Թրամփը «վրեժխնդի՞ր» կլինի իրեն քննադատող սպաներից. գեներալը չի կասկածում

Թրամփը «վրեժխնդի՞ր» կլինի իրեն քննադատող սպաներից. գեներալը չի կասկածում

ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբների պետերի հանձնաժողովի նախկին նախագահ, գեներալ Մարկ Միլին երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «մինչև ուղեղի ծայրը ֆաշիստ», ասվում է լրագրող Բոբ Վուդվորդի «Պատերազմ» գրքում։
Գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 15-ին, հատվածները տրամադրել է The Guardian-ը։

Միլին ԱՄՆ ԶՈւ Միացյալ շտաբը ղեկավարել է 2019-ից 2023 թվականներին: Ինչպես գրում է Վուդվորդը, գեներալն անհանգստացած է ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հեռանկարից։ 

Ըստ նրա, գերագույն գլխավոր հրամանատարը կարող է զինծառայության կանչել պաշտոնաթող սպաներին և ներկայացնել զինվորական տրիբունալ։ Այս հնարավորությունը չի կարելի բացառել, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսփերը նույնպես խոսել է Թրամփի ցանկության մասին՝ «վրեժխնդիր լինել» իրեն քննադատող սպաներից։

«Նա աշխարհի ամենավտանգավոր մարդն է։ Ես իմ կասկածներն ունեի, երբ պատմում էի նրա մտավոր կարողությունների վատթարացման մասին և այլն, բայց հիմա հասկացա, որ նա կատարյալ ֆաշիստ է։ Նա ամենավտանգավոր մարդն է այս երկրի համար»,- ասել է Միլին Վուդվորդի հետ զրույցում:
Գեներալը բազմիցս քննադատաբար է արտահայտվել նախկին նախագահի հասցեին. օրինակ՝ 2020 թվականին, երբ ոստիկանությունը արցունքաբեր գազ և մահակներ օգտագործեց ցուցարարների և լրագրողների դեմ Թրամփի ֆոտոշարքի ժամանակ, Միլին նշել էր, որ քաղաքական գործիչը «մեծ և անուղղելի վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին»։

Վուդվորդի գրքում ասվում է, որ այն բանից հետո, երբ 2021 թվականի հունվարին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում, Միլին պնդել է հանդիպել գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդի հետ՝ համոզելու նրան հետաքննություն սկսել «բռնի ծայրահեղականության և ծայրահեղ աջերի» վերաբերյալ։ Գեներալը «խորապես համոզված էր», որ Թրամփը շարունակում է մնալ «վտանգավոր երկրի համար», գրում է հեղինակը։

Թրամփն իր հերթին մեղադրել է Միլիին Չինաստանի հետ կուլիսային շփումների մեջ և ասել, որ նա «արժանի է մահապատժի»։