Նախկիններն ու նորերը

Նախկիններն ու նորերը

Նախկինների ժամանակ խորհրդարանում կար կոճակ սեղմող և սեփական շահերը հետապնդող Շմայս և կար, ասենք, կիսահույն-կիսահայ քաղաքական գործիչ Շարմազանով՝ հարգանքներիս հավաստիքը: Կար կոճակ սեղմող, բայց լավ երգչուհի Շուշան Պետրոսյանը, կար նաև յուրաքանչյուր զարգացած երկրին պատիվ բերող պատգամավոր Արփինե Հովհաննիսյան: Նախկինների օրոք պատգամավոր էր նաև Սերժի եղբայր Սաշիկը, սակայն Սերժը արագ հասկացավ, որ խորհրդարանը եղբոր տեղը չի, և վերջինս դադարեց պատգամավոր լինելուց: Էվոլյուցիոն զարգացման դեպքում դանդաղորեն, սակայն սահուն և հաստատուն կերպով երկիրը շարժվում էր քրիստոնեական քաղաքակրթական պարույրագծով: Եվ դրա դրսևորումն էր, օրինակ, Արմեն Աշոտյանը: 

Սակայն մենք ցանկացանք միանգամից հայտնվել եվրոպական որևէ երկրում՝ ապրելով Հարավային Կովկասում, և տարիներ շարունակ մերժեցինք Սերժին: Մերժելու ընթացքում էլ հայտնվեց մեկը, որը մեզ խոստացավ ավարտել այդ գործընթացը և խորհուրդ տվեց փակել փողոցներն ու ճանապարհները: Դա աշխատեց, և խորհուրդ տվողին համարյա ազգովի ընդունեցինք որպես Սերժից մեզ ազատած «փրկիչ»: Նույնիսկ չփորձեցինք էլ գոնե մի փոքր ուղեղներիս զոռ տալ (մեզանից գոնե նրանք, ովքեր գանգի կափարիչի տակ համապատասխան գորշ նյութ ունեին): Զոռ տալ ու հասկանալ, թե որքանով էր համապատասխանում երկրի ղեկավարի պաշտոնին մերօրյա «փրկիչը»: 

Դե քանի որ վերջինս իսկապես չէր համապատասխանում ղեկավար լինելու կարգավիճակին՝ մենք համարյա ազգովի էլ պատժվեցինք: Կամ գոնե ազգի այն մասով, որը չկորցրեց մտածելու և երևույթներն ըստ էության ընկալելու կարողությունը: Մեկ այլ մասը, որքան էլ դա անբնական հնչի, պատժվելու փոխարեն բարգավաճեց: Իսկ մեծ մասն այնպես էլ չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ 2020 թվականին: Եվ առանց հասկանալու ս. թ. հունիսի 20-ին ընտրատեղամասի քվեախցիկում խաչ քաշեց իր ճակատագրի վրա: Վերջինիս այս կամ այն հատվածը սոցիալական այս կամ այն խնդրի պատճառով բողոքի ձայն է բարձրացնում, կամ ցածրաձայն տրտնջում՝ բողոքելով ճակատագրից: Սակայն չի դադարում լինել այն (նիկոլական) ՄԵԿԸ, որ իր ընտրությունը ճիշտ է համարում: 

Արդյունքում նորօրյա խորհրդարանի իշխող թիմում ունենք բազմաթիվ շմայսներ ու չունենք գոնե մեկը, որ կարող էր փոխարինել Շարմազանովին: Չունենք մեկին, որ նման լինի երգչուհի Շուշանին, սակայն միաժամանակ չունենք նաև Արփինե Հովհաննիսյանին արժանի մեկին: Հիշում եմ, որ դեռևս մնալով նախկիններին չընդունող, հիացել էի տիկին Հովհաննիսյանով, երբ վերջինս ուղղակի խեղճացրեց հեղափոխական Լենա Նազարյանին: Եթե նախկինների ժամանակ կար Արմեն Աշոտյանը, ում անունն անգամ անվանարկվել էր, ապա այսօր դրանք բազմաթիվ են: Բազմաթիվ են նաև նրանք, ում անունն ուղղակի ոչինչ չի ասում: Բայց հաստատ չկա Աշոտյանի նման մեկը, որ հեռավոր հեռավոր եվրոպաներում պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը: