«Հրապարակ»․ Սարսափեցնող վիճակագրություն

«Հրապարակ»․ Սարսափեցնող վիճակագրություն

Բացի սահմանին ադրբեջանական կրակոցների մասին չդադարող լուրերից, հայկական լրահոսում անպակաս են հրազենով հարցեր լուծելու, վենդետաների ու դանակահարությունների մասին աղմկոտ պատմությունները։ Դրանցից հերթականն օրեր առաջ ցնցեց հասարակությանը։ Ապրիլի 20-ին 16-ամյա տղա սպանվեց։ Պարզվում է՝ տղայի սպանության պատճառը եղել է անչափահասների միջեւ ծագած վեճը՝ Ֆեյսբուքում աղջկա լուսանկարի տակ արված մեկնաբանության համար։ Նման ողբերգական ավարտով մի դեպք էլ Սպիտակում էր տեղի ունեցել։ Մարտի 18-ին 17-ամյա տղան դանակահարվել ու սպանվել էր 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու համար։

Ապրիլի 21-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասում, որն ավարտվել էր դանակահարությամբ։ Երեւանի կենտրոնում՝ Բուզանդ-Մաշտոց փողոցների խաչմերուկում ապրիլի 14-ին հնչած կրակոցից մեկ անձ էր տուժել։ Ապրիլի 13-ին Երեւանի «Անկախ մայլա» թաղամասում կրակել էին՝ վիրավորն անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ։ «Դվին» հյուրանոցային համալիրում ապրիլի 10-ին հնչած կրակոցներից, բարեբախտաբար, տուժող չէր եղել։ Քրեական քրոնիկոնի այս ցանկն ընդամենը վերջին մի քանի օրվա պատկերն է ներկայացնում եւ ամբողջական չէ։ 

Միայն պաշտոնական՝ Գլխավոր դատախազության տվյալներով, 2024 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք, որը 2023 թվականի համեմատ 1.1%-ով պակաս է։ Բայց աճել են առանձնապես ծանր հանցագործությունները՝ 25.1%-ով։ Ցուցանիշը, ինչ խոսք, աննախադեպ է, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարում է, թե անհաշտ պայքար է մղվում քրեական ենթամշակույթի դեմ, եւ այդ շրջանակում ու անսպառ էներգիայով կառավարության նիստերին քննարկում ու հումորներ է անում, թե ինչպես են հայ ընտանիքներում երեխաներին հայհոյել սովորեցնում։ 

«Այո, մենք ամեն օր տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել հերթական ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը, որն ավարտվել է կա՛մ մահով, կա՛մ այլ ծանր հետեւանքով։ Պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ մահվան ելքով հանցագործությունները շատ հաճախ ուղեկցվում են հրազենի գործադրմամբ, ինչն իսկապես մտահոգիչ է։ 2024-ին, 2023-ի համեմատ, հանցագործությունների նվազման շատ փոքր՝ 1,1 տոկոս է արձանագրվել, խոսքը վերաբերում է ընդամենը 434 դեպքի, թե ինչ կլինի արդեն 2025 թվականին, կտեսնենք, բայց այս չորս ամիսներին արդեն այնքան լուրեր ենք լսել՝ մահվան ելքով վեճերի մասին, որ կարող ենք եզրակացնել, որ հաջորդ տարի, երբ կամփոփվեն 2025 թվականի թվերը, պատկերը հուսադրող չի լինելու։ Բայց այս 1,1 տոկոս նվազման հետ մեկտեղ պետք է նշել, որ հանցագործությունների թիվը հսկայական է՝ 40 հազար 232 դեպք, ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 25,1 տոկոսով կամ 422-ով, իսկ սպանություններն առանձնապես ծանր հանցագործությունների թվին են դասվում։ Սա սարսափելի թիվ է, եթե մենք նայում ենք մահվան ելքով հանցագործությունների վիճակագրությունը, ստացվում է, որ, միջինում, շաբաթական եղել է մեկ մահ։ Սա ահռելի, սարսափելի թիվ է եւ իրականում շատ լուրջ խորքային խնդիր»,- «Հրապարակ»-ին ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված հանցավորության իրավիճակին։

Պատգամավորն ասում է՝ մենք երկու զուգահեռ իրականության մեջ ենք ապրում․ մի իրականության մեջ օրվա իշխանությունը խոսում է իրավական պետության, ապօրինի գույքի դեմ տարվող պայքարի, դրա շրջանակներում տարբեր մարդկանց գետնին «փռելու», անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու մասին, իսկ զուգահեռ իրականության մեջ տեղի են ունենում սահմռկեցուցիչ հանցագործություններ՝ սպանություններ, ինքնասպանություններ, մահվան ելքով ավտովթարներ։ Վարդանյանի խոսքով՝ սրանք անտեսանելի թելերով կապված զուգահեռ իրականություններ են․ «Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանում ձեւավորվել է բարոյալքված հանրային մթնոլորտ, ինչը չի կարող չունենալ իր սարսափելի հետեւանքները։ Չի կարող իր սարսափելի հետեւանքը չունենալ այսօր վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հռետորաբանությունը։ Որքան էլ նա փորձում է իրավական պետության իմիտացիա ստեղծել, իր հռետորաբանությունը չի կարող հասարակության վրա բացասական ազդեցություն չունենալ։ Ստացվում է մի վիճակ, որ մենք մի կողմից ունենք իրավական ռեպրեսիաներ, որոնք տեղի են ունենում քաղաքական հակառակորդների եւ կարծիք արտահայտողների նկատմամբ, մյուս կողմից՝ ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացում, ինչն էլ բերում է իմ կողմից նշված սահմռկեցուցիչ հանցագործություններին։ Մեր հասարակության մեջ ինչ-որ բան սխալ է գնում, ու եթե չհասկանանք դրա ակունքները, հետեւանքները ողբերգական են լինելու»։

Պատգամավորն ընդգծում է՝ այս մթնոլորտում ազդեցություն ունի նաեւ իրավապահ համակարգը, որի հիմնական գործառույթն այսօր հանցավորության դեմ պայքարի փոխարեն դարձել է ռեպրեսիա իրականացնելը, տարբեր ակցիաների ժամանակ հանրության նկատմամբ բռնություն գործադրելը։ «Տեսեք, 2024-ի ընթացքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշն ընդամենը 22,1 տոկոս է եղել։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ խոսքը վերաբերում է 40 հազար 232 հանցագործություններին, եւ այս մեծ թվերի պարագայում ընդամենը 22,1 տոկոս բացահայտում ունենք։ Սա խոսում է այն մասին, որ իրավապահ համակարգը համարժեք չի կարողանում արձագանքել իրավիճակին»,- բացատրում է պատգամավորը՝ շեշտելով, որ, այս պատկերին զուգահեռ, իրավապահ համակարգի նկատմամբ վստահության մեծ դեֆիցիտ կա, որքան էլ տարբեր զեկույցներով իշխանությունը փորձի համոզել, թե հասարակությունը վստահում է իրավապահներին, ոստիկանությանը։

«Մարդիկ տեսնում են, թե, օրինակ, ոստիկանության աշխատակիցները որքան լպիրշ կարող են իրենց պահել հասարակության նկատմամբ, եւ պարեկի հայտնի գործողությունները դրա վառ ապացույցն են, երբ քաղաքացուն մեքենայից քարշ են տալիս՝ այն պարագայում, երբ դրա համար բոլորովին այլ իրավական ընթացակարգեր կան։ Մարդիկ չեն վստահում համակարգին նաեւ այն պատճառով, որ տեղի են ունենում բազմաթիվ հանցագործություններ, որոնք ծանր կամ առանձնապես ծանր չեն, բայց դրանց հետ կապված որեւէ բացահայտում տեղի չի ունենում։ Խոսքը վերաբերում է, օրինակ, մեքենաներից տարբեր պահեստամասերի հափշտակություններին, երբ տուժած քաղաքացիներին ոստիկանությունից ասում են՝ այնքան շատ են դեպքերը, որ որեւէ բան անել չենք կարող։ Խոսքը վերաբերում է նաեւ թմրամիջոցների տարածմանը, մենք տեսնում ենք, թե ինչ տարածում են գտել թմրամիջոցները, թե ինչպիսի առեւտուր է տեղի ունենում բոլորի աչքի առջեւ, սակայն թմրամիջոցների ապօրինի տարածումը կանխելու ուղղությամբ կրկին իրավապահ համակարգը որեւէ բան չի կարողանում անել»,- ահազանգում է Էլինար Վարդանյանը։

Իսկ ստեղծված իրավիճակի պատճառը, մեր զրուցակցի համոզմամբ, այն է, որ իրավապահ համակարգը լծված է քաղաքական գործառույթներ իրականացնելուն։ Ինչ վերաբերում է հատկապես անչափահասների շրջանում հանցագործությունների աճին ու հաշվեհարդարներին, ըստ պատգամավորի, երբ բռնության վերաբերյալ հայտարարություններն իշխանության եւ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները, այդ թվում՝ վարչապետն է անում, բարձր ամբիոններից, հասարակությունն այդ կոչերն իրենն է դարձնում, եւ, բնականաբար, առաջինն այդ ազդեցությանը տրվում են դեռահասները կամ երիտասարդները։
«Սա է պատճառը, որ մենք տեսնում ենք՝ ամենածանր հանցագործությունները կատարվում են նրանց կողմից։ Բնականաբար, հանրային այս մթնոլորտն ինքնըստինքյան չի ձեւավորվում, երբ վարչապետը հայտարարում է ասֆալտին փռելու կամ մուրճով հարցեր լուծելու մասին, հասարակությունն այդ կոչերն իր սեփականն է դարձնում, եւ որքան էլ այս իշխանությունը խոսում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, իրենք են իրենց գործունեությամբ ստեղծել անհանդուրժողականության եւ ամենաթողության այս մթնոլորտը»,- եզրափակում է Էլինար Վարդանյանը։