«Հրապարակ». Միքայելյաններն իրենց մոտիկներին անգործ չեն թողնում

«Հրապարակ». Միքայելյաններն իրենց մոտիկներին անգործ չեն թողնում

Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը նոր օգնականներ ունի: Մեկը Միքայելյանների խնամի Զարիկ Վարդանյանն է` քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի նախկին պետը: «Համայնքային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածը սահմանում է. «Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, համայնքի ղեկավարի որոշմամբ, ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը»:

Քանի որ Զարիկ Վարդանյանն արդեն 66 տարեկան է, եւ Վարդանյանին իր պաշտոնին թողնելն օրենքի խախտում կլիներ, համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը որոշել է իր խնամուն անգործ չթողնել, հիմա էլ իրեն օգնական է նշանակել, իսկ մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի պատասխանատու է նշանակել Արմեն Այվազյանին: Ի դեպ, Զարիկ Վարդանյանի մի որդին՝ Միքայելյանների փեսա Վասակ Վարդանյանը, Կոտայքի մարզպետի օգնականն է: Մյուս որդին` Վռամ Վարդանյանը, «Հրազդանքաղլույս» ՀՈԱԿ-ի տնօրենն է: Իհարկե, համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնը հայեցողական է, եւ քաղաքապետն ինքն է որոշում, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, բայց խնամի-ծանոթ-բարեկամով կառավարելն այս մարզում սովորական բան է: Սեւակ Միքայելյանի մյուս օգնականը Սեւակ Սաֆարյանն է` քաղաքապետի տեղակալ Վարուժան Սաֆարյանի որդին, ով սերտ կապեր ունի Միքայելյանների ընտանիքի հետ:

Այն, որ իշխանության եկած ամեն պաշտոնյա իր հետ բերում է նաեւ խնամի-ծանոթ-բարեկամներին, մեզ համար նոր երեւույթ չէ: Այս քրոնիկ հիվանդությամբ տառապում են մեր բոլոր իշխանությունները` նախահեղափոխականից մինչեւ հեղափոխական: Հասարակ քաղաքացիները հույս ունեին, որ այս շղթան կկտրվի 2018 թվականից հետո, ավաղ` ապարդյուն: Փոխվեցին միայն տերերն ու դերերը:

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի խոսնակ Արամայիս Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները։ «Հա, ունեն կապեր: Վարդանյան Զարիկը ոնց որ թե ունի խնամիական կապեր, այո: Սեւակ Սաֆարյանը բարեկամ չէ, քաղաքապետի օգնականի որդին է»,- ասաց նա: