Կառավարությունից չեն կարողանում պատասխանել մի պարզ հարցի

Կառավարությունից չեն կարողանում պատասխանել մի պարզ հարցի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրենք ունեն Բագրատաշենում կուտակված մեքենաներ, և այդ կուտակումները պայմանավորված են Վրաստանի Մառնեուլիի շրջանում հայտարարված կարանտինի հետ։ Ավինյանը նաև նշեց, որ այսօր Հայաստանի վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև պետք է հեռախոսազրույց տեղի ունենար, որպեսզի հասկանան՝ ինչպես են խնդրին լուծում տալիս։ Նշենք, որ Բագրատաշենում քանի օր է՝ հարյուրավոր բեռնատարներ են կանգնած սպասում, նրանց քանակն այնքան շատ է, որ արդեն մոտ 10 կմ-անոց հերթ է գոյացել։

Մենք երեկվանից փորձում ենք կառավարության համապատասխան գերատեսչություններից ճշտել՝ ի՞նչ վիճակ է Բագրատաշենում, ինչո՞ւ չեն թողնում գոնե Վրաստան՝ ոչ Վրաստանով Ռուսաստան մեկնող մեքենաները հատեն սահմանը և, առհասարակ, ի՞նչ լուծում են տալու այս խնդրին։ Սակայն մեզ այդպես էլ որևէ գերատեսչությունից սպառիչ պատասխան չտվեցին։ ՊԵԿ-ից երկու օր է փորձում են այս հարցի պատասխանն ստանալ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանից, որ փոխանցեն մեզ, սակայն, չգիտես ինչու, դա չի հաջողվում իրենց, վարչապետի խոսնակն էլ այսօր այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց, որ իմանայինք՝ խոսե՞ց Նիկոլ Փաշինյանը Վրաստանի իր պաշտոնակցի հետ, թե՞ ոչ։ վարչապետի պաշտոնական կայքում, համենայնդեպս, մինչ այս պահը նման տեղեկատվություն զետեղված չէ։

Զանգահարեցինք նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի ենթակայության ներքո է գտնվում նաև տրանսպորտի ոլորտը։ Նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանն էլ ճշտելուց հետո վերադարձավ և տվեց ընդամենը այս պատասխանը, որից դժվար է որևէ հստակ բան առանձնացնել, թե ինչ են անում իրենք այս հարցի լուծման ուղղությամբ։
«Բոլոր շահագրգիռ մարմինները զբաղվում են այս ուղղությամբ, ավել բան չունենք ասելու»,-ասաց նախարարի խոսնակը։

Հարցին՝ իրենց նախարարությունն այդ շահագրգիռ մարմինների մեջ մտնո՞ւմ է, թե՞, ոչ, խոսնակն ասաց, որ այս պահին այլ ինֆորմացիա չի կարող տրամադրել, միայն նշեց, որ այնտեղ՝ Վրաստանում, կարանտինային վիճակ է, դրա համար որոշակի խոչընդոտներ են առաջացել։

Փաստորեն, երեկ փոխվաչապետի մակարդակով հայտարարվում է, որ այսօր երկու երկրների վարչապետները պետք է հեռախոսազրույց ունենան, և արդեն օրն ավարտվում է, ու հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Մյուս կողմից՝ մի ամբողջ կառավարություն՝ իր «շահագրգիռ մարմիններով» չի կարողանում պատասխանել մեր հնչեցրած պարզ հարցին, որ մենք էլ հոդվածի տեսքով փոխանցենք հերթի մեջ մնացած վարորդներին, որ նրանք որևէ տեղեկատվություն ստանան՝ դեռ քանի օր են կանգնած մնալու։