Մի կողմից բռնապետություն է, մյուս կողմից՝ անկառավարելի վիճակ

Մի կողմից բռնապետություն է, մյուս կողմից՝ անկառավարելի վիճակ

Նոր Հայաստանում կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ իրավահավասար հարաբերությունների, մեկը մյուսին հակակշռելու մասին լոզունգներն ու հավաստիացումները սին են։ Իրականությունն այն է, որ, ինչպես նախկին, այս խորհրդարանն էլ կառավարության դակիչ մարմինն է, որտեղ պատգամավորները մի թիզ շեղվելու եւ սեփական դիրքորոշումն արտահայտելու իրավունքից զրկված են։ Կառավարությունն ինչ երգի, պատգամավորները ստիպված են պարել նրա նվագի տակ, եթե անգամ դա իրենց սրտով չէ, եթե նույնիսկ այդ պարը «գյուդում չեն»։ Այս իրավիճակով պայմանավորված՝ «Իմ քայլում» դժգոհությունը հասել է պիկի, այն ճաքեր է տալիս, ընդ որում՝ արդեն մի քանի տեղով։

Մենք հաճախ ենք լսում, որ 88 հոգանոց ֆրակցիայից խմբակցության նիստերին տասնյակ պատգամավորներ քրոնիկ բացակայում են։ Նրանք հիմնականում այն պատգամավորներն են, ովքեր չեն ցանկանում դառնալ խամաճիկ կամ իշխանությունից տարբերվող կարծիք ունեն ինչ-որ հարցերի մասին։ Պատգամավորներից մի քանիսը մեզ դժգոհեցին, որ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ անցնող խմբակցության նիստերին իրենց ձեւականորեն առաջարկում են որեւէ հարցի, նախագծի վերաբերյալ սեփական տեսակետներն ու մոտեցումները ներկայացնել, բայց, միեւնույն է՝ վերջին խոսքը Նիկոլ Փաշինյանինն է․ «Նիստերի ընթացքը բոլորովին այլ վիճակի մասին է խոսում, ու կարծես թե գործ ունենք ժողովրդավարության աննախադեպ իրավիճակի հետ, երբ ցանկացած մեկն ազատ է կարծիք հայտնել, բայց վերջում, եթե նույնիսկ մեծամասնությունը դեմ է քննարկվող հարցին, պարտավոր է քվեարկել այնպես, ինչպես հրահանգն իջնում է վերեւից»։ Իհարկե, երբեմն-երբեմն դեմոկրատիայի պատրանք ստեղծում են՝ ազատ, բայց կանխատեսելի քվեարկություն կազմակերպելով, կամ որեւէ նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, իսկ ԱԺ-ն՝ կողմ քվեարկում, ինչպես ոստիկանության գաղտնալսման իրավունքի մասին աղմկահարույց նախագծի դեպքում է։ Բայց, մեծ հաշվով, ոչինչ հենց այնպես չի լինում, ու ԱԺ անկախությունը թվացյալ է, խորհրդարանն ուղղորդվում է գործադիրից՝ այն գծով, որը թելադրում է կառավարությունը։

Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ վերջին շրջանում խմբակցության նիստերին սակավաթիվ պատգամավորներ են մասնակցում, եւ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին հպատակեցնելու անկարողությունը վերագրում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի «անգործությանը»։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ քննարկվում է, եւ առաջիկայում հնարավոր է Մակունցի փոփոխության հարց բարձրացվի։ Անգամ «իրավահաջորդի» անունն է շոշափվում՝ խմբակցության ղեկավարի պոստը կարող է ստանձնել Սիփան Փաշինյանը, ով Հակոբ Սիմիդյանի հետ փաստացի «ռուլիտ» է անում ֆրակցիան։ Պատահական չէ, որ Արարատ Միրզոյանի՝ Անվտանգության խորհրդին իրավունքի ուժով մասնակցելու մասին նախագծի տապալումից հետո ԱԺ խոսնակը հենց այս երկուսին էր կանչել իր մոտ՝ պարզաբանում պահանջելու։

Հնարավո՞ր է առաջիկայում դառնաք խմբակցության ղեկավար․ մեր հարցին Սիփան Փաշինյանը կտրուկ պատասխանեց․ «Ոչ, հնարավոր չէ»։ Ապա ասաց, որ իրենք ունեն խմբակցության ղեկավար, ով շատ լավ կատարում է իր գործառույթները։ Իսկ դիտարկմանը, որ իրականում ինքն է «ռուլիտ» անում, հումորով պատասխանեց․ «Ես անգամ ինձ չեմ կարողանում ռուլիտ անել»։
Իմքայլական Արմեն Փամբուխչյանն էլ ասաց, թե խմբակցությունում ամեն ինչ շատ նորմալ է՝ թեւեր-ճյուղեր չկան, իսկ խմբակցության ղեկավարի փոփոխությունն էլ բացառեց։ «Մենք շատ գոհ ենք մեր խմբակցության ղեկավարից եւ նրա աշխատանքից»,- ասաց նա։ Փորձեցինք պարզել՝ իսկ «վերեւներում» գո՞հ են։ «Իսկ ո՞վ է մեր վերեւները»։ Չլինի՞ Դուք էլ եք կարծում, որ ԱԺ-ն կառավարության հենարանը չէ, ու «պրիզնատ» չեք գալիս կառավարությանը։ «Մենք կառավարության հենարանն ենք դասական քաղաքագիտական իմաստով, կառավարող խմբակցությունը պառլամենտական երկրում ձեւավորում է կառավարություն եւ, ըստ այդմ, լինում է կառավարության հենարանը»։ Իսկ ովքե՞ր չեն տիրապետում Ձեր նշած դասական քաղաքագիտությանը եւ չգիտեն՝ ուր են եկել։ Ի՞նչ եք անում նրանց․ հարցրինք մենք՝ նկատի ունենալով Լուսինե Բադալյանի հայտնի արտահայտությունը, թե իշխող ուժը կառավարության հենարանը չէ։ «Մարդիկ կարող են ունենալ սուբյեկտիվ կարծիք, ոչինչ չենք անում այդ մարդկանց։ Ժամանակ առ ժամանակ մեր պատգամավորներից այս կամ այն կարծիք են հայտնում, որի համար ո՛չ կախում ենք, ոչ մի բան չենք անում»։

Փամբուխչյանն ասաց նաեւ, որ, հենարան լինելով հանդերձ, չի նշանակում, թե իրենք կառավարության դակիչ մարմինն են եւ պետք է առաջնորդվեն կառավարության ցանկություններով։ Դրա վկայությունն էլ, ըստ պատգամավորի, այս կամ այն նախագծերն են, որոնց վերաբերյալ երբեմն կառավարության եւ ԱԺ-ի մոտեցումները տարբերվում են։ Ինչ վերաբերում է ինչ-որ մարդկանց կողմից խմբակցությունը «ռուլիտ անելու» մասին տեղեկություններին, Փամփուխչյանը վստահեցրեց․ «Մեր խմբակցությունում ռուլիտ անողներ չկան»։