Ժողովուրդը չկայացած, աբիժնիկ, վարկաբեկված հներին իշխանության չի բերի

Ժողովուրդը չկայացած, աբիժնիկ, վարկաբեկված հներին իշխանության չի բերի


Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ

- Արտակարգ դրության փոխարեն 6 ամսով կարանտին կհայտարարվի, ընդդիմադիրներն ասում են, որ իշխող ուժը մտահոգված է թեժ աշնան խոստումներից։ Կարանտինի ընթացքում հավաքների անցկացումը կսահմանափակվի՞։ 

- Նախ եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Այն պահին, երբ ամբողջ աշխարհում չգիտեին ինչպես պայքարել համավարակի դեմ, բայց պարզ էր, որ պետք է սահմանափակումներ լինեին մեր ժողովրդավարական կյանքի որոշ հանգամանքների նկատմամբ՝ ազատ տեղաշարժի, հավաքների, աշխատանքի իրավունքի եւ այլն։ Սա էր պատճառը, որ մտցվեց արտակարգ դրություն։ Այսօր էլ մենք փորձում ենք առկա իրավիճակում ապրել, բայց առանց արտակարգ դրության, բայց փորձելու ենք պայքարել վտանգների դեմ, իհարկե, որ սահմանափակումները, որոնք հնարավոր են եւ քիչ են կանխում վարակի տարածումը, կհանվեն, իսկ մյուսները պետք է պահպանվեն։ Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ մենք, պետք է կարողանանք վարակի հետ ապրել։ Եվ այս պարագայում, մեղմ ասած, անհեթեթ է մտածել, որ մեր իշխանությունը փորձում է կարանտինային իրավիճակն օգտագործելով՝ իշխանություն պահպանել, խոսքի ազատությունը, հավաքները սահմանափակել։ Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ հետաքրքիր բան ասաց, որ եթե հիմա մենք փորձենք, թե ով ինչքան մարդ կարող է հավաքել եւ խնդիր բարձրացնել, չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք խոսում են հանրահավաքների սահմանափակման մասին, չեմ կարծում, որ կարող են մրցել իշխանության, վարչապետի հետ։

- Ուզում եք ասել՝ ընդդիմությունը հանրահավաքներով ձեզ չի կարող վախեցնել, հակառակ դեպքում դուք էլ հանրահավաք կկազմակերպեք։ Այսինքն՝ սա լո՞ւրջ էր ասված։

- Մենք սովոր ենք, որ հանրահավաքն իշխանության դեմ պայքարի միջոց է, մենք տեսանք, որ մինչեւ կորոնավիրուսը, կորոնավիրուսի ժամանակ էլ հանրահավաքն օգտագործվում էր բնակչության կողմից՝ ոչ ուղղորդված։ Մարդիկ ուղղակի ձեւով հարց էին բարձրացնում կառավարության, մարզպետարանների առջեւ։ Եվ այնպես չէ, որ իշխանությունն ուզում է դա սահմանափակել, որովհետեւ ընդդիմադիրները կարող են վտանգ ներկայացնել իշխանության համար։

- Կորոնավիրուսը, ընդդիմադիրների կարծիքով, ավելի ցայտուն դարձրեց իշխանության ձախողումները, եւ հանրային դժգոհությունն այնքան է մեծացել, որ իրենց կհաջողվի բազմամարդ հանրահավաքներ անցկացնել։

- Եկեք նախ տարանջատենք եւ փաստենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չօգտագործեց խորհրդարանական ամբիոնի հնարավորությունները՝ իրենց միտքը, առաջարկները, բողոքը տեղ հասցնելու համար։ Խորհրդարանական ուժերից մեկն ասում է՝ նայեք, կգնանք, հանրահավաք կանենք։ Բայց այստեղ իրենք մի քանի տասնյակ են, եւ եթե բոլորը խոսեն, մոտ 1.5-2 ժամ խոսելու հնարավորություն են ստանալու, այն էլ՝ այս ամբիոնից, որն ուղիղ հասարակության վրա է ազդում։ Իրենք փոխարենը բոյկոտեցին ԱԺ նիստերը, փողոցում մի բան էին ասում, այստեղ՝ այլ բան։ Տպավորություն էր, որ նրանք ասում էին մի բան, բայց չէին ուզում, որ ամբողջ ժողովուրդը լսի։

- Փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաքի մասին է հայտարարել, դրանից առաջ էլ կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջ է ներկայացրել։

- Հանրահավաք անող ուժը պետք է ունենա քաղաքական օրակարգ․ ո՞րն է իրենց օրակարգը։

- Այդ մասին էլ են խոսում, ասում են՝ կառավարությունը լավ չի աշխատում, վերջին հանդիպման ժամանակ էլ կոնկրետացրին, որ ամենամեծ դժգոհությունն Արայիկ Հարությունյանից է։ Ասում էին՝ թող մեզ հետամնաց ասեն, բայց թույլ չենք տա, որ կրթական նման չափորոշիչներ հաստատվեն։

- Այդ հարցը կարող են այստեղ՝ ԱԺ-ում բարձրացնել, այստեղ է, որ այն քննարկվում է։ Սակայն մի մոռացեք, որ ԲՀԿ-ն նման պահանջների մասին սկսեց խոսել, երբ քրեական գործեր հարուցելու գործընթաց սկսվեց նրանց նկատմամբ։ Այստեղից չի՞ բխում, որ հարցն օրակարգային չէ, այլ անձնական է, այլապես այստեղ կքննարկեին հարցերը։

- Իշխող ուժն ունի բացարձակ մեծամասնություն, շատ դեպքերում ընդդիմադիրները կուրծք են ծեծում՝ ապարդյուն, օրինակ՝ ՍԴ-ի դեմ գործընթացներում․ ի՞նչ փոխեցին նրանց ելույթները։ Գուցե հաշվի չեք նստում իրենց հետ, ուստի պայքարն այլ դաշտ են ուզում տեղափոխել։

- Մենք պետք է հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ եթե մի կուսակցություն ստացել է 6.5 տոկոս ձայն, ինքն ունի այդքանի հնարավորություն, 8.4 տոկոս ձայն ստացողն էլ 8.4 տոկոսի հնարավորություն ունի։ Եթե մեկը ստացել է 70 տոկոսից ավելի, ապա ինքը ստանում է սահմանադրական օրենքներում փոփոխություն անելու իրավունք՝ 3/5-ով։ Սա է այն մոդելը, որը մենք ստացել ենք, եւ որեւէ մեկը կարծես չի բողոքարկել։

- Ժամանակին ՀՀԿ-ականները «Ելք»-ին ու Փաշինյանին էլ էին ասում՝ 7 տոկոսանոց ընդդիմություն եք եւ այլն, հիմա էլ ասում են՝ ձեր ձայներն էյֆորիայի մթնոլորտում եք ստացել։ Միգուցե նույն մոդելն այսօրվա ընդդիմությա՞նն էլ հաջողվի կիրառել։

- Երբ մենք ստանում էինք 7 տոկոս կամ չէինք անցնում խորհրդարան, միջազգային բոլոր կառույցներն ասում էին, որ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրություններին։ Հիմա 6.5 տոկոս ստացած ուժը չի բողոքարկում ընտրությունների արդյունքները։ Այստեղ խնդիրը գուցե այլ հարթությունում է, որ 6.5 տոկոս ստացած ուժը ՀՀ խորհրդարանում ստանում է իր հավաքածից ավելի համամասնություն՝ 28 ձայն եւ այլն։ Այստեղից է գալիս այն մտայնությունը, որ իրենք ավել են, քան ժողովուրդն իրենց ձայն է տվել։

- Եթե ավելի՝ ուզում եք ասել, որ հանրության շրջանում չկա այնքան դժգոհություն, որը կարող է իշխանափոխություն առաջացնել։

- 2018-ի իշխանափոխության պատճառը ոչ թե այդ դժգոհությունն էր, այլ այն, որ նախեւառաջ հասարակությունն այդ խնդիրների լուծումը չէր կապում իշխանության հետ եւ գտնում էր, որ իշխանությունը սոսկ անձնապես հարստանալու օրակարգով էր ապրում, մինչդեռ կան ընդդիմադիր դաշտում մարդիկ, որ կարող են գալ իշխանության եւ այլ ձեւով աշխատել, այսինքն՝ մենք մեր պաշտոնը չենք օգտագործի անձնապես հարստանալու համար։
Իհարկե, նախկիններն այսօր փորձում են նույն մեղադրանքը մեզ վերահասցեագրել, իրենք չեն կարող պատկերացնել, որ կարելի է առանց հարստահարելու պետություն կառավարել, ասում են՝ նայեք, նրանք մեր պես են։

- Գուցե այդ մեղադրանքների համար հիմք է հանդիսացել բյուջեից միլիոնավոր պարգեւավճարներ ստանալու փաստը, որոշ պաշտոնյաներ 2. տարում տներ, լողափեր, ավտոմեքենաներ են ձեռք գցել։

- Պարգեւավճարն օրենքով է սահմանված, բայց դուք գիտեք՝ այս կամ այն ՀՀԿ-ականն արտապարգեւավճարային որքան գումարներ է ստացել։ Շատ հաճախ ձեր լրագրողական աշխատանքի շնորհիվ ենք իմացել, որ այս կամ այն պաշտոնյան երբեք պարգեւավճար չի ստացել, բայց ունի թանկարժեք տուն։ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ղեկավարը, պատկերացրեք, իր գարաժում 100 հազար եվրո ունենա, մեքենայում՝ 200 եվրո, 2 միլիոնանոց ռեստորան, հիմա պարզվում է՝ մի քանի միլիոնանոց հաշիվներ նաեւ դրսում։ Կամ, ենթադրենք, այս կամ այն պաշտոնյան, նրանց որդիները, եղբորորդիները... միլիարդավոր փողերի մասին է խոսքը։

- Իսկ ո՞ւր են այսօր այդ մարդիկ՝ վայելում են իրենց միլիոնները, ինչը նշանակում է, որ ամեն ինչ օրինական է եղել։

- Տասնյակից ավելի քրեական գործեր կան։ Այս մարդիկ, օգտագործելով Հայաստանի ժողովրդավար լինելը, օգտագործում են դատական նիստերը՝ դրանք հետաձգելով, շեղելով եւ այլն։ Այսօր իշխանությունը չի ազդում դատական իշխանության վրա․ սա է թերեւս պատճառը։

- Հայտնի գաղտնալսման բովանդակությունն այլ բան է ասում։

- Դուք չեք լսել այդ գաղտնալսման ամբողջական տարբերակը, ես վստահ եմ, որ որոշ շահագրգիռ ուժեր այդ զրույցի միայն իրենց ձեռնտու հատվածներն են հրապարակել։ 
Ընդհանրապես հետաքրքիր է՝ ով էր կարողացել տիրել, գողանալ մեր անվտանգության համակարգի այն գործիքակազմը, որով բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսում էր իրականացրել եւ հասարակությանը տրամադրել միայն այն հատվածը, որն իրեն էր ձեռնտու։

- Ձեզ հայտնի՞ է, թե ով կարող էր դա անել։

- Առնվազն իշխանությունը՝ չէ, քանի որ դա ձեռնտու չէ իշխանությանը։ Մարդիկ, ովքեր կազմակերպել էին դա, կա՛մ փող էին տվել, կա՛մ տիրել էին այդ ամենին։

- Վերադառնանք թեժ աշնանը, դուք նման գործընթաց չե՞ք կանխատեսում։

- Խնդիրներ կան, չեմ բացառում, բայց երբ դու գնում ես ժողովրդի հետ հանդիպես, պետք է օրակարգ ունենաս, երբ ժողովրդին տանում ես իշխանափոխության, պետք է այնպիսի հզոր համակարգ ունենաս, այնպիսի մեծ ալիք կարողանաս բարձրացնել, որ ոտքի կանգնի ամբողջ ժողովուրդը։ Հիշեք՝ հեղափոխությունը չարեց հասարակության մի զանգված, դա արեցին մեծ զանգվածները, որոնք չէին ուզում հներին, ուզում էին նորերին։ Արդյոք հները՝ չկայացած, աբիժնիկ, վարկաբեկված, որոշ դեպքերում՝ քրեական գործերով անցած, կարո՞ղ են գնալ ժողովրդի մոտ եւ ասել մի բան, որ հանուն դրա ժողովուրդն իրեն իշխանության բերելու համար կգնա իշխանափոխության։ Ես Հայաստանում այդպիսի հասարակություն չեմ տեսնում։