Հայաստանյան ընդդիմությանն այսօր անհրաժեշտ են քաղաքական բանաձևեր ու ձևակերպումներ. Հակոբ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության կողմից այս օրերին անցկացվող բողոքի ցույցերի և գործողությունների շուրջ զրուցեցինք Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ:
- Պարոն Հակոբյան այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը անցկացնում է բողոքի գործողություններ, միաժամանակ ընդդիմադիր ուժերն ու շրջանակները հայտարարել են, որ կիրագործվեն ապակենտրոն գործողություններ ու կգնան ցանցային պայքարի: Ի՞նչ կասեք ՀՀ ընդդիմության կողմից այսօր իրականացվող գործողությունների վերաբերյալ և արյո՞ք դրանք որևէ արդյունք կտան:
- Այս օրերին հայաստանյան ընդիմության կողմից ընտրված մեթոդաբանությունը, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո երբևէ չի կիրառվել: Կարծես թե ընդդիմադիրներն ընդունում են մեկ ուժի, կամ մեկ անձի շուրջ հավաքվելու անհնարինությունը, և դիմել են նման ցանցային գործողությունների: Սակայն, կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերի կողմից արված քաղաքական ձևակերպումները դեռ կաղում են: Ավելի կոնկրետ չկան քաղաքական ձևակերպումներ, քաղաքական բանաձևեր: Ուստի անհրաժեշտ են քաղաքական ձևակերպումներ, որոնք բնականաբար, կարող են կոնսոլիդացնել երիտասարդներին, ուսանողներին, մտավորականներին: Բայց որպեսզի շարժման քաղաքական բովանդակությունը որոշակի ներքաղաքական տեքստ ստանա, պետք են նաև քաղաքական բանաձևեր, որն ընկալելի և հասկանալի կլինեն հանրության համար:
Իհարկե՝ գլխավոր պահանջը հասկանալի է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, սակայն այդ գլխավոր պահանջին հասնելու համար նաև քաղաքական ձևակերպումներ են պետք: Փորձը ցույց է տալիս, որ եթե քաղաքական բանաձև ու ձևակերպումներ չլինի, ապա իրավիճակը մաշեցման պրոցեսի կհանգեցնի, քանզի ցանկացած շարժում ուժեղ է ոչ միայն ցանցային գործողություններով, այլև՝ քաղաքական բանաձևերով, որպեսզի այդ գործողությունները կարողանան երկար ծրագրվել: Ընդդիմությունը միևնույն ժամանակ պետք է լավ գիտակցի, որ ներկայիս իշխանությունը, ցավոք սրտի, ադեկվատ չէ: Առերես թվում է, թե իշխանությանը ուժեղ է, ունի երկաթյա մանդատ, հաղթել է բոլորին ու հանրությանը, ու ինչ-որ «նախկիններ» պարզապես աթոռ են պահանջում ու այս մանիպուլիացիան ակտիվորեն գործածվում է իշխանությունների կողմից՝ հանրության մոլորության մեջ գցելու համար: Որպեսզի լայն հանրությունը չտրվի ՀՀ իշխանությունների կողմից տարածվող այս մանիպուլյացիային հայաստանյան ընդդիմությանն այսօր անհրաժեշտ են քաղաքական բանաձևեր ու ձևակերպումներ:
- Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ քաղաքական բանաձևեր են այսօր անհրաժեշտ հայաստանյան ընդդիմությանը:
- Քաղաքական բանաձևը պետք է ներառի նաև լուծումներ։ Օրինակ՝ հաճախակի հնչվող ձևակերպումը՝ մենք չենք պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում, հասկանալի է, բայց այդ դեպքում պետք է նաև հստակեցվի, թե ինչ պատկերացում ունենք այդ կարևորագույն հարցում, ինչ լուծումներ ենք առաջարկում հանրությանը։ Կամ մեկ այլ հարց, արդյո՞ք մենք դեմ ենք սուպերվարչապետական ռեժիմին, եթե այո, ապա ի՞նչ ենք առաջարկում, ասենք՝ կարելի է առաջարկել սահմանադրությամբ սահմանարձակել, որպեսզի որևէ քաղաքական ուժի 40%-ից ավել ներկայացվածություն ունենա Ազգային Ժողովում և այսպես շարունակ։
Վահե Հարությունյան
Ստեփանակերտ
Կարծիքներ