Չարբախում նոր անեծք է ծնվել՝ մնաս 54-ի կանգառում

Չարբախում նոր անեծք է ծնվել՝ մնաս 54-ի կանգառում

Ըստ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Հայկ Սարգսյանի՝ տրանսպորտային շարժակազմի բարեփոխման երրորդ փուլում ենք, երբ ներկրված տրանսպորտային միջոցները դուրս են գալիս երթուղի։ Քաղաքապետարանը հույս ունի, որ մինչեւ տարեվերջ 200 նոր ավտոբուս կբերի, 100 հատ էլ՝ տրոլեյբուս։ Բայց ինչքան ավելի հավակնոտ են դառնում քաղաքապետարանի ծրագրերը, այնքան կատաստրոֆիկ է դառնում տրանսպորտի վիճակը, որը թիվ մեկ կենցաղային խնդիրն է դարձել երեւանցու համար։ Այն երեւանցու, որը ժամանակին ընտրեց Փաշինյանին, քանի որ գաղտնիք չէ, որ Փաշինյանին ընտրել է տրանսպորտի ժողովուրդը՝ կանգառներում սպասող, մի կերպ տուն հասնող, որը հավատաց նոր, իրավական, դեմոկրատական հրաշք-պետության գաղափարին։ Հեղափոխության առաջին իսկ օրից տրանսպորտի ժողովրդի վիճակը սահուն սկսեց գահավիժել դեպի անհայտություն։

2017-ին Կենտրոնից ծայրամաս ուղեւորվող երեւանցու` տուն հասնելու հույսը մարում էր 23.30-ից հետո։ 2018-ի ապրիլից արդեն՝ 23.00-ից հետո, հետո` 22.00-ից, իսկ այսօր արդեն 21.30-ից տուն կարելի է հասնել միայն տաքսիով։ Սա՝ այն դեպքում, երբ քաղաքապետարանը տրանսպորտի բարեփոխումների ծրագրեր է իրագործում` նոր ավտոբուսներ է բերում, երթուղիներ մշակում՝ մեկը մյուսից վատ։ Մի քանի օրինակ միայն։

Քանաքեռ-Զեյթուն համայնքում քաղաքապետարանը 2021 թ. դեկտեմբերի 12-ից հանեց 99 համարի երթուղային միկրոավտոբուսը՝ այն փոխարինելով նոր ավտոբուսներով, որից հետո այդ տարածքի բնակիչները սկսեցին երթեւեկել տաքսիներով։ Քանաքեռում նախկինում մի քանի երթուղային էր գործում՝ 40, 96, 45 համարները, 32 համարի ավտոբուսը։ Բոլորը հանել են։ Շուրջ մեկ տարի առաջ հանեցին նաեւ 10 համարի երթուղայինը՝ այն փոխարինելով 16 համարի ավտոբուսով, որը, սակայն, այլ գիծ ունի՝ շրջանցում է Ծարավ Աղբյուրի փողոցը։

Այստեղից Մաշտոցի պողոտա կարելի է հասնել միայն մեկ՝ 38 համարի ավտոբուսով, որը մինչեւ Ջրաշեն թաղամաս է հասնում, բայց շատ վատ է աշխատում՝ կես ժամը մեկ։ Քաղաքապետարանը խոստանում էր, որ13 միավոր մեքենա է սպասարկելու այն, սակայն տպավորություն է, որ ընդամենը 3 ավտոբուս է գնում-գալիս՝ կես ժամը մեկ։ Ապրիլի 2-ից քաղաքապետարանը վերացրեց նաեւ 20 համարի երթուղին, որը նախկինում պատկանում էր Տարոն Մարգարյանին։ 20 համարը երկար տրաեկտորիա ուներ՝ Աղի հանքից Երրորդ մասի հրապարակ եւ 5 րոպեն մեկ էր աշխատում։ Դրա եւ 10 համարի փոխարեն, որը նույնպես Նժդեհի հրապարակ էր հասնում, ապրիլից 10, 21 եւ 20 համարի երթուղայիններին փոխարինել են 16 եւ 30 համարի ավտոբուսները, որոնք հազվադեպ են երեւում կանգառներում, թեեւ քաղաքապետարանը խոստանում էր, որ գիծը 10-12 մեքենա է սպասարկելու։

 «Մեր բնակչությունը սովորեց, որ իր տան դիմացից կարող է նստել-գնալ մի քանի ուղղություններով։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում այդպես չէ»,- ասել է Հայկ Սարգսյանն ասուլիսում։ Փաստորեն, մեղավոր է ուղեւորը, որ բողոքում է։ «Մենք «գազելները» փոխում ենք ավտոբուսներով։ Նույն քանակությամբ, որքան եղել են «գազելները», ավտոբուսներ բերել եւ շահագործել նույն երթուղիներով, իրատեսական չէ»,- ասել է տրանսպորտի վարչության պետի ԺՊ-ն։
Իսկ ի՞նչ է ասելու Շենգավիթի բնակիչներին, զինվորական հավաքակայան տանող խաչմերուկում բնակվողներին, որոնց սպասարկող «գազելները» վերացրել է՝ տեղը ոչինչ չդնելով։ Ժամանակին այստեղ 3-4 երթուղիներ էին հասնում. 67-ը՝ Հարավարեւմտյան թաղամասից, 39-ը՝ Կոմիտասից։ Այս 2 երթուղին փոխվել է։ Դրանք, հասնելով Շարուրի խաչմերուկ, փոխում են ուղղությունը․ հավաքակայան ոչ մի երթուղային չի հասնում։ Նոր ավտոբուսներ չեն ավելացել, բնակիչը մնացել է 54 համարի ավտոբուսի հույսին, որը Մաշտոցի պողոտայով հասնում է Ավան եւ հին երթուղիներից է` հին կարմիր ավտոբուսներով։ Այս հատվածի բնակիչները երեսառած չեն եւ կարող էին դրանով բավարարվել, բայց այն աշխատում է ժամը մեկ, եւ սպասել 54 համարին՝ առնվազն ժամանակի աննպատակ վատնում է։ Ի դեպ, Չարբախում նոր անեծք է ծնվել՝ մնաս 54-ի կանգառում։ Սահուն կերպով այս կողմերից անհետացավ նաեւ 41-րդ երթուղին, որով կարելի էր քաղաքի կենտրոնից մինչեւ Զեյթուն հասնել։

Իսկ քաղաքապետարանի պաշտոնյաները, ովքեր ի վիճակի չեն գոնե ավտոբուսների աշխատելու ինտերվալը կարգավորել, շարունակ խոսում են նոր շարժակազմի ու նոր մրցույթների մասին։ Խոսք, որը երեւանցու իրականության հետ կապ չունի, այլ փաստում է, որ նրանք վաղուց ծառայողական մեքենաներից դուրս չեն եկել։