Ինչ է տեղի ունենում Աբխազիայում
Ըստ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, Աբխազիայում նորից անհանգիստ է։ Տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք սկսել են անհանգստացնել իշխանություններին, նույնիսկ Աբխազիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է կայացել։
«Այն, ինչ տեղի է ունենում ներկայում Աբխազիայում, մարգինալ տեղեկատվական թեմա է, որը հետաքրքրում է առնվազն շատ նեղ շրջանակ ունեցող մասնագետների։ Աբխազիան առաջատար ԶԼՄ-ների լրահոսներում այլեւս ձգձգվող էթնոքաղաքական հակամարտության մասին նորությունների մատակարարող չէ։ Աբխազական թեման ակտուալանում է միայն այն դեպքում, երբ սկսվում են խոսակցություններ՝ Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխության հնարավորությունների եւ այդ համատեքստում Մոսկվա-Թբիլիսի հնարավոր գործարքի մասին»,- գրում է Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում հրապարակած վերլուծականում։
«Աբխազիայում հիմա ամեն բան շատ բարդ է․ եւ ընթանում է այդ փոքրիկ երկրամասի սոցիալ-տնտեսական «բացահայտման» բավականին ծանր թեմայի արծարծումը։ «Առանձնատների մասին» գայթաքար հանդիսացած նախագիծը հասարակության ճնշման ներքո հետ է կանչվել խորհրդարանից, հանուն այն բանի, որ մեղմվի լարվածությունը, եւ պահպանվի կայունությունը հանրապետությունում։ Այդպես են ասում գոնե պաշտոնական Սուխումին ներկայացնողները։ Ապա արդեն աբխազական օրակարգ մտավ ՌԴ-ի հետ ներդրումային համագործակցության մասին համաձայնագրի կնքման հարցը։ Ըստ այդ համաձայնագրի նախագծի՝ ռուսական ընկերությունները կարող էին իրականացնել իրենց ներդրումային ծրագրերն աբխազական տարածքներում։
Աբխազիան փոքր երկիր է, եւ ամենքն ու ամեն բան աչքի առաջ են։ Իհարկե, այս նախաձեռնությունն ուներ եւ հիմա էլ ունի իր ակտիվ կողմնակիցները, սակայն կան նաեւ չափազանց պոռթկուն ընդդիմախոսներ։ Խնդիրն այս դեպքում,- ըստ Մարկեդոնովի,- իշխանությունների եւ ընդդիմության միջեւ եղած արդյունավետ հաղորդակցության բացակայությունն է»։ Ու եթե, ըստ քաղաքագետի, իշխանությունները բողոքի գործողություններում հակված են տեսնելու արտաքին հետք, ապա ընդդիմությունը չափազանց անհամբեր է ու հակված է կտրուկ քայլերի եւ արմատական մեկնաբանությունների, որոնք ավելի շատ հիմնված են զուտ էմոցիաների վրա։ Բացի այդ, Աբխազիայում կա նաեւ բողոքի գործողություններով իշխանության փոփոխության ավանդույթ։ Այդպես եղել է 2014 եւ 2020 թթ.։ Կա գայթակղություն որոշների մոտ՝ կրկնելու նույնը նաեւ այսօր, թեեւ այդ սցենարի կրկնությունը չափազանց ռիսկային է։ «Աբխազիայի ներքին անկայունությունը բացասաբար է ազդում ՌԴ արտաքին քաղաքականության վրա, ընդհանուր առմամբ։ Առաջին հերթին այն խաթարում է Մոսկվայի հանդեպ ունեցած վստահությունը, որ վերջինս կարող է կարգուկանոն հաստատել այն տարածքներում, որոնք համարվում են ռուսական հատուկ շահերի գոտի։
Աբխազիայում կարգուկանոնի բացակայությունը Ռուսաստանի հակառակորդների ձեռքին խաղաքարտ է դառնում միջազգային հարթակներում։ Սակայն, եթե անկեղծ լինենք, այն խնդիրները, որոնք կան այսօր Աբխազիայում, ունեն խորը արմատներ, որոնք հենց Աբխազիայում են եւ ոչ թե օվկիանոսից այն կողմ՝ «գունավոր հեղափոխությունների ճարտարապետների մոտ»։ Նախեւառաջ, աբխազական քաղաքական համակարգը պետք է հասունություն դրսեւորի եւ գիտակցի համերաշխ ազգային պատասխանատվության կարեւորությունը՝ սեփական ազգային պետական ինքնորոշման պահպանման հարցում։ Իշխանություններն ու ընդդիմությունը կարող են փոխվել տեղերով, սակայն կան հավերժական արժեքներ, եւ դրանցում առաջնայինն Աբխազիայի Հանրապետությունն է։ Աբխազական հարցում Ռուսաստանն էլ պետք է լինի չափազանց կոկիկ։ Պետք է Մոսկվայում հասկանան, որ անհրաժեշտ է, որ Աբխազիան սոցիալ-տնտեսական իմաստով բացահայտվի։ Սակայն դա պետք է արվի տեղական առանձնահատկությունները նկատի ունենալով։ Հակառակ դեպքում խնդիրներ են լինելու հենց ՌԴ համար։ Փորձագիտական համայնքն էլ պետք է սովորի լսել բոլոր կողմերին եւ ոչ թե, ըստ լսարանի քիմքի, նրան հաճո տեսակետներ արտահայտի։ Պետք է պահպանել իրատեսականությունը եւ զերծ մնալ զգացականությունից։ Ի վերջո՝ 2025-ը Աբխազիայի համար նախագահական ընտրությունների տարի է, որը բոլորի համար լինելու է ստուգողական փորձաքար»,- ամփոփել է Մարկեդոնովը։
Կարծիքներ