քաղաքներից) նախատեսող  գործարար ծրագիր է կազմել ու ներկայացրել կառավարությանը, Էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են ընթանում։


«Եկող շաբաթվա մեջ սպասում ենք, որ նախարարը հրավիրի հանդիպման, որ ավելի առարկայական քննարկենք այն։ Ծրագիրը ո՛չ հաստատվել է, ո՛չ մերժվել, դրական միտումներ կան, որ մեր գաղափարն իրականություն դառնա։ Տարածքը, որտեղ արտադրությունը պետք է հիմնվի, մոտ է երկաթգծին։ Քանի որ Չարենցավան քաղաքն ունեցել է բազմաթիվ գործարաններ, արտադրական քաղաք է եղել, բնակչության մեծ մասը գործարանային արտադրությանը ծանոթ է։ Ինժիներական կազմը համեմատաբար մեծ է, փորձում ենք Չարենցավանում հիմնել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Պրազյանը։

Գործարարի խոսքերով՝ եթե հայաստանյան շուկայի պահանջարկը բավարարվի, հասարակությանն ավելի հասանելի լինի թուրքական (Պրազյանի խոսքերով՝ արտադրատեսակների մոտ 70 տոկոսը նախկինում ներմուծվում էր Թուրքիայից) կամ այլ արտադրանքների փոխարեն, արդեն արտահանման մասին կմտածեն՝ բանավոր խոսակցություններ են ունեցել Լեհաստանում ու Ֆրանսիայում հետագայի համար։  

Սկզբնական շրջանում Չարենցավանում արտադրամասի աշխատանքի համար նախատեսված է մոտ 1200 քմ տարածք։ «Նաև առաջարկել ենք, որ փուլային սկսենք։ Այսինքն՝ եթե ընդհանուր կոմպլեքսը հնարավոր չլինի արտադրել, համապատասխան ֆինանսներ չկարողանանք հայթայթել, առաջնահերթությունը տվել ենք թղթի արտադրությանը։ Եթե ընդլայնվենք, հետագայում որոշակի տարածքներ վարձակալությամբ կվերցնենք»,- նշեց նա։

Ապագա ընկերության համար դեռ անվանում չեն ընտրել, քանի որ դիմել են պետական աջակցության ու ցանկանում են այն քննարկել պետական մարմինների հետ։

Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել (թե՛ Սփյուռքից, թե՛ Հայաստանից), պատասխանեց․ «Ես Ռուսաստանում էլ գործնական, ընկերական կապեր ունեմ, հարազատություն ունեմ։ Առաջարկել են նաև Ռուսաստանում այսպիսի արտադրություն հիմնել, ներդրողը ցանկանում էր, որ այնտեղ հիմնենք, բայց ես հրաժարվել եմ։ Ուզում եմ, որ այս ամեն ինչը Հայաստանում լինի։ Թեկուզ ուշ, բայց Հայաստանում, որովհետև մենք դրա կարիքն ու պահանջարկն ունենք»։

Գևորգ Պրազյանը նաև հավելեց, որ արտադրությունը հիմնելու դեպքում պատրաստակամություն են իրենց վրա վերցնելու բացել արհեստագործական անվճար ուսումնական կենտրոն՝ երիտասարդների ուսուցման, վերապատրաստման համար։ «Պետք է լինելու, որ Հայաստանում մենք ունենանք լավ զոդողներ, խառատներ և նման մասնագետներ, ինժիներական կազմ։ Նպաստելու ենք բոլոր այն խելացի գաղափարներին, որը որ բարձրաձայնում է մեր երիտասարդությունը․ անօդաչու թռչող սարքեր և նման ռազմարդյունաբերություն։ Ունեմ տարածք, որտեղ ցանկանում եմ ստեղծել սահմանապահ շների բուծարան։ Անկախ նրանից՝ կստացվի ծրագիրը, թե չէ, բայց մեր շինարարկան ընկերության միջոցների հաշվին դա էլ ենք ցանկանում ստեղծել»,- եզրափակեց գործարարը։