ԱԱԾ աշխատակիցը քաղաքացու «գլխին սարքել» է

ԱԱԾ աշխատակիցը քաղաքացու «գլխին սարքել» է

Աշխարհի քաղաքակիրթ երկրներում ուժային կառույցների աշխատողները դրական օրինակ են հասարակության համար, և միայն նրանց ներկայությունը հանրային տարբեր վայրերում վստահություն ու հարգանք են առաջացնում մարդկանց մոտ: Հայաստանն այս իմաստով ևս զիջում է քաղաքակիրթ աշխարհին: Մեզանում ուժային կառույցի աշխատակից, հատկապես` պաշտոնյա լինելը ասոցացվում է «հաբրգելու», «բեզպրեդել» հաստատելու հետ: Թեպետ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ամբիոնից բղավում էր, որ Հայաստանում բոլոր տեսակի արատավոր երևույթները վերացնելու է և հավասարություն է հաստատելու, սակայն ոչ միայն չկարողացավ պայքարել այդ բարքերի դեմ, այլև` խրախուսեց դրանք, ծաղկեցրեց խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոններ բաշխելու հին ու «բարի» ավանդույթը: Այսօր «Հրապարակի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Գագիկ Չիլինգարյանը՝ նշելով, որ ոմն Սևակ Մհերի Ֆարմանյանը, ով ԱԱԾ աշխատակից է, մի շատ տարօրինակ ու անմարդկային միջադեպի մեջ է ներքաշել իրեն. «Երեկոյան աշխատավայրից դուրս եկանք, ավտոմեքենան աննշան կպավ հետևի ավտոմեքենային, այնքան աննշան, որ անգամ մեկ քերծվածք, հետք չմնաց, հավանաբար համարների հատվածին էր կպել ընդամենը, որովհետև ավտոմեքենան ընդհանրապես չվնասվեց:  Այնուամենայնիվ, որպեսզի տգեղ բան չստացվի, հեռախոսահամար ենք թողնում մեքենայի վրա ու գնում: Այդ ընթացքում փորձեցինք գտնել մեքենայի տիրոջը, բայց չստացվեց: Հաջորդ օրը առավոտյան զանգ ենք ստանում, թե հենց հիմա եկեք «Տոյոտայի» սերվիս, ավտոմեքենայի համար ինչ թիվ ասեմ, պիտի փակվեք: Բացատրում ենք, որ մեքենան չենք վնասել, հետևաբար ոչ մի տեղ էլ չենք գնալու: Շատ կոպիտ ձևով ասում է` դեռ չգիտեք ում մեքենային եք խփել, ես ԱԱԾ աշխատող եմ, ձեր համար պրոբլեմներ կլինի, եթե հենց հիմա չգաք: Սպառնում է, որ մեզ վրա գործեր կկարեն և այլն: Վիճաբանության մեջ է մտնում մեզ հետ, զանգում ԱՊՊԱ և հայտարարում. «Դե կտեսնեք ոնց ա լինելու, անց ասեմ տենց ա լինելու»: Ակնհայտ, բացահայտ կերպով մեր կողքից զանգահարում է, ներկայանում, թե ով է և թելադրում, թե ինչ գրեն: Հետո առանձնացավ պարեկների հետ, նրանց հետ էլ խոսեց: Այսօր եկել է փորձաքննության պատասխանը, պարզվում է` մենք ջարդել ենք նրա մեքենայի չորս «ֆառերը», այն դեպքում, երբ այդ չորսն էլ արդեն տեղում են: Այս ամենից հետո դիմում ենք հետքաբանական փորձաքննության, 65 հազար դրամ վճարում ենք կատարում, որպեսզի փորձաքննություն լինի: Այսինքն` ով ինչ թելադրի, եթե ԱԱԾ աշխատակից է, գրում են: 2000 դրամանոց հարցը դարձրին 156 հազար դրամ, և այստեղ խնդիրը գումարը չէ, հարցը այլ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Մենք փորձեցինք Ազգային անվտանգության ծառայությունից ևս մեկնաբանություն ստանալ, պարզելու համար, ո՞վ է Սևակ Մհերի Ֆարմանյանը, ո՞ր բաժնում է աշխատում, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: