Հայտագրման գործընթացը վերածվել է մարաթոնյան վազքի

Հայտագրման գործընթացը վերածվել է մարաթոնյան վազքի

2021-22 ուսումնական տարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Հայտագրումն այս տարի տեղի է ունեցել 3 փուլով։ Վերջին փուլում, որի մեկնարկը տրվել է հունիսի 11-ին, առաջին դասարանցիների առցանց հայտագրման գործընթացը տեղի է ունեցել պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն: 

Բայց առցանց համակարգը, գործարկման պահից սկսած, խնդիրներ է առաջացրել, հաշված վայրկյաններ անց շատ դպրոցներում արդեն սպառվել են տեղերը։ Արդյունքում՝ համակարգի ծանրաբեռնվածության պատճառով ծնողներից շատերն իրենց երեխաներին չեն հասցրել գրանցել իրենց տարածաշրջանում տեղակայված դպրոցներում։ 

Ավելին՝ եղել են նաեւ այնպիսի իրավիճակներ, երբ ծրագրային վրիպակի պատճառով որոշ երեխաներ պատահաբար ռուսական դասարանում են գրանցվել, իսկ դրա դիմաց ծնողներին ընդամենը խորհուրդ է տրվել՝ սպասել, ոնց էլ լինի, մեկը կփոշմանի ու հայտը կչեղարկի, որից հետո նոր հնարավորություն կունենան հայտագրվելու իրենց շանսը փորձել:  

«9:00-ին արդեն հնարավոր չէր լրացնել, հաղորդագրություն են ուղարկում, որ համակարգը ծանրաբեռնված է, ու երեխան չի ընդունվում: Իսկ դպրոցը, որտեղ երեխաս պետք է ընդունվեր, տնից 30 մ է հեռու, բայց հիմա երեխաս պետք է գնա քաղաքի մյուս ծայրը` հիմար համակարգի պատճառով»,- մեզ փոխանցեց ծնողներից մեկը: 

Ծնողներից շատերի պնդմամբ՝ այս մոտեցմամբ ոտնահարվում է կրթություն ստանալու երեխայի իրավունքը։ Ստացվում է՝ երեխան կարող է դուրս մնալ կրթական պրոցեսից, եթե վայրկյանների ընթացքում չի հասցրել գրանցվել մոտակա դպրոցում, իսկ եթե ծնողն էլ հնարավորություն չունի երեխային ավելի հեռու դպրոց տանելու, ապա կրթություն ստանալը դառնում է թանկ հաճույք։