Աննա Վարդապետյանը շրջանցել է օրենքը, որ իր տեղակալը մրցույթին չմասնակցի

Աննա Վարդապետյանը շրջանցել է օրենքը, որ իր տեղակալը մրցույթին չմասնակցի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ կոլեգիայի անդամներին է ներկայացրել դատախազի տեղակալի իր թեկնածուին՝ Արթուր Պողոսյանին։ Վարդապետյանը, ներկայացնելով Պողոսյանին, ասել է․ «Այսօր յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է: Պարոն Պողոսյան, ես ուրախ եմ, որ դուք վերադառնում եք Դատախազություն: Վստահաբար, դուք այն մարդկանցից եք, ում հետ միասին ես այդ խրամատը ուղիղ և փոխաբերական իմաստներով պատրաստ եմ պահել: Ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ: Ուրախ եմ, որ ձեր նշանակման փաստաթղթի տակ դրված կլինի իմ ստորագրությունը»։ Պողոսյանն արդեն իսկ նշանակվել է։ Նա նշանակվել է գլխավոր դատախազի կողմից առանց մրցույթի։

«Դատախազության մասին օրենքի» 36-րդ հոդվածի 3-րդ մասը, որին Վարդապետյանը հղում է արել Պողոսյանին նշանակելիս, ասում է․ «Եթե գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն զբաղեցնում է դատախազի պաշտոն, ապա նա, գլխավոր դատախազի կողմից, խորհրդակցելով դատախազության կոլեգիայի հետ, կարող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ՝ առանց սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվող մրցույթի»։ Բանն այն է, սակայն, որ վերջին պաշտոնը, որը Արթուր Պողոսյանը զբաղեցրել է, եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը, այսինքն՝ նա դատախազի պաշտոն չի զբաղեցրել, ուստի պիտի մրցույթի մասնակցեր։

Արթուր Պողոսյանի՝ դատախազությունում զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը, ըստ նրա հայտարարագրի, եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնը լքել է 2020 թվականին, և նույն թվականի մայիսի 15-ին նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, իր խոսքում էլ Վարդապետյանը բարի վերադարձ է մաղթել Պողոսյանին։ Այստեղից հետևում է, որ եթե պահպանվեր օրենքը, ապա Պողոսյանը պետք է մրցույթի մասնակցեր, եւ եթե մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունենար՝ հաղթեր մրցույթը, ապա միայն նոր նշանակվեր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, սակայն Վարդապետյանը որոշել է մանևրել ու շրջանցել օրենքը, նա Արթուր Պողոսյանին սեպտեմբերի 29-ին նշանակել է զինդատախազի տեղակալի պաշտոնում, ապա 1 օր հետո ազատել է այդ պաշտոնից ու նշանակել գլխավոր դատախազի տեղակալ՝ այն դեպքում, երբ զինդատախազի պաշտոնը թափուր է և այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարված։

Չգիտես ինչու տիկին Վարդապետյանը չի ցանկացել, որ իր տեղակալը մրցութային կարգով ընտրվի։ Թեեւ այս մրցույթները, բոլորին է հայտնի, որ հիմնականում ձեւական են՝ նախօրոք որոշված թեկնածուին անցկացնելու համար։ Հարց է առաջանում՝ եթե Արթուր Պողոսյանը, ինչպես Վարդապետյանն է նշել, առաջնակարգ մասնագետ է, ապա ինչո՞ւ մրցույթին չի մասնակցել, իսկ եթե նա առաջնակարգ մասնագետ չէ և մրցույթը հաղթելու շանսեր չուներ, ապա ինչու է Վարդապետյանն այդքան ցանկացել, որ Պողոսյանը իր տեղակալը դառնա եւ այդպիսի շռայլ խոսքեր ասում՝ նրա նշանակման կապակցությամբ։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում օրենքը շրջանցելու պնդումը համարեց ոչ ճիշտ՝ պարզաբանելով, որ մինչ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվելը Արթուր Շահենի Պողոսյանը մասնակցել է դատախազների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող փակ մրցույթի, ընդգրկվել է դատախազների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում և 2022թ. սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ

զինվորական դատախազի տեղակալ: Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու օրվա դրությամբ Արթուր Պողոսյանը հանդիսացել է դատախազ, որի պայմաններում, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը, խորհրդակցելով ՀՀ դատախազության կոլեգիայի հետ, վերջինիս առանց սահմանված կարգով անցկացված մրցույթի նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: