Ստեղծված միջավայրի քաղաքական պատասխանատվությունը մեկ անձի է պատկանում՝ Նիկոլ Փաշինյանին

Ստեղծված միջավայրի քաղաքական պատասխանատվությունը մեկ անձի է պատկանում՝ Նիկոլ Փաշինյանին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության 19-ամյա անդամի երեկվա ֆեյսբուքյան մի հրապարակումը մի կարճ ժամանակով ցրեց Հրայր Թովմասյանի՝ վարչապետին նվիրած գրիչի թեման։ Հենրիկ Հարթենյան անունով ավագանու անդամը, հիշեցնենք, ֆեյսբուքի իր էջի «սթորի» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով մի աղջկա ֆեյսբուքյան էջի նկարն ու գրել․ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»:

Ավելի ուշ, իհարկե, պարզվեց, որ ոչ թե Հրայր Թովմասյանի, այլ նրա եղբոր դստեր ֆեյսբուքյան էջն է, սակայն ում էջն էլ լիներ՝ ակնհայտ էր, որ ավագանու իմքայլական անդամը փորձել էր թիրախավորել Թովմասյանի հարազատին, ինչն էլ արժանացավ հասարակության, քաղաքական ուժերի սուր քննադատությանը։ Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով իրենց գործընկերոջ պահվածքը և մերժելով ատելության խոսքի և անհանդուրժողականության տարածումը, մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելու երևույթը։

Այս պահին նրանք  քաղաքապետարանում նիստ են անում և, ըստ երևույթին, կպատժեն Հենրիկ Հարթենյանին, որը, որպես ավագանու անդամ, մինչ այժմ որևէ օգտակար գործով աչքի չէր ընկել և հայտնի դարձավ, փաստորեն, «հերոստրատությամբ»։ Թեպետ՝ կարծես թե 19-ամյա իմքայլականն ավելի շատ զոհ դարձավ իշխող թիմի կողմից, քանզի, եթե նրա փոխարեն քիչ թե շատ ազդեցիկ, իրենից որևէ բան ներկայացնող մեկը լիներ, իմքայլականները հազիվ թե նրան այդպես հեշտությամբ «ժերտվա» տային։

Օրինակ՝ այն, որ նույն Նիկոլ Փաշինյանն ինքն է պարբերաբար իր ելույթներում ատելություն ու անհանդուրժողականություն քարոզում ընդդիմադիրների նկատմամբ, դա ՔՊ-ում որևէ մեկը չի ընդունում և բարձրաձայնում, որևէ անգամ Փաշինյանի հարցը չի դրվել իրենց նիստերում քննարկման ու դատապարտվել, բայց 19-ամյա անհայտ մի ՔՊ-ականի արարքը հիանալի առիթ է՝ սեփական կուսակցին քարկոծելու, նրան հրապարակավ «կախաղան հանելու» և այդպիսով դեմոկրատիայի և հավասարության իմիտացիա ստեղծելու։ Ի վեջո, Հարթենյանը ինչ տեսել է իր ղեկավարությոնից, այն էլ սովորել է, եթե հակառակը տեսներ, գուցե հակառակն աներ։ Հենրիկ Հարթենյանի արարքը առաջինը դատապարտեցին Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները, այդ թվում՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Բնականաբար, դա ավագանու անդամի կողմից ատելություն հրահրելու փորձ էր, որը ես գնահատեցի բարոյական սահմաններից դուրս, որովհետև վերաբերում էր Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին»։

Ըստ Խաժակյանի՝ ավագաու անդամի այդ քայլը դրսևորումն է այն երևույթի, որը տիրում է մեր երկրում, և դա դրսևորումն է իրենց ներքին ընդհանուր տեսակետների, պարզապես Հարթենյանն էր, որ «առաջինը սայթաքեց»։

«Ի վերջո, մենք հիշում ենք, որ եղել են համանման դեպքեր, երբ Hayeli.am-ին էին թիրախավորել, որոշակի գործողություն արել Hayeli.am-ի նկատմամբ, որը Հրայր Թովմասյանի քրոջն էր վերաբերում, ուստի ես կարծում եմ՝ սա իշխող մեծամասնության կողմից հնարավոր բոլոր ձևերով ներազդեցություն ունենալու մթնոլորտն է։ Հիմա Հենրիկ Հարթենյանը սահմանը, չափը չգնահատեց, անցավ, բայց դրանից ընդհանուր իրենց տրամադրվածությունների ներկապնակը չի փոխվում»,-ասաց Դավիթ Խաժակյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է գումարել ու որոշել է, թերևս, պատժել իր անդամին, Խաժակյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ Հենրիկ Հարթենյանը պետք է արդեն ավագանու մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած լիներ։ Դա կլինի իրենց խմբակցության որոշմամբ, թե իր անձնական որոշմամբ, միանշանակ է, որ դա է լինելու միակ համարժեք քայլը, որովհետև այն էջը, որը տարածվել էր, այնտեղ արդեն ֆեյքերի կողմից առկա էին հայհոյանքներ, ուստի նա, ըստ էության, ատելությունն արդեն իսկ հրահրել է, որը ես չեմ բացառում, որ կարող է և իրավական հետևանք ունենալ»։

Հարցին՝ միայն դա բավարա՞ր է, թե՞ քաղաքական ավելի բարձր մակարդակով արձագանք է պետք, Խաժակյանը նկատեց, որ իր կարծիքով՝ այս ստեղծված միջավայրի քաղաքական բեռը և պատասխանատվությունը մեկ անձի է պատկանում, որն այդ ամբողջ գործընթացը սկսել և հիմա էլ շարունակում է։

«Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, որի հրահանգով իրավապահ մարմինները Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն են իրականացնում, նրա նկատմամբ հրապարակայնորեն ատելություն է գեներացվում, և ինքն էլ (նկատի ունի Հարթենյանին` խմբ․) որոշեց իր փայ քայլն անել և ճնշման դոզան մեծացնել, որովհետև յուրաքանչյուրիս համար մեր ընտանիքի անդամների անձեռնմխելիությունն ամենակարևոր հանգամանքներից է։ Հիմա մի դեպքում իրավապահները, իմ գնահատմամբ, ոչ համաչափ խուզարկություն իրականացրին՝ որոշակի ճնշող գործիք դարձնելով դա, հիմա նույնն էլ Հարթենյանն անում է հանրային հարթակում՝ փորձելով թիրախավորել Թովմասյանի ընտանիքի անդամներին»,-եզրափակեց Դավիթ Խաժակյանը։