Ինչպե՞ս և ինչո՞ւ է նախկին դատավորը լքել Հայաստանը

Ինչպե՞ս և ինչո՞ւ է նախկին դատավորը լքել Հայաստանը

Հոկտեմբերի 27-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նա մեղադրանքն առաջադրվելու օրը եւեթ կարողացել է լքել Հայաստանի Հանրապետությունը։ Բայց այս պատմությունն ուշագրավ ու չպարզաբանված էլեմենտներ ունի։ Մասնավորապես այն, որ օդանավակայանում Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել, բայց, այնուամենայնիվ, նրան հաջողվել է հեռանալ Հայաստանից։

Ոստիկանությունից չեն մանրամասնում, թե ինչպես է նախկին դատավորը լքել երկիրը, շեշտում են՝ նշված դեպքով քննություն է կատարվում։ Ամեն դեպքում, ապօրինի զենք-զինամթերքի մասով Ուզունյանին մեղադրանք չի առաջադրվել։ Չի բացառվում, որ փամփուշտը «պատահաբար» է հայտնվել նրա ուղեբեռում՝ օդանավակայանի աշխատակիցների «ջանքերով»՝ նրա մեկնումն արգելելու նպատակով։ Լուրեր կան, որ սահմանային անցակետերում ցուցակներ կան, թե ում չի կարելի թողնել, որ հեռանան Հայաստանից, թեեւ այդ անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցված չեն։

Մեր տեղեկություններով, Ուզունյանի անհետանալու մեղքն իշխանությունը բարդում է ոստիկանության վրա, որը պետք է վերահսկեր նրա քայլերը՝ օպերատիվ աշխատանք կատարեր, սակայն «իր պարտականություններում թերացել է»։

Դեռ որոշ ժամանակ առաջ նախկին դատավորի քրեական գործի եւ այլ մանրամասների վերաբերյալ դատախազությունը գրավոր դիմում է ներկայացրել գործի վարույթն իրականացնող մարմնին, այս դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությանը, եւ օպերատիվ մարմնին՝ ոստիկանությանը։ Ապա միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, քանի որ նախկին դատավորն էլ անձեռնմխելի է համարվում, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում կարելի է իրականացնել միայն ԲԴԽ թույլտվությամբ։ ԲԴԽ-ն դատախազության միջնորդությունը բավարարել է դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ որոշումն ուղարկվել է ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման եւ քննարկման միջեւ ընկած ժամանակահատվածում էլ Ուզունյանն անցել է ՀՀ պետական սահմանը, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել:

Պատասխանատո՞ւ է արդյոք սրա համար ոստիկանությունը․ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է․ «Ով ինչ չափով է պատասխանատու, եւ ինչ հանգամանքներում է տվյալ անձին հաջողվել հատել ՀՀ տարածքը, հուսով եմ՝ կպարզվի համապատասխան միջոցների ձեռնարկման շրջանակներում, ինչի կապակցությամբ, ինչպես արդեն նշել ենք, տրվել է միջոցներ ձեռնարկելու հանձնարարություն»։ «Զվարթնոց» օդանավակայանում էլ ասում են՝ Ուզունյանին պահելու գործը մերը չէր, այլ՝ ոստիկանությանը, իրենցից պետք է ճշտել, թե ինչու այդպես եղավ։

Ըստ օդանավակայանի՝ հասարակության հետ վարչության կապերի պետ Սաթենիկ Հովհաննիսյանի, ուղեբեռում փամփուշտը հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կազմվել է ակտ, փամփուշտը փոխանցվել է ոստիկանությանը։ Ըստ ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին 2004 թվականի N 994 որոշման, փամփուշտն ուղեբեռում արգելված իր է համարվում։

Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ Ուզունյանն այս գործով նախկինում հրավիրվե՞լ է հարցաքննության։ «Ուզունյանը չի կանչվել հարցաքննության, քանի որ այդ դեպքում կանչվելու էր մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ արդեն պետք է քրեական հետապնդում հարուցված լիներ, որը կարող է հարուցվել միայն գլխավոր դատախազի կողմից եւ ԲԴԽ-ի համաձայնությամբ»։

Հիշեցնենք․ դեկտեմբերի 21-ին տեղեկություն տարածվեց, որ Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք։ Ունենալով մտահոգություն, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաեւ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել էր միջնորդություններ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար։ Մենք տեղեկացանք նաեւ, որ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել՝ պարզելու, թե ով է Ուզունյանի՝ երկրից հեռանալու համար պատասխանատուն։