Դեմ եմ, պայքարելու եմ

Դեմ եմ, պայքարելու եմ

Միմյանց մերժելու, անխնա ոչնչացնելու մթնոլորտը մինչեւ չփոխվի, մեր երկրում ոչ մի լավ բան չի լինի։ Այո, կարելի է եւ պետք է պահանջել երկրի կառավարումը ձախողած իշխանությունների հրաժարականը, բայց ես դեմ եմ եւ անձամբ պայքարելու եմ սեւ ծաղկեպսակներ ու դագաղներ դնելու, իշխանությունը կորցնելուց հետո դատելու, նստեցնելու, պատժելու կոչերի դեմ։ Պայքարելու եմ հաշվեհարդարի կոչերի դեմ՝ մենք բարբարոսական ու հետամնաց ցեղ չենք, որ պատի տակ մարդկանց գնդակահարենք։ Եվ գնդակահարության տեսարաններ բեմականացնենք։

Կարելի է քննադատել այս իշխանությունների քաղաքականությունն ու կատարած քայլերը, սարկազմ կիրառել, անգամ ծաղրել, ներկայացնել դրանց սնանկությունն ու վնասակարությունը, բայց մարդու անձը, նրա ֆիզիկական արատները, նրա արտաքինը ծաղրել, հեգնել, խոցել չի կարելի։ Կարելի է քննարկել ու քննադատել, անգամ անարգանքի սյունին գամել քաղաքական գործիչների ցինիզմը, անամոթությունը, հայրենիքի հանդեպ անտարբերությունը, բայց նրանց խոսքը նենգափոխել եւ մանիպուլացնել, ասվածի ետեւում չեղած բաներ փնտրել, չասածի ու չարածի համար խարազանել եւ ոհմակով հարձակվել նրանց վրա չի կարելի։

Կարելի է մերժել վարչապետին, բայց չի կարելի նրա որդու հագուստը օրեր շարունակ դարձնել համընդհանուր քննարկման ու զավեշտի առարկա։ Ո՜ւր էր թե նրանց ամենամեծ թերությունը լիներ Աշոտիկի հագուստը։ Եվ առհասարակ՝ եթե քաղաքական գործչի ընտանիքի անդամները չեն խառնվում քաղաքականությանը, ազդեցություն չունեն իրենց ամուսնու կամ հոր գործողությունների վրա, բունկերներում հրահանգներ չեն տալիս եւ գեներալներին ռազմի դաշտից չեն վռնդում, պետք է պաշտպանված լինեն հանրային քննադատություններից։ Ոչ ոք պատասխանատվություն չպետք է կրի իր մերձավորի քայլերի համար։