Անասնական վախ

Անասնական վախ

Արցախը գրավելուց հետո Ադրբեջանը երկու կողմից սեղմել է Հայաստանը, ուղղակի մտել մեր երկրի պետական սահմաններից ներս` Սյունիքում եւ Գեղարքունիքում: Ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածք է խուժել առանց մեկ փամփուշտ կրակելու, շվշվացնելով ու երգելով: Անարգել են մտել, որովհետեւ մեր երկրի պետական սահմանը չի պաշտպանվում: Չի պաշտպանվում 44-օրյա պատերազմից հետո հարաբերական զինադադարի պայմաններում, երբ թշնամին բացահայտ հայտարարում է մեր երկիրը զավթելու ընչաքաղց մոլուցքի մասին, երբ մարզ առ մարզ թվարկում է, ներառյալ մայրաքաղաքը, ասելով, որ իր պատմական տարածքն է: Չենք պաշտպանում, երբ գիտենք, որ արյան համից գրգռված թշնամին չի հանգստանում, երբ ասում էինք, որ գարնանը հնարավոր է նոր պատերազմ արդեն Հայաստանի տարածքում:

Սա անճարակություն ու անկարողություն չէ, սա ողորմելի ու գետնաքարշ թշվառություն է: 
Սյունիքում եւ Գեղարքունիքում թշնամու հետ սահման ունենալը նոր է մեզ համար, նախկինում այդ սահմանները պաշտպանում էին Արցախի կողմից: Մենք վեց ամսում չկարողացանք այդ սահմանների պաշտպանությունը կազմակերպել: Կարող էինք, չուզեցինք: Փող կար, պատերազմի օրերին աննախադեպ ու հսկայական գումար է հավաքվել հիմնադրամում` զենք գնելու նպատակով: Մենք փոխարենը մեր ապահով դիրքերը հանձնեցինք թշնամուն GPS-ով: Պատերազմից հետո Ադրբեջանը հինգերորդ զորավարժությունն է անցկացնում, երկուսը` Թուրքիայի հետ համատեղ, մենք` ընդամենը մեկը: Ադրբեջանը գրաված ու ձեռք գցած դիրքերում ինժեներական աշխատանքներ է կատարում` կառուցելով ու կահավորելով, մենք դիմացն ընդամենը մի վրան ենք խփում: Երբեմն էլ վրանի համար Ադրբեջանից թույլտվություն ենք խնդրում: 

Այդպես լինում է, երբ երկրում, հայրենիքում բացակայում են պետությունն ու պետականությունը: Եթե մեր անպետականության մասին առայժմ մենք եւ մեզ հեռու ու մոտ երկրները լռում են, ապա Ամերիկան ազնվություն ունեցավ բարձրաձայնելու` ՀՀ տարածքը համարելով վիճելի, եւ բարի կամք դրսեւորեց` Բաքվին կոչ անելով դուրս գալ վիճելի տարածքներից:    

Այս իշխանությունն անկարող է Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպել: Սրանց թեթեւ ձեռքով գրեթե կորցրել ենք Արցախը, կորցնում ենք մեր ինքնիշխանությունն ու պետականությունը: Հիմա Հայաստանն աշխարհին չերեւացող բան է, ոչ ոք չի նկատում ո՛չ մեր իշխանությանը, ո՛չ էլ մեր ինքնիշխանությունը: Սրանք տապալեցին համաճարակի դեմ պայքարը, տնտեսական հեղափոխությունը եւ ամեն բան` անցյալ ու ապագա, վկա է այս ներկան: Ձախողակ են ու անկարող բոլոր առումներով եւ ամեն ասպարեզում: Կործանել եւ կործանում են` թողնելով միայն արյուն, մահ ու ավեր: Սրանց հետագծին նայելով՝ կարող ենք ասել` այստեղով նեռն է քայլել: 

Իսկ ինչո՞ւ չեն հեռանում` գլուխներն ազատելով հոգս ու ցավից, դեռ ջանում են վերարտադրվել: Որովհետեւ այս մարդկանց մեջ անասնական վախ կա. մահու չափ սարսափում են դատ ու դատաստանից, ոչ թե պաշտոն կորցնելուց: Ամբողջ երկրի ռեսուրսը դրված է մեկ անձի պաշտպանության վրա: Իսկ անասնական վախով պարուրվածն ընդունակ է ամեն ինչի, ոչնչացնելու հայրենիքն ու ժողովրդին` մինչեւ վերջին թիզ հողն ու քաղաքացին, միայն թե ինքը փրկվի: Մեր պատմության թերեւս ամենաողբերգական ժամանակն ենք ապրում:

Հուսիկ Արա