Ֆեյսբուքից վախեցան, սահմանափակումները հանեցին

Ֆեյսբուքից վախեցան, սահմանափակումները հանեցին

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ, 117 կողմ ձայնով երեկ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է արտակարգ դրության պայմանների խստացմանը: Մարտի 20-ի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում քննարկված եւ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված նախագիծը որոշակի մեղմացման ենթարկվեց:

Այսպիսով, ընդունված փոփոխությունների արդյունքում այսուհետ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման միայն կանոնները խախտողները կտուգանվեն 100-250 հազար դրամի չափով․ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար դրամ էր սահմանված: Սահմանվել են նաեւ «մեկուսացում» եւ «ինքնամեկուսացում» հասկացությունները: Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի, վարակվածի, նրա հետ շփվածների առանձնացումը որոշակի տարածքում՝ վարակի տարածումը եւ այլ անձանց հետ շփումը կանխելու նպատակով, իսկ ինքնամեկուսացում է համարվում նշյալ անձանց առանձնացումն իրենց մշտական բնակության կամ նախընտրելի այլ վայրում:

Եթե մեկուսացման պայմանները խախտելը կհանգեցնի նաեւ լուրջ հետեւանքների, ապա քրեական անձը քրեական պատասխանատվության կենթարկվի: Մասնավորապես, եթե անձը վարակել է որեւէ անձի եւ առաջացրել լուրջ հետեւանքներ՝ վնասելով նրա որեւէ օրգան, ապա նախատեսվում է տուգանք 500-700 հազար դրամ կամ 1-3 ամիս կալանք, մինչեւ անգամ ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: Մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։ Վերոնշյալ բոլոր դեպքերի համար, ի դեպ, առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում նախատեսվում էր կալանք մինչեւ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով։ Գիտակցաբար այլ անձի կամ անձանց վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում՝ տարբեր պատժամիջոցներ երկու եւ ավելի անձանց, անչափահասի կամ ինչպես «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց՝ «ակնհայտ հղիներին» վարակելու, ինչպես նաեւ վարակելու հետեւանքով մահվան ելքի դեպքերի համար սահմանվել է տուգանք նվազագույն աշխատավարձի 800-1000-ապատիկի չափով (800 հազարից մինչեւ 1 մլն դրամ) կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։ Սրանք առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային:

Էական փոփոխություններ չկրեցին ԶԼՄ-ներին վերաբերող դրույթները: Ճիշտ է՝ ԶԼՄ-ներն արդեն կարող են հրապարակել նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ու ՀՀ անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերի, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի հրապարակումները: Հանվեց նաեւ ֆիզիկական անձանց առնչությամբ տեղեկատվության տարածման սահմանափակման խախտումով պայմանավորված տուգանքը, զեկուցող՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այդ առնչությամբ այլ օրենսդրական փոփոխություն է քննարկում:

Իրականում ֆեյսբուքյան օգտատերերի զայրույթից վախեցան։
Փոխարենը, տուգանքը պահպանվեց լրատվամիջոցների համար: Նախարարը նշեց, որ «ԶԼՄ-ներ» հասկացությունը փոխարինել են «լրատվական գործունեություն իրականացնողներ» հասկացությամբ, իսկ տուգանքը կիրառվելու է, եթե տեղեկատվության տարածման սահմանափակման արգելքը լրատվամիջոցը խախտի երկրորդ անգամ կամ չհեռացնի հրապարակված, բայց չթույլատրվող նյութը. «Մեկ օրում տեղեկատվության սահմանափակման արգելքի խախտում հանդիսացող հրապարակումը չվերացնելը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»: Նախարարի խոսքով՝ կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնություն: Իշխող ֆրակցիայի պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, թե որոշակի շփոթմունք կա․ «Ուզում եմ ասել, որ ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիաներ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արդեն 10 տարուց ավելի է, ինչ նախատեսված են եղել։ Ավելին, մենք այսօր 2-րդ ընթերցմամբ ներկայացնում ենք փոփոխություն, որպեսզի 500․000-ից 800․000 տուգանքը նվազեցվի 100․000-ից մինչեւ 300․000 դրամ։ Այսինքն, մենք ԶԼՄ-ի նկատմամբ որեւէ սանկցիա չենք մտցնում»։

Խոսքը լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման եւ տարածման կանոնները խախտելու համար առաջարկվող գումարի մասին է, որը մեղմացվեց երեկ: Իսկ ո՞վ պետք է ծանուցի այն մասին, որ որեւէ հրապարակում հանդիսանում է խախտում ու պետք է հեռացվի լրատվամիջոցից․ մեր հարցին ԼՀԿ-ական պատգամավոր  Տարոն Սիմոնյանն ասաց, որ պարետատան որոշման մասին ծանուցումները կարող են ուղարկվել ինչպես պարետատան, այնպես էլ ոստիկանության միջոցով, ընդ որում՝ ծանուցումը պատշաճ է համարվում, եթե այն արվել է ցանկացած պաշտոնական հասցեով, այդ թվում՝ էլեկտրոնային հասցեներով եւ հեռախոսահամարներով: Հետաքրքրվեցինք, թե օրենքով դա սահմանվա՞ծ է։ Սիմոնյանը պատասխանեց, թե պարտադիր չէ, որ ամեն ինչ օրենքում գրվի: Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

ՀԳ․ Թեեւ արտակարգ դրության ռեժիմը չի տարածվում ԱԺ գործունեության վրա, եւ սահմանադիր մարմինները շարունակում են բնականոն աշխատանքը, սակայն արտահերթին ներկա 117 պատգամավորները չէին պահպանել անվտանգության կանոնները՝ առանց դիմակների էին, ոչ էլ սոցիալական հեռավորությունը․ միայն Գեւորգ Գորգիսյանն էր դիմակով: