Ինչ է սպասվում Գյումրիում առաջիկայում

Ինչ է սպասվում Գյումրիում առաջիկայում

Գյումրիում քաղաքական լարվածությունը թվում է՝  թուլացել է։ Ավագանու վերջին նիստը առաջացրեց բազմաթիվ հարցեր և քաղաքական շրջանակներում քննարկումների առիթ տվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը մինչ այդ բոյկոտում էր նիստերը՝ չհաշտվելով ընտրությունների արդյունքների հետ, անսպասելիորեն վերադարձավ մասնակցության։ ՔՊ-ն այդ նիստին անգամ կողմ քվեարկեց մի շարք նախագծերի։ Շատերի կարծիքով` ՔՊ-ի այս անսպասելի ակտիվացումը կարող է նշանակել զիջում, որը ամեն դեպքում նպատակ ունի վերահսկել քաղաքի կառավարումը։

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ավագանու միջև հարաբերությունները դեռևս խոցելի են։ Գյումրեցիների շրջանում նկատվում են նաև մտահոգություններ՝ կապված թաքնված նպատակների հետ։ Շատերն ակնկալում են, որ նոր իշխանությունը կկարողանա արդյունավետորեն լուծել քաղաքի կարեւոր խնդիրները՝ անկախ քաղաքական պայքարներից։ Սակայն առկա լարվածությունը ու պայքարը կարող են խանգարել զարգացումներին, եթե կողմերը չգտնեն համատեղ համագործակցության ուղիներ։ Ընդհանուր առմամբ, Գյումրիի քաղաքական կյանքի ապագան շարունակում է մնալ անկայուն, և առաջիկա ամիսները որոշիչ կլինեն՝ պարզելու համար, թե ինչպես կկարգավորվի նոր ընտրված քաղաքապետի ղեկավարությամբ քաղաքի զարգացումն ու քաղաքական կայունությունը։

Մայիսի 23-ին  Գյումրու ավագանու արտահերթ նիստն է, որում  մի շարք կարևոր հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ քաղաքապետին կից խորհրդակցական մարմինների ստեղծելու հարցը։

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ հանգիստ չի նստելու՝ սպասելով, թե ինչպես կզարգանան իրավիճակները ։ Կարծում եմ՝  ավագանու նիստերին նրանք ամեն դեպքում գնալու են՝ հետևելու և վերահսկելու գործընթացներին»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում  ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր  Մհեր Մելքոնյանը։ 

Մհեր Մելքոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայումս ունի երեք ավագանու անդամի հետ կապված խնդիր, և իր խորին համոզմամբ՝ ամեն ինչ անելու են, որ այդ խնդիրը լուծվի, այլ հարց է` կհաջողի, թե ոչ։ «Մենք տեսանք նման մի փորձ արվեց վերջերս՝ Մարտուն Գրիգորյանի թիմակցի հետ կապված, նախ ավագանու անդամը ինքնաբացարկ հայտնեց, հետո ցանկացավ անկուսակցական մնալ, բայց հանրային ճնշումն իր դերը խաղաց,  եւ արդյունքի չհասան։ ՔՊ-ն շարունակաբար փորձելու է թիրախավորել քաղաքային իշխանության աշխատանքը,  եւ ամեն անգամ հենց մի բան  չստացվի, իրենց չընտրվելն են պատճառ բերելու՝  թե տեսաք՝ մենք որ լինեինք, այդպես չէր լինի, բայց կարծում եմ՝ պիտի ընդդիմությունն էլ չթուլանա եւ զգոն լինի, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև ընդդիմադիր դաշտի համախմբված և կշռադատված աշխատանքը»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ Մելքոնյանը նշեց, որ նա կատարում է իրեն վստահված աշխատանքը, և, ինչպես երևում է, փորձում է լեզու գտնել բոլորի  հետ։ «Աշխատանքային փորձն իրենն ասում է, նա առաջին անգամ չէ այդ ղեկին, երկար տարիներ է կառավարել քաղաքը, հիմա էլ տարիքն ու կենսափորձն են ավելացել, դա նույնպես կարևոր է »,-հավելեց Մելքոնյանը։