Մարտի 1-ից երեւանյան փողոցների խցանումները կավելանան

Մարտի 1-ից երեւանյան փողոցների խցանումները կավելանան

Այո, կավելանան, որովհետեւ Երեւանի փոխքաղաքապետը խոստացել է այդ օրվանից սկսած՝ ավելացնել ավտոբուսների քանակը: Այն էլ ոչ թե փոքր կամ միջին չափեր ունեցող, այլ մեծածավալ՝ 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսների հաշվին: Հիանալի է, իհարկե, որ մեր իշխանությունները վերջապես, երբ մոտենում են մայրաքաղաքային ընտրությունները, հիշեցին երեւանցիներին ամենից շատ հուզող, նրանց ինքնասիրությունը ստորացնող, մեր երկրի իմիջը խայտառակող քաղաքային տրանսպորտի պրոբլեմի մասին: Որը դեռեւս նախորդ ընտրություններից առաջ նրանք խոստացել էին լուծել: Հիմա էլ խոստանում են եվրոպական սպասարկում՝ բարեկարգ կանգառասրահներ, չվացուցակներ, հատուկ սարքեր, որոնց միջոցով քաղաքացիները կիմանան, թե քանի րոպե հետո կժամանի իրենց ուզած ավտոբուսը: Լուծել կանգառասրահների հարցը՝ գուցե կարողանան, բայց ճշգրիտ չվացուցակների եւ օգտակար տեղեկատվություն մատուցող սարքերինը՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե ամենուրեք խցանումներ են, չվացուցակներն ու այդ սարքերը դառնում են անիմաստ,  դառնում են ավելորդություն: Այնպիսին, ինչպիսին կլինի, ասենք, ավանակի վրա արագաչափ փակցնելը: 

Այդ խոստումներն աչքակապություն են: Որովհետեւ քանի դեռ չեն վերացվել փողոցներում խցանումների առաջացման հիմնական պատճառ հանդիսացող «կարմիր գծերը», եւ դրանց զբաղեցրած ուղիները չեն առանձնացվել ու տրամադրվել միմիայն քաղաքային տրանսպորտի երթեւեկության համար, այն չի կարող նորմալ աշխատել: Այդ գծերը զգալիորեն փոքրացնում են փողոցի թողունակությունը՝ կիսով չափ, եթե այն ունի 2, եւ մեկ երրորդով, եթե մայրուղին ունի 3 երթեւեկության գոտի:

Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՀՆԱՐԵԼ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ» 

Կարծում ենք, որ դրանք հնարել է Իլֆ եւ Պետրովի հանրահայտ ստեղծագործության հերոս Օստապ Բենդերի ոմն հայկական հետեւորդ, որին քիչ է թվացել փաստաթղթերի տակ իր ստորագրությունը դնելով միլիոններ դիզելը: Ինչո՞ւ եմ կարծում, որ այդ մարդն իշխանության կարկառուն ներկայացուցիչ էր․ որովհետեւ եթե նա չլիներ այդպիսին, չէր կարողանա այդ անհեթեթությունն օրենքի տեսքով անցկացնել խորհրդարանով: Իսկ Ազգային ժողովի մեր պատգամավորներն ավելի կարգապահ են, քան բանակի զինվորներն ու սպաները: Երբ «վերեւից» օրենքի նախագծի տեսքով առաջարկ է գալիս, հաստատում եւ օրենքի ուժ են տալիս դրան, որքան էլ այն անհեթեթ եւ վնասակար լինի: Մինչդեռ այդ «կարմիր գծերը» հակասում են եվրոպական մեծ քաղաքներում կիրառվող քաղաքականությանն ու միջոցառումներին, որոնք քաղաքի կենտրոնում կայանելը դարձնում են թանկ հաճույք: Ընդ որում, ժամավճարով կայանելու իրավունք տվող սարքերը տեղակայվում են աննշան երթեւեկություն ունեցող փոքր փողոցներում, այլ ոչ թե գլխավոր մայրուղիներում:

Մերոնք արեցին հակառակը, դեռ մի բան էլ ավելին: Որովհետեւ Եվրոպայում, ասենք, Փարիզում, մեծ եւ էժան կայանատեղիներ ստեղծում են քաղաքի արվարձաններում: Այն տեղերում, որտեղ շրջաններից եկող մայրուղիները մտնում են քաղաք: Որպեսզի դրսից եկողները, խուսափելով ավելորդ ծախսերից ու դժվարություններից, իրենց մեքենաները թողնեն այդտեղ եւ շարունակեն իրենց ճանապարհը քաղաքային տրանսպորտով: Իսկ Հայաստանում հակառակն է՝ Երեւանի կենտրոնում չբնակվողները եւ այլ բնակավայրերից եկածները ոչ միայն կարող են ժամերով աննպատակ երթեւեկել մայրաքաղաքի կենտրոնով՝ ապականելով օդը, այլեւ օրերով իրենց մեքենաներն այնտեղ … կայանել՝ վճարելով ընդամենը 12 հազար դրամ՝ մեկ տարվա համար: Եվ դա արվում է այն պատճառով, որ երեւանցիների կյանքը խցանումների դժոխք դարձրած այդ գծերն ապահովում են մեծ շահույթներ:  Ենթադրվում է, որ դա արվում է չինովնիկների եւ բիզնեսմենների հարմարության համար, որոնց գրասենյակներն ու առեւտրային օբյեկտները գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում ու Արաբկիր վարչական շրջանի «որոշ հատվածներում»: 
Ի դեպ, Սովետմիության օրոք, երբ ավտոմեքենաների թիվն այսօրվա համեմատ մի քանի անգամ փոքր էր, Երեւանի կենտրոնի բանուկ փողոցներում մեքենաների կայանումը պատժվում էր տուգանքով: Եվ միայն ուղեւորներին իջեցնելու համար էր վարորդներին տրվում կարճատեւ կանգնելու իրավունք:

ԻՆՉ ԿՏԱ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ» ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ  ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՒՂԻՆԵՐՈՎ

«Կարմիր գծերի» վերացման դեպքում եւ դրանց փոխարեն տրանսպորտի համար առանձնացված ճանապարհագոտիներ ստեղծելու պարագայում հնարավոր կլինի գոնե ավտոբուսներին, տրոլեյբուսներին եւ երթուղային տաքսիներին զերծ պահել խցանումներից: Միայն այդ դեպքում հնարավոր կդառնա կազմել իրական, այլ ոչ թե միայն թղթի վրա գրված չվացուցակներ: Տրանսպորտի գալուստի մասին հուշող սարքերն էլ չեն դառնա անիմաստ: Միաժամանակ, հնարավոր կլինի լուծել նաեւ հեծանվորդների, էլեկտրական սամոկատներ եւ սկուտերներ քշողների հարցը, որոնք, առաքիչների թվի բազմակի ավելացմանը զուգընթաց, ավելի ու ավելի անտանելի դարձող տեռորի են ենթարկում մայթերով քայլող քաղաքացիներին՝ վտանգելով վերջինների կյանքն ու առողջությունը: Դրա համար ավտոբուսների համար նախատեսված ուղիների մայթերին կից նեղլիկ մի մասով կթույլատրվի երթեւեկել նաեւ հեծանվորդներին ու էլեկտրասամոկատ քշողներին:  
Հասկանալով, որ քաղաքային տրանսպորտի օգնությամբ երթեւեկելն ավելի ձեռնտու է, արագ եւ ոչ պակաս հարմարավետ, քան սեփական մեքենայով կամ տաքսիով գնալ-գալը, մարդիկ կհրաժարվեն վերջիններից, եւ փողոցները կբեռնաթափվեն: Մինչդեռ այսօր բազմաթիվ են այն մեքենաները, որոնք տեղափոխում են միայն վարորդին կամ վարորդին ու մեկ ուղեւորի:  

Ըմբռնումով ենք մոտենում հայկական օստապբենդերների՝ հեշտությամբ, առանց մատը մատին խփելու հարստություն դիզելու ցանկությանը: Հասկանում ենք նաեւ մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված պետական հիմնարկների եւ շքեղ խանութների ղեկավարների ցանկությունը՝ իրենց շենքերի առջեւ ունենալ պադավատների եւ այցելուների համար նախատեսված չափազանց էժան ավտոկայանատեղիներ: Բայց մայրաքաղաքի՝ ավտոմեքենա չունեցող հարյուր հազարավոր քաղաքացիների շահն ավելի կարեւոր է: Եվ եթե իշխանությունները ցանկանում են վերընտրվել, պետք է վերացնեն հայկական օստապբենդերների հնարած այդ անհեթեթությունը՝ փոփոխություններ կատարելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում, որը ժողովուրդն անվանում է կարմիր գծերի մասին օրենք: Մարտի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի այդ գծերը պետք է վերացվեն, փոխարենը՝ Երեւանի արվարձաններում պետք է ստեղծվեն բացօթյա կայանատեղիներ: Իսկ անհատական կայանատեղիների եւ քաղաքապետարանի բյուջեն լցնելու հարցերը կարելի է լուծել այնպես, ինչպես դա արվում է քաղաքակիրթ երկրներում: Այնտեղ դա արվում է ժամավճարով գործող անհատական կայանատեղի ապահովող սարքերի միջոցով, որոնք տեղադրվում են քիչ երթեւեկություն ունեցող փոքր փողոցներում:

ՀԳ. Արդեն երկրորդ հոդվածն եմ տպագրում այս թեմայով, եւ նախորդի շնորհիվ «սառույցը շարժվել է»: Երեւանի քաղաքապետի ամենահավանական թեկնածու Տիգրան Ավինյանը տարին ամփոփող իր ասուլիսի ժամանակ ասաց, որ տրանսպորտային բարեփոխումների շարքը նախատեսում է նաեւ ավտոբուսների համար առանձնացված գծեր: Բայց ոչ թե հիմա, այլ՝ «ինչ-որ մի փուլում»:  
Մի քանի տարի պադավատներով երթեւեկող եւ քաղաքային տրանսպորտով երթեւեկելու «հաճույքը» մոռացած պարոն Ավինյանին եւ մյուսներին ցանկանում ենք հուշել, որ եթե մայրաքաղաքապետի մեկ այլ թեկնածու խոստանա, որ վերը նշված գաղափարը կյանքի կկոչի ոչ թե անորոշ ապագայում, այլ հենց հիմա, չի բացառվում, որ տրանսպորտային տեռորից ու ստորացումից զզված երեւանցիներն իրենց ձայները տան հենց նրան: Հետագայում նույնպես՝ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեները տան այն կուսակցությանը, որը կխոստանա շուտափույթ փոխել շարքային երեւանցիների համար չարաբաստիկ դարձած, բայց հայկական օստապբենդերների համար ոսկու անձրեւ ապահոված կարմիր գծերի մասին օրենքը:

Գրիգոր Էմին-Տերյան