Թոշակառուն բողոքում է պոլիկլինիկայի վճարովի կաբինետներից

Թոշակառուն բողոքում է պոլիկլինիկայի վճարովի կաբինետներից

«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել 85-ամյա թոշակառու Վաչագան Հովհաննիսյանը, ով այս տարվա հունվարին տհաճ անակնկալի է եկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տեղամասային պոլիկլինիկայում՝ մտնելով ուրոլոգի կաբինետ։ Այստեղ թոշակառուին հայտնել են, որ ուրոլոգին այցերն այլևս վճարովի են և արժեն 3 հազարից 5000 դրամ։
 

«Տնօրենն ասում ա՝ առողջապահության նախարարն ա արել․․․ զանգեցի նախարարություն, ասում են՝ մերը չէ, զանգեցի քաղաքային սովետ՝ Հայկոյին, թե Մկոյին, ասում են՝ մեր գործը չէ, առողջապահությանը զանգիր։ Վերջը՝ էս մի ամիս ա, որտեղ զանգ եմ տալիս, ու էս ամենից հետո որոշեցի ձեզ մի հատ տեղյակ պահեմ»։

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ընթացիկ տարվա հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործող պոլիկլինիկաների՝ պետական պատվերով մատուցվող ծառայությունների ծավալում փոփոխություններ են գրանցվել․ նախարարության որոշմամբ, այս տարի չի լինելու «այլ կաբինետներ»-ի (նեղ մասնագիտական խորհրդատվություն իրականացնող կաբինետներ են, որոնք տարբեր պոլիկլինիկաներում նույն ծառայությունը չեն մատուցում) համար նախատեսված պետպատվերը: Նախարարությունից մեկնաբանում են, որ առաջնային օղակում բժշկական օգնությունը պետք է լինի ամբողջ բնակչության համար մատչելի, հասանելի և մատուցվի հավասար ծառայությունների փաթեթով՝  անկախ նրանից, թե որտեղ է տեղակայված բժշկական կազմակերպությունը:  

Այս քայլով առողջապահության նախարարությունը նպատակ ունի համահավասարեցնել բնակչությանը մատուցվող ծառայությունները, որոնք «այլ կաբինետներ»-ի պարագայում խախտվում էին: Մեկնաբանվում է, որ «այլ կաբինետները» նեղ մասնագիտական խորհրդատվություն իրականացնող կաբինետներ են, որոնք տարբեր պոլիկլինիկաներում նույն ծառայությունը չեն մատուցում: Վերջիններս, ըստ իրենց ունեցած լիցենզիայի, մարդկային ռեսուրսի «այլ կաբինետ» նեղ մասնագիտական ծառայության ներքո պետական պատվեր էին  իրականացնում ուրոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական, ալերգոլոգիական և այլ ծառայությունների մասով, որի արդյունքում պետպատվերով «այլ կաբինետով» մեկ պոլիկլինիկան կարողանում է անվճար ծառայություն մատուցել, օրինակ` ուրոլոգիական, մյուսը՝ ալերգոլոգիական խորհրդատվության մասով:

Արդյունքում` ստացվում է անհամաչափ ծառայությունների մատուցում բնակչությանը: Կախված, թե որ պոլիկլինիկայում է քաղաքացին հավաքագրված, ըստ դրա` կարող է օգտվել կամ չօգտվել տվյալ նեղ մասնագիտական ծառայությունից:  Մեկ պոլիկլինիկայում լինում է ուրոլոգիական ծառայությունն անվճար, մյուսում՝ վճարովի: 

Միայն թե` ինչ պետք է անեն քաղաքացիները։ Հարց՝ նախարարությանը։